Հիվանդանոցում կնոջ մահվան դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Քննչական կոմիտեի Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Կատարվում է նախաքննություն։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Հայաստանի քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ 2014 թվականի հոկտեմբերի 9-ին ժամը 10:00-ին Ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Հանրապետական» հիվանդանոցի գինեկոլոգիայի բաժանմունքում կին է մահացել: Քննչական բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ մահացել է Նելլի Մկրտչյանը:

Պարզվել է նաև, որ Նելլի Մկրտչյանը 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ծննդաբերել է վիրահատական ճանապարհով, իսկ սեպտեմբերի 24-ին դուրս գրվել հիվանդանոցից: Սակայն երեք օր անց՝ սեպտեմբերի 27-ին, բարձր ջերմելու պատճառով տեղափոխվել է նույն հիվանդանոց, որտեղ հոկտեմբերի 9-ին մահացել է: