Ադրբեջանական իշխանություններն արժանացել են ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչի խիստ քննադատությանը: Միյատովիչն Ալիևի վարչակազմին կոչ է արել դադարեցնել հետապնդումները ազատ մամուլի և քաղաքական ակտիվիստների նկատմամբ:
Միյատովիչը խիստ քննադատել է ադրբեջանցի հայտնի բլոգեր Մեհման Հուսեյնովին երեկ Բաքվի օդանավակայանում ձերբակալելու և նրան մի քանի ժամ ֆիզիկապես ազատությունից զրկելու փաստը: Ադրբեջանի Լրագրողների ազատության ինստիտուտի ներկայացուցիչ Հուսեյնովը երեկ պատրաստվում էր Բաքվից մեկնել Թբիլիսի, երբ իրավապահները հայտարարեցին, որ բլոգերն իրավունք չունի առանց քննիչին տեղեկացնելու երկրից դուրս գալ: Հուսեյնովը ներգրավված է երկու տարի առաջ հարուցված քրեական գործում, իրավապահները դեռ չեն հաստատել, որ Հուսեյնովը իսկապես խուլիգանություն է կատարել՝ երկու տարի առաջ, ընդդիմության հանրահավաքի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախման ժամանակ:
Երեկ նրան ազատ են արձակել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների վարչությունում հարցաքննելուց հետո: Ազատ արձակվելուց հետո Հուսեյնովը պատմել է, որ խնդիրն առաջացել է այն պահից, երբ ստուգել են անձնագիրը:
Իսկ հետո, ըստ բլոգերի, համակարգչով ստուգել են և տեսել, որ ինքն իրավունք չունի համապատասխան փաստաթղթի բացակայության պայմաններում լքել երկիրը:
Դունյա Միյատովիչը հայտարարել է.- «Գործնականում բոլոր անկախ լրատվամիջոցները և լրագրողական կազմակերպությունները հետևողականորեն հալածվում են, հետապնդվում են տարբեր՝ շատ հաճախ անհիմն և մտահոգիչ մեղադրանքներով»:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչն իր հայտարարության մեջ նշել է նաև «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության աշխատակից Խադիջա Իսմալիլովայի հետ կապված հետապնդումների մասին։ Նա ավելի վաղ նույնպես հանդիպել էր իրավապահների խոչընդոտներին, երբ փորձել էր մեկնել օդանավակայանից:
«Ես կրկնում եմ Ադրբեջանի պաշտոնյաներին ուղղված իմ կոչը՝ վերջ դնել ազատ մամուլի նկատմամբ այս թշնամական վերաբերմունքին»,- ասել է Միյատովիչը։