Եռյակի քաղաքական օրակարգի անկյունաքարը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Այս մասին այսօր «Ազատության» հետ զրույցում փոխանցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ ընդգծելով, որ դա թույլ կտա խուսափել անձնավորված պայքարից և մայդաններից:
Ընդ որում ԲՀԿ պատգամավորը ընդգծում է՝ իրենք կգնան արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եթե իշխանությունները հրաժարվեն կատարել իրենց բոլոր պահանջները, իսկ դրանք հետևյալն են՝ հրաժարվել սահմանադրական բարեփոխումներից, կատարել 12 պահանջները և բարեփոխել Ընտրական օրենսգիրքը՝ հրաժարվելով մեծամասնական ընտրակարգից:
Մելքումյան.- Ոչ իշխանական ուժերը, առաջ քաշելով իրենց հարցադրումները իշխանության առջև, չեն կարող միասնական քաղաքական օրակարգ չունենալ։ Այսինքն երբ դու ինչ-որ բան ես ասում, դու պետք է քաղաքական օրակարգ առաջ քաշես, որը իշխանությունը հնարավոր է ընդունում է։ Այս քաղաքական օրակարգի անկյունաքարը, այո՛, արտահերթ խորհրդարանական ընտրությունն է։
«Ազատություն».- Ինչո՞ւ չգնալ միանգամից նախագահական ընտրությունների։
Մելքումյան.- Եռյակն է որոշել, որ այս փուլում ճիշտը դա է։ Պետք է այնպիսի մի ճանապարհով գնալ, որտեղ ցնցումային, բարիկադային, մայդանային իրավիճակներ չեն ստեղծվի։ Այսինքն սա կոնսենսուսային մի ձև է։ Թող գնանք, ազատ ընտրությունները տեսնենք, այսինքն անձնավորված չէ դա։ Այս առումով մենք համոզված ենք, որ այստեղ մենք հաջողություն կունենանք։ Խորհրդարանական ընտրությունների արդյունքում էլ իշխանության հարցը լուծվում է։ Պետք է չէ անձնավորված խնդիր դնել։
«Ազատություն».- Անձնավորված ասելով նկատի ունե՞ք, որ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը չդնենք։
Մելքումյան.- Տեսեք, որտե՞ղ է, որ հարցերը չեն լուծվում։ Խորհրդարանում։ Մենք ասում ենք՝ փոխենք էդ խորհրդարանի ֆորմատը։
«Ազատություն».- Բայց քաղաքական որոշումների կայացումը այսօր հիմնականում խորհրդարանում տեղի չի ունենում։
Մելքումյան.- Ճիշտ եք ասում, բայց այլ խորհրդարան ունենալու հետևանքով լուծումները հենց այդտեղ կայացվեն։ Այսինքն դու ունես ուժերի ռեալ հարաբերակցություն, դու լուծում ես հարցերը։
«Ազատություն».- Իսկ գո՞ւցե պատճառներից մեկն այն է, որ Գագիկ Ծառուկյանը չի ուզում Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել։
Մելքումյան.- Չէ, չէ, այս ամբողջ ընթացքում, ես չեմ կարծում, որ իշխանությունը դիտորդի կարգավիճակով նայելու է, թե ինչ է կատարվում։ Պետք է արձագանքի։
«Ազատություն».- Այդ խորհրդարանական ընտրությունները արտահե՞րթ եք պատկերացնում, թե՝ 2017-ին։
Մելքումյան.- Ես որևէ բան չեմ բացառում։ Եթե դեպքերը տանեն անելանելի լուծումների, եթե փակուղի ստեղծվի, ուրեմն կարող է արտահերթ ընտրություն լինի։
«Ազատություն».- Ո՞ր դեպքերում ԲՀԿ-ն, Գագիկ Ծառուկյանը կհամաձայնեն հերթական խորհրդարանական ընտրություններին և ո՞ր դեպքում կմիանան արտահերթ ընտրություններ անցկացնելու պահանջին։
Մելքումյան.- Եթե ոչ իշխանական ուժերի պահանջները՝ և 12 կետերի, և սահմանադրական բարեփոխումների կասացման, և մեծամասնական ընտրակարգի վերացման պահանջները հստակ անտեսվեն, ուրեմն եռյակը գնում է ավելի կտրուկ լուծումների։
«Ազատություն».- Կարո՞ղ ենք այսպես ձևակերպել՝ արտահերթ ընտրությունների կտրուկ պահանջ ԲՀԿ-ն այսօր չի դնում։
Մելքումյան.- Մենք ասում ենք՝ մենք ունենք պահանջներ, եթե մեր պահանջները ի սպառ անտեսվեն, մենք որևէ բան չենք բացառում։ Իսկ եթե իրենք ասում են՝ եկեք խոսենք, թե ոնց ենք անում, այդ խոսելու ընթացքում չի լինի, խոսում ես, չէ՞, որ լուծումներ գտնես։
Այսպիսով վերջին հանրահավաքից հետո, որտեղ հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը, ԲՀԿ-ն հստակեցնում է՝ այժմ եռյակի օրակարգում խորհրդարանական ընտրություններն են, իսկ թե արդյոք այդ ընտրությունները կլինեն հերթական կամ արտահերթ, կախված է իշխանությունների քայլերից։
Մինչ այս հայտարարությունը Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները պնդում էին, թե իշխանության հետ կարող են բանակցել մի հարցի շուրջ՝ ինչպես անցնցում հանձնել իշխանությունը։ Բայց ինչպես նշում է Միքայել Մելքումյանը դրանք առանձին հայտարարություններ են։ Կարևորը եռյակի միասնական դիրքորոշումն է։
«Այնպես որ ելույթները չնույնականացնենք վերջնական ընդունված որոշումների հետ։ Երեկվա իրավիճակը այլ էր, այսօր այլ է, վաղը չէ մյուս օրը կարող է այլ լինել»,- ասաց ԲՀԿ պատգամավորը։
Հավելենք, որ առայժմ հստակ չէ, թե երբ է նախատեսվում եռյակի հաջորդ հանրահավաքը։ Ի պատասխան «Ազատության» հարցի, թե դա ինչի՞ց է կախված, արդյոք ոչ իշխանական ուժերը սպասում են իշխանությունների արձագանքին, Մելքումյանն ասաց, որ առաջիկայում որոշակի գործընթացներ են տեղի ունենալու։
«Եկեք չշտապենք, մի քիչ սպասենք»,- ասաց նա։
«Նկատի՞ ունենք իշխանությունների հետ բանակցությունները»՝ «Ազատության դիտարկմանը ԲՀԿ-ի ներկայացուցիչը ծիծաղով արձագանքեց.- «Ես որևէ բան չասացի, դուք ասացիք։ Ես ասացի այն, ինչ որ ասացի։ Որոշակի գործընթացներ կլինեն, կարծում եմ, որոնք ուղղված կլինեն մեր երկրի ապագայի համար լուծումներ գտնելուն»։