«Հեղափոխությանը և իշխանափոխությանը պատրա՞ստ եք»․ - եռյակի այսօրվա հանրահավաքի կապակցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանին լրագրողներն այս հարցն ուղղեցին հինգշաբթի երեկոյան՝ իշխող Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստից առաջ: Նա հորդորեց նման «վատ բաների» չձգտել:
«Յուրաքանչյուր իշխանափոխություն վատ բան է երկրի համար: Դուք երիտասարդ եք՝ տենց բաներին խնդրում եմ մի' ձգտեք», - ասաց վարչապետը:
Արդեն նիստից հետո կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովին «Ազատություն»-ը հարցրեց՝ անդրադարձ եղե՞լ է արդյոք եռյակի սպասվող հանրահավաքին: «Եռյակի խնդիրները քննարկում է եռյակը: Մենք ունենք մեր օրակարգը և մենք առաջնորդվում ենք մեր օրակարգով», - պատասխանեց Շարմազանովը:
«Այսինքն՝ մտահոգված չեք», - այս դիտարկմանն էլ նա արձագանքեց․ - «Չէ, ինչ մտահոգված: Քաղաքական պրոցեսներ են, յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն ինքն է որոշում իր պայքարի ձևը և մեթոդը, և մենք քաղաքական բազմակարծության կողմնակից ենք»:
Ի տարբերություն ընդդիմության՝ կառավարման ճգնաժամ իշխող կուսակցությունը չի տեսնում: «Բոլոր նմանատիպ հայտարարությունները ես ընդամենը դիտարկում եմ որպես փոթորիկ մեկ բաժակ ջրում», - հայտարարեց Շարմազանովը:
«Ամեն դեպքում՝ իրենք կոնկրետ խնդիրներ են մատնանշում՝ մենաշնորհներ, աղքատություն, արտագաղթ, և այս ամենը շատ հրատապ է համարվում: Նախագահը հրատապ չի՞ համարում», - այս հարցին էլ Հանրապետականի խոսնակը հակադարձեց․ - «Ուրեմն, մենք ունենք մեր քաղաքական օրակարգը: Եթե ուսումնասիրել եք թե՛ նախագահի նախընտրական ծրագիրը, թե՛ կառավարության ծրագիրը, կարծում եմ՝ այդ հարցը մեզ չպիտի տայիք: Կառավարության ծրագրի հիմնական երկու կետերը դա աղքատության շեմի նվազումն է և արտագաղթի դեմ պայքարելը»:
Ի պատասխան դիտարկման, որ եթե այդ հարցերը լուծված լինեին, եռյակը գուցե փողոց դուրս չգար, Շարմազանովը շեշտեց․ - «Իսկ ո՞վ է ասում, որ հարցերը լուծված են: Իսկ իրենք լուծում տալի՞ս են»:
Էդուարդ Շարմազանովը նաև տեղեկացրեց, որ փոխվարչապետի և Վայոց Ձորի մարզպետի թափուր մնացած պաշտոններում թեկնածուների հարցը գործադիր մարմնի նիստում չի քննարկվել․ - «Ոչ, չի քննարկվել, կադրային որևէ հարց կուսակցության գործադիր մարմնի նիստի ընթացքում չի քննարկվել»:
Նիստում անդրադարձ է եղել ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունների շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնած եռակողմ հանդիպմանը:
«Ոչ թե քննարկել ենք, ավելի ճիշտ՝ ճշտել ենք և հստակեցրել ենք ևս մեկ անգամ մեր դիրքորոշումը Ֆրանսիայում տեղի ունենալիք Սարգսյան - Օլանդ - Ալիև հանդիպումից առաջ և ևս մեկ անգամ վերահաստատել ենք, որ Լեռնային Ղարաբաղի անկախության միջազգային ճանաչումը այլընտրանք չունի, և խնդիրը բացառապես պետք է ունենա խաղաղ լուծում», - հայտարարեց Հայաստանի իշխող կուսակցության խոսնակը: