Մատչելիության հղումներ

Ադամ Շիֆ․ Հայ որբերի գորգը կցուցադրվի Սպիտակ տանը


ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է հայ որբերի գործած գորգի վրա, 4-ը դեկտեմբերի, 1925թ․
ԱՄՆ-ի 30-րդ նախագահ Քելվին Քուլիջը կանգնած է հայ որբերի գործած գորգի վրա, 4-ը դեկտեմբերի, 1925թ․

Հայոց ցեղասպանության որբերի գործած գորգը կցուցադրվի նոյեմբերի 18-23-ը Սպիտակ տան Այցելուների կենտրոնում ներկայացվելիք ցուցահանդեսին: Այդ մասին հայտնել է ամերիկացի կոնգրեսական, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի անդամ Ադամ Շիֆը:

Հայամետ կոնգրեսականի գրասենյակի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ «Շնորհակալություն, Միացյալ Նահանգներ․ Երեք նվեր նախագահներին՝ ի նշան երախտագիտության արտերկրում ամերիկյան մեծահոգության համար» խորագրով ցուցահանդեսին ներկայացված կլինեն նաև Առաջին աշխարհամարտից հետո Ֆրանսիայի երեխաներին պարենային օգնության համար ԱՄՆ-ի նախագահ Հերբերթ Հուվերին նվիրաբերված «Սևրի սափորը» և 2010 թվականի ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո ճապոնացի ժողովրդին սատարելու համար Միացյալ Նահանգների ներկայիս նախագահ Բարաք Օբամային նվիրաբերված «Ծաղկող ճյուղը»:

Հայ որբերը «Ղազիրի գորգը» գործել են 1920 թվականին և 1925-ին նվիրաբերել Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քելվին Քուլիջին՝ ի նշան Ցեղասպանության ժամանակ ամերիկյան օգնության համար երախտագիտության: Ավելի քան 4 միլիոն հանգույց ունեցող ձեռագործ գորգի վրա «Մերձավոր Արևելքի օգնության ընկերության» Ղազիրի որբանոցի հայ սանուհիները աշխատել են 10 ամիս:

Հիշեցնենք՝ Սպիտակ տունը հրաժարվել էր թույլ տալ «Ղազիրի գորգի» ցուցադրությունը անցած տարվա դեկտեմբերին Սմիթսոնյան ինստիտուտում ծրագրված միջոցառման ժամանակ: Այս տարվա գարնանը Օբամայի վարչակազմը տեղեկացրել էր Ադամ Շիֆին և սենատոր Էդ Մարքիին, որ Սպիտակ տունը կտրամադրի հայ որբերի գործած գորգը աշնանը նախատեսված միջոցառման ժամանակ հանրային ցուցադրության համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG