Երկարատև բացակայությունից հետո Սպիտակ տանը կրկին կցուցադրվի հայկական այն գորգը, որը Միացյալ Նահանգների նախագահ Քելվին Քուլիջը նվեր էր ստացել Հայոց ցեղասպանության որբերից՝ ի նշան երախտագիտության ԱՄՆ-ի մարդասիրական օգնության համար։
Հայկական գորգը հյուսել են Մերձավոր Արևելքի ամերիկյան օգնությամբ հիմնադրված Ղազիրի որբանոցի աղջիկները։ Այն նախագահ Քուլիջին էր ներկայացվել 1925 թվականի դեկտեմբերի 4-ին, Սուրբ Ծննդյան տոների առթիվ։
«Նախագահ Օբամայի ընտրությունը հստակ է։ Եթե նախագահը ցանկանում է, որ Սպիտակ տանը հայկական գորգի ցուցադրությունը արտոնելու իր որոշումը իրական առաջադիմություն խորհրդանշի, ապա Սպիտակ տունը պետք է հստակորեն և աներկբայորեն այն կապի Հայոց ցեղասպանության անպատիժ ոճրին, որը և հանգեցրել էր գորգի ստեղծմանը», - ասել է Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը՝ հավելելով․ - «Մյուս կողմից, եթե գորգի ցուցադրությունը դիտավորյալ խուսափի գորգի էության բնութագրումից, դա կվկայի նախագահի մեկ այլ ցինիկ այլընտրանքի մասին, որը մեծապես կամրապնդի Հայոց ցեղասպանությունը հերքելու Անկարայի դիրքորոշումը»:
Կոնգրեսական Ադամ Շիֆի հայտարարության համաձայն՝ հայ որբերի գործած գորգը ցուցադրվելու է Սպիտակ տան Այցելուների կենտրոնում։ Այն կրելու է «Շնորհակալություն Միացյալ Նահանգներին․ Երեք նվեր նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության համար» խորագիրը։
Հայկական գորգից բացի, ցուցադրվելու է նախագահ Հերբերթ Հուվերին տրված «Սևրի սափորը»՝ Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայում երեխաներին կերակրելու ամերիկյան ջանքերի համար, ինչպես նաև 2010 թվականի Ճապոնիայի ավերիչ երկրաշարժից և ցունամիից տուժածներին օգնելու համար նախագահ Օբամային ներկայացված նվերը։
Սպիտակ տան ցուցահանդեսը այցելուներին է ներկայացվելու նոյեմբերի 18-23-ը։