Եռյակը փորձում է մշակել իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ

Your browser doesn’t support HTML5

Եռյակը փորձում է մշակել իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ

Խորհրդարանի ոչ իշխանական եռյակի նիստի ավարտին «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը փոխանցեց, որ փորձում են մշակել իշխանափոխության միասնական ճանապարհային քարտեզ:

Հակոբյանի խոսքով՝ ժողովուրդն այլևս չի սպասում խոսքերի հանրահավաքի, այլ ստույգ գործողություններ է ակնկալում։ Նա հույս հայտնեց, որ մի քանի օրում «Բարգավաճ Հայաստան»-ին, «Ժառանգության»-ը և Հայ ազգային կոնգրեսին կհաջողվի միասնական մեկ օրակարգ ձևավորել, միասնական ճանապարհային քարտեզ ներկայացնել հոկտեմբերի 24-ին կայանալիք հանրահավաքին։

«Անցյալ հանրահավաքի ժամանակ չներկայացվեց միասնական դիրքորոշում, թե ինչպես են պատկերացնում այդ ճանապարհային քարտեզը․ երեք քաղաքական ուժերի ներկայացուցիչները խոսեցին իրենց մոտեցումների մասին: Եվ երբ ասում եմ՝ միասնական պետք է լինի, ես նախևառաջ նկատի ունեմ, որ երեք քաղաքական ուժերը միասնական պետք է ներկայացնեն արդեն այն ճանապարհային քարտեզը, որով պետք է իրականացնեն իշխանափոխությունը: Այն, որ միասին բոլորս հայտարարել ենք, որ իշխանափոխության ենք գնում, խնդիր չկա այստեղ և որևէ փոփոխություն չկա: Հիմա խոսքն այն մասին է, թե ինչպես ենք գնում դրան: Մենք բոլոր դեպքերում, որպես «Ժառանգություն», գտնում ենք, որ դա ուղղակի անհրաժեշտ է, որ միասնական ճանապարհային քարտեզ ներկայացվի»:

Հարցին, թե միասնական օրակարգ չձևավորվելու դեպքում արդյոք «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին, Հակոբյանը պատասխանեց․ - «Բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին: Մենք մեզ համար նախընտրել ենք միասնական հարթակ և միասնական ծրագիր ներկայացնելը և գտնում ենք, որ դա նաև ժողովրդի ցանկությունն է և պարտադրանքը ինչ-որ տեղ: Բայց եթե միասնական ծրագիր էլ չունենք, միևնույն է, «Ժառանգություն»-ը և Րաֆֆի Հովհաննիսյանը կմասնակցի հանրահավաքին»:

Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն նշել է, որ ճանապարհային քարտեզը Գագիկ Ծառւկյանն է ներկայացնելու, և հարցին, թե արդյոք այդ քարտեզում ներառված են լինելու բոլոր քաղաքական ուժերի մոտեցումները, Հակոբյանն արձագանքեց․ - «Ճանապարհային քարտեզը բոլոր երեք քաղաքական ուժերն էլ իրավունք ունեն ներկայացնել առանձին-առանձին: Բայց ես ուրիշ խնդրի մասին եմ խոսում․ որ որևէ ճանապարհային քարտեզ միասնական պետք է ներկայացվի»:

Իսկ հարցին, թե ճանապարհային քարտեզում ընդգրվելու է արդյոք Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, «Ժառանգության» ղեկավար ներկայացուցիչը պատասխանեց․ - «Ճանապարհային քարտեզը պետք է իշխանափոխություն բերի: Ընդհանրապես լոզունգներին գերի պետք է չդառնալ, պետք է մտածել արդյունքի մասին: Եվ մեր՝ «Ժառանգության» մոտեցումն է՝ գնալ արդյունքի հետևից և ոչ թե լոզունգների: Այսինքն, խնդի՞ր է դրված իշխանափոխության՝ պետք է տեսնենք որպես արդյունք այս շարժման իշխանափոխությունը: Ի՞նչ մարտավարական քայլերով կգնանք, ի՞նչ լոզունգներով՝ առաջիկայում կհստակեցնենք»:

Իշխանափոխության կոնկրետ ժամկետների մասին, Ռուբիկ Հակոբյանի փոխանցմամբ, կխոսեն հոկտեմբերի 24-ի հանրահավաքում․ - «24-ին կլսեք: Ես չեմ կարող երեքի անունից այսօր ասել ժամանակացույց նաև»:

Իսկ հարցին, թե հաջողության հասնելու դեպքում ով կլինի երկրի նախագահի՝ երեք քաղաքական ուժերի միասնական թեկնածուն և արդյոք «Ժառանգություն»-ը պատրաստ է պաշտպանել Գագիկ Ծառուկյանի թեկնածությունը, Հակոբյանը պատասխանեց, թե իրենց կուսակցությունն ունի նախագահի իր թեկնածուն․ - «Բոլորը իրավունք ունեն խոսել իրենց թեկնածության մասին, բոլորը իրավունք ունեն ինքնառաջադրման մասին խոսել: Ես այստեղ փնովելու կամ ինչ-որ բան չեմ տեսնում: «Ժառանգություն»-ը ունի իր թեկնածուն: Եթե այսօր հարց առաջանա, բնականաբար, մենք ունենք մեր թեկնածուն»: