Կյուրեղյանին բռնության ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործը կարճվել է

Your browser doesn’t support HTML5

Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ոստիկանների կողմից Հայկ Կյուրեղյանին բռնության ենթարկելու առթիվ հարուցված քրեական գործը:

Կյուրեղյանի փաստաբան Երվանդ Վարոսյանի խոսքով, կարճելով այս գործը՝ ոստիկանությունը ակնհայտորեն անհիմն որոշում է կայացրել․ - «Այդ որոշումը Հայկ Կյուրեղյանին հանձնվել է հոկտեմբերի 16-ին և, բնականաբար, օրենքով սահմանված ժամկետում այն բողոքարկվելու է: Մենք ներպետական ատյանները միանշանակ սպառելու ենք՝ օրենքով սահմանված կարգով, որպեսզի կարողանանք հարցը բարձրացնել Եվրոպական դատարանում»:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա համախոհների գործով առաջին դատական նիստի օրը 31-ամյա Հայկ Կյուրեղյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարչական շենքի դիմաց օդամղիչ ատրճանակից ոստիկանների ուղղությամբ կրակոցներ էր արձակել։ ԲԵրման ենթարկված Կյուրեղյանը հետագայում հաղորդում էր ներկայացրել Հատուկ քննչական ծառայություն, հայտնելով՝ որ և՛ բերման ենթարկվելիս, և՛ ոստիկանության բաժնում ոստիկաններն իր նկատմամբ բռնություն են գործադրել:

Ոստիկանությունում, ըստ փաստաբանի, պնդում են, թե Կյուրեղյանը մարմնական վնասվածքները ստացել է բերման ենթարկվելու ընթացքում:

Իրապաշտպան Ժաննա Ալեքսանյանը սա արժանահավատ չի համարում և ասում է, որ Կյուրեղյանի նկատմամբ ակնհայտ բռնությունը տեղի է ուցել հանրության աչքի առջև․ - «Նրան բռնի և կիսավայրենի մեթոդներով խցկում էին մեքենան, և հետո, ինչպես հայտնել էր փաստաբանը, և հայտնի էր, որ նրա վրա բռնության հետքեր կային: Եվ հիմա ոստիկանության արդարացումը, թե դրանք բռնելու հետքեր են և ոչ թե բռնության, ուղղակի զավեշտալի է»:

Կյուրեղյանի փաստաբանը Վարոսյանն ասում է, որ որոշումը, անշուշտ, անարդար է, սակայն՝ ոչ անսպասելի իր և իր պաշտպանյալի համար․ - «Անակնկալ չէ, որովհետև նմանատիպ բոլոր դեպքերում Հատուկ քննչական ծառայությունը կատարում է հետևյալը՝ հարցաքննում է հնարավոր, ենթադրյալ կասկածյալ ոստիկաններին, որոնք ժխտում են զոհի պնդումները իր նկատմամբ բռնություններ կիրառելու մասին, և Հատուկ քննչական ծառայությունը գտնում է, որ այսքանով իր անելիքը ավարտել է և կարող է եզրակացնել, որ ինքը չկարողացավ ապացուցել, որ ծեծի ենթարկված անձի պնդումները իրականությանը համապատասխանում են: Սա ընդհանուր քաղաքականություն է, և դուք չեք գտնի մեկ դեպք, որ քաղաքական կամ քաղաքացիական ակտիվություն ցուցաբերող որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրած որևէ ոստիկան որևէ կերպ պատասխանատվության ենթարկվի»: