Ադրբեջանում առաջադեմ հայացքներով հայտնի բլոգեր, Ադրբեջանի լրագրողների ազատության ինստիտուտի ներկայացուցիչ Մեհման Հուսեյնովն այսօր Բաքվի օդանավակայանում ձերբակալվել, մի քանի ժամից ազատ է արձակվել:
Այսպիսով ադրբեջանական իշխանությունները խափանեցին երիտասարդ Հուսեյնովի մասնակցությունը Թբիլիսիում նախատեսված Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության նախաձեռնած Հարավային Կովկասում խոսքի ազատության վերաբերյալ սեմինարին:
Ադրբեջանի իրավապահների մեկնաբանությամբ, Հուսեյնովը երկու տարի առաջ հարուցված քրեական գործով պարտավոր է ստանալ քննիչի համաձայնությունը երկրից դուրս գալու համար: Անցյալ տարի Ադրբեջանի սահմանը հատելու մասին բլոգերը տեղեկացրել էր քննիչին, սակայն, այսօրվա թռիչքի կապակցությամբ ոչ ինքը, ոչ էլ փաստաբանը, ըստ ադրբեջանական պաշտոնական աբյուրների, դա չէր արել:
Իրավապաշտպանները պնդում են, որ անձին տևական ժամանակ քննիչից կախվածության մեջ պահելը ճնշման ձև է: Հուսեյնովն արդեն երկու տարի ադրբեջանի իրավապահների ուշադրության կենտրոնում է ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների և քաղաքացիների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով:Եվ նա, ինչպես նախընտրել են ադրբեջանցի իրավապահները, քրեական գործում ներգրավվել է ոչ թե որպես ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու, այլ խուլիգանության համար հետապնդվող անձ:
Միջազգային կազմակերպություններն ու ադրբեջանցի իրավապաշտպանները խիստ քննադատում են լրագրողների, բլոգերների, հրապարակախոսների և ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդկանց նկատմամբ հետապնդումները։ Երեկ Բաքվում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Ալիևի 11-ամյա նախագահության ժամանակահատվածում հազարավոր մարդկանց նկատմամբ են կիրառվել քաղաքական հետապնդումներ։ Հանրահավաքի մասնակիցները հատուկ շեշտադրել են դավաճանության մեջ մեղադրվող Լեյլա և Արիֆ Յունուսներին ազատելու պահանջը։
Ադրբեջանի ժողովրդական ուժերի ազգային խորհրդի կիրակի օրվա հանրահավաքի ժամանակ հնչել է պահանջ՝ ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին։ Իրավապաշտպանների տվյալներով, այս պահին Ադրբեջանում քաղաքական դրդապատճառներով բանտերում է ավելի քան 100 ադրբեջանցի:
Ոստիկանությունը պնդում է, թե երեկվա հանրահավաքը մարդաշատ չի եղել, մինչդեռ ընդդիմադիրները հավաստիացնում են՝ մասնակցել է 7000 քաղաքացի։ Հանրահավաքի մասնակիցներն ընդդիմադիրներին ազատելու պահանջից բացի, անհրաժեշտ են համարում ընտրական օրենսգրքի փոփոխությունները գալիք տարի՝ նոյեմբերին նախատեսված խորհրդարանի ընտրություններին ընդառաջ։