Դիվերսանտների գործով առաջին դատական նիստը՝ հոկտեմբերի 27-ին

Ադրբեջանցի դիվերսանտ Շահբազ Գուլիևի լուսանկարը՝ հրապարակված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարության կողմից, Ստեփանակերտ, 11-ը հուլիսի, 2014թ․

Այս տարվա հուլիսին Քարվաճառի տարածք ներխուժած և Լեռնային Ղարաբաղի իրավապահների կողմից ձերբակալված ադրբեջանցի դիվերսանտներ Շահբազ Գուլիևի և Դիլհամ Ասկերովի գործով դատավարությունը կմեկնարկի հոկտեմբերի 27-ին:

Լեռնային Ղարաբաղի Գերագույն դատարանի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Թադևոսյանի վարույթում գտնվող քրեական գործով դատական քննությունը տեղի կունենա ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ստեփանակերտի նստավայրում:

Ադրբեջանցի դիվերսանտները, հիշեցնենք, մեղադրվում են Նոր Էրքեջ գյուղի 17-ամյա բնակիչ Սմբատ Ցականյանին ու 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին սպանելու, 37-ամյա Կարինե Դավթյանին ծանր վիրավորելու համար՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու հատկանիշներով։

Դիվերսիոն խմբի երրորդ անդամը՝ Հասան Հասանովը, ձերբակալման պահին դիմադրություն էր ցույց տվել և ոչնչացվել, նրա դիակը այս ամսվա սկզբին հայկական կողմը հանձնեց Ադրբեջանին:

Հիշեցնենք՝ անցած շաբաթ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան այցի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ըստ երկրի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի, միջնորդներից պահանջել էր Հայաստանի առջև բարձրացնել երկու դիվերսանտներին շուտափույթ ազատ արձակելու հարցը: Մամեդյարովը հայտարարել էր, թե այդ հարցով դրական արդյունք են ակնկալում «մոտակա օրերին»: