ՀՔԾ-ն գործ է հարուցել Ալեք Ենիգոմշյանին առնչվող միջադեպի փաստով

Your browser doesn’t support HTML5

Չնայած ոստիկանության ծառայողական քննությանն ու հերքումներին՝ Հատուկ քննչական ծառայությունն այսօր քրեական գործ է հարուցել ոստիկանների կողմից Ալեք Ենիգոմշյանին փողոցի բանուկ հատվածում թողնելու դեպքի առիթով։

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, գործը հարուցվել է կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու և պաշտոնական լիազորություններն անցնելու հատկանիշներով:

Դա վկայում է անհերքելի փաստերի ու հասարակական ճնշման մասին, ասում է Նախախորհրդարան քաղաքացիական շարժման քարտուղարության անդամ Վարուժան Ավետիսյանը.- «Մենք, իհարկե, հույս չունենք, որ քննությունը բնականոն ընթացքով կլինի և կբերի այն արդյունքին, որ պետք է լինի օբյեկտիվ քննության պարագայում»։

Նախախորհրդարանը շարունակում է պնդել, որ հոկտեմբերի 19-ին Սայաթ-Նովա փողոցի Ֆրանսիական հրապարակին հարող հատվածում ոստիկանները կանգնեցրել են Ալեք Ենիգոմշյանի հարևան Վահրամ Գաբրիելյանի ավտոմեքենան, Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել մեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել:

Չնայած Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, ոստիկանները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել։ Միջադեպից հետո, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հանձնարարականով ծառայողական քննություն նշանակվեց. օրեր անց ոստիկանությունը տեսանյութով հերքեց այս մեղադրանքները: Նախախորհրդարանն էլ իր հերթին կեղծիք որակեց ոստիկանության տարածած տեսանյութը: Ալեք Ենիգոմշյանի կարծիքով միջադեպը քաղաքական ուղերձ է, նրա հետ համակարծիք է նաև Նախախորհրդարանի անդամ Վարուժան Ավետիսյանը։

«Եթե օբյեկտիվ քննություն լինի, ապա պետք է նաև որոշակիորեն քննությունը անդրադառնա ոստիկանության ծառայողական քննության ընթացքին։ Ոստիկանությունը հայտարարեց, որ ոստիկանության ծառայողները անգամ կարգապահական խախտում չեն կատարել։ Խեղկատակ տեսանյութ էր հրապարակել ոստիկանությունը և օգտվում է այն հանգամանքից, որ հակառակ կողմը չունի հեռուստատեսային լսարան, փորձում էր Ենիգոմշյանի անվան և Նախախորհրադարանի քաղաքական իմիջի հետ կապված այդպիսի մեսիջ հասարակությանը ուղարկել։ Բայց իրականությունը կարծես թե ջրի երես դուրս եկավ, այնքան անշնորհք էր արված, և փաստերն այնքան զորավոր էին, որ ստիպված էին գնալ այս ճանապարհով»,- ասաց Ավետիսյանը։

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի մասին հնարավոր կլինի կարծիք հայտնել արդյունքներից հետո միայն, «Ազատության» հետ զրույցում ասաց իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հավելելով, որ սխալ կլինի մեծ հույսեր կապել, թե գործն օբյեկտիվ կքննվի։

«Փորձը ցույց է տալիս, որ ՀՔԾ-ն, որպես կանոն, չի բացահայտում այն գործերը, որոնք հասարակական հնչեղություն են ստանում, որոնք կապված են քաղաքական գործիչների կամ Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների հետ»,- ասաց իրավապաշտպանը։

Չի բացառվում, որ քրեական գործ հարուցելով իշխանությունները գտան գործը վերջնականապես փակելու ավելի լավ ճանապարհ, քան ոստիկանության ծառայողական քննությունն էր, ասում է իրավապաշտպանը։

Ոստիկանությունից չմեկնաբանեցին ՀՔԾ-ում քրեական գործ հարուցելու փաստը՝ պատճառաբանելով, որ քննություն է ընթանում։