Մատչելիության հղումներ

Ալեք Ենիգոմշյանը «քաղաքական ուղերձ» է որակում ոստիկանության հետ միջադեպը


Ալեք Ենիգոմշյանը քաղաքական ուղերձ է որակում երեկվա միջադեպը
please wait

No media source currently available

0:00 0:03:12 0:00

«Նախախորհրդարան»-ը ներկայացնող «ԱՍԱԼԱ»-ի նախկին անդամ Ալեք Ենիգոմշյանը պատմում է, թե ինչպես են իրավապահները իրեն անպաշտպան թողնել փողոցի բանուկ մասում:

Ոստիկանապետի հանձնարարականով ծառայողական քննություն է նշանակվել նախօրեին Նախախորհրդարանի քարտուղարության անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։

Ենիգոմշյանը, սակայն, համաչափ չի համարում այս հանձնարարականը, քանի որ նրա պնդմամբ՝ տեղի է ունեցել քրեական հանցագործություն, իսկ միջադեպն էլ, նրա կարծիքով, քաղաքական ուղերձ է պարունակում։

Նախախորհրդարանը ավելի վաղ տեղեկացրել էր, որ կիրակի օրը, ժամը 19:45 սահմաններում Ենիգոմշյանը «100-ամյակը առանց ռեժիմի» իրազեկման ավտոերթի ավարտից հետո Ալեք Մանուկյան 5/5 հասցեում գտնվող Նախախորհրդարանի գրասենյակից իր հարևանի հետ միասին՝ վերջինիս ավտոմեքենայով, տուն վերադառնալիս է լինում, երբ Սայաթ-Նովա փողոցի վրա՝ Ֆրանսիայի հրապարակի հարակից հատվածում, նրանց ավտոմեքենային են մոտենում մի խումբ անձինք՝ ներկայանալով որպես Ոստիկանության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցներ:

«Նրանք Ալեք Ենիգոմշյանին կոպտորեն քաշքշելով դուրս են հանել ավտոմեքենայից, իսկ հարևանին բերման ենթարկել՝ մեքենայի հետ միասին: Չնայած այն հանգամանքին, որ Ալեք Ենիգոմշյանը մի քանի անգամ կրկնել է, որ կույր է, չի տեսնում, ոստիկանության աշխատակիցները նրան թողել են փողոցի բանուկ հատվածում և հեռացել՝ իրենց հետ տանելով հարևանին և վերջինիս ավտոմեքենան: Որոշ ժամանակ անց պատահական անցորդներ մոտեցել են Ալեք Ենիգոմշյանին և դուրս բերել փողոցի բանուկ հատվածից»,- հայտարարել էր Նախախորհրդարանը։

Այսօր «Ազատության» հետ զրույցում Ենիգոմշյանը, ով ԱՍԱԼԱ-ի նախկին անդամ է և տեսողությունը կորցրել է նռնակի պայթյունի հետևանքով, հաստատեց այս տեղեկությունը։

«Ինձ փողոցի մեջտեղում թողել էին մենակ, ինձ ինչ-որ մարդիկ ասացին, որ ես ճանապարհի մեջտեղում եմ ու ուղեկցեցին մայթ։ Եթե չլինեին այդ քաղաքացիները, չէր բացառվում, որ ավտովթարի ենթարկվեի։ Քրեական օրենսգրքով անօգնական մարդուն ինքն իրեն պաշտպանելու վիճակից զուրկ պահելը, առավել ևս մարդուն անօգնական վիճակի մեջ դնելը հանցագործություն է։ Սա իշխանությունների կողմից քաղաքական ուղերձ է, իրենք փորձում են ցույց տալ, որ եթե դուք երթ եք անում, մենք որևիցե խնդիր չենք տեսնում, սակայն իրենց միամիտ տրամաբանությամբ, խորամանկությամբ, այլ ձևերով փորձում են հարվածներ ու ուղերձներ ուղղել»,- գնահատեց Ենիգոմշյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG