Ղարաբաղի անկախությանը նվիրված միջոցառում Եվրախորհրդարանում

Your browser doesn’t support HTML5

Ղարաբաղի խորհրդարանի նախագահը վստահ է՝ Եվրամիության կենտրոնում նմանօրինակ միջոցառում առաջին, սակայն ոչ վերջին անգամ է անցկացվում:

Առաջին անգամ Եվրոպական խորհրդարանում նշվեց Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Մի քանի տասնյակ եվրոպացի և հայ հյուրեր երեքշաբթի երեկոյան մասնակցում էին ազգությամբ հույն պատգամավոր Էլենի Թեոխարուսի, հայկական դեսպանության և հայամետ կազմակերպությունների համատեղ՝ իր տեսակի մեջ առաջին այսպիսի միջոցառմանը, որտեղ Լեռնային Ղարաբաղը նշվում էր որպես Արցախ, և ոչ թե որպես հակամարտություն, այլ՝ անկախության և ազատության ձգտման պատմություն:

Եվրախորհրդարանի պատգամավոր, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի մեծ բարեկամ Էլենի Թեոխարուսը, ով պատերազմի տարիներին Ղարաբաղում է եղել որպես բժիշկ, իսկ այժմ էլ պայքարում է ինքնորոշման իրավունքի համար քաղաքական դաշտում, նախօրեին էր վերադարձել Ստեփանակերտից:

«Իհարկե, Եվրոպական միությունը ընկալվում է որպես ժողովրդավարության խորհրդանիշ, բայց մենք չենք կարող ժողովրդավարություն ներմուծել մարդկանց կյանք, ովքեր գիտեն, թե ինչ է ժողովրդավարությունը, սեփական արյամբ են վճարել իրենց ազատության և ինքնորոշման իրավունքի համար: Ես շատ ուրախ եմ, որ Արցախի հայերի ազատության պայքարին եմ մասնակցել, և պետք է ասեմ, որ այդ պայքարին մասնակցելն ինձ դարձրել է ավելի լավը», - «Ազատության» հետ զրույցում ասաց Թեոխարուսը:

Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Եվրոպական միության կենտրոնում նմանօրինակ միջոցառում առաջին, սակայն ոչ վերջին անգամ է անցկացվում:

Հարցին, թե ինչպես է գնահատում Եվրամիության դերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման հարցում, Ղուլյանը պատասխանեց. - «Երևի թե ուրիշ կերպ չի կարելի գնահատել՝ հաշվի առնելով, որ նույն եվրոպական կառույցներից ամենաազդեցիկներից մեկը՝ նույն Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը (ԵԱՀԿ), որպես հովանի կառույց զբաղվում է հենց ղարաբաղյան հիմնախնդրով, և հենց ԵԱՀԿ Մինսկի խումբն է իր աշխատանքների տակ վերցրել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորումը: Եվ բնական է, որ մյուս եվրոպական կառույցները, իհարկե՝ ոչ անմիջականորեն, բայց նաև ինչ-որ առումով կապված են նույն կարգավորման գործընթացի հետ, պարզապես պետք է ընդունել, որ մյուս կառույցների մոտ՝ թե՛ լիազորությունների հետ կապված, թե՛ իրենց հնարավորությունների, չունեն այդ ազդելու, միջամտելու բոլոր մեխանիզմները, ինչ որ այսօր ունի ԵԱՀԿ-ն»:

Բեռնար Կոլին բելգիացի պրոֆեսոր է, եզակի եվրոպացի հայագետ գիտնականներից, ով երկար տարիներ զբաղվել է հայկական պատմությամբ, գրաբարով և մեծ փորձ ու գիտելիքներ ունի Հայաստանի մասին:

«Իմ կարծիքով՝ Եվրամիության դերը կենտրոնական և գործնական պետք է լինի հակամարտության հարցում, միայն Եվրամիությունը կարող է լուրջ դեր խաղալ այնտեղ: Բոլորը սպասում են հարցի լուծման, սակայն լուծումը չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կոլին:

Նա կարծիք հայտնեց, որ «Եվրոպական միությունը առաջին հերթին պետք է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ֆրանսիայի փոխարեն հանդես գա»․ - «Եվրոպական տեսակետը ավելի ազդեցիկ կլինի, եթե այն ամբողջական ներկայացվի և ոչ թե միայն Ֆրանսիայի անունից: Երկրորդ` եթե Եվրոպական միությունը իսկապես հիմնված է ժողովրդավարության, ազատության, մարդու իրավունքների գաղաարների վրա, ապա մենք պետք է կիրառենք այս գաղափարները, արժեքները Արցախի ճանաչման հարցում: Ես կարծում եմ` Եվրամիությունը կենտրոնական դեր ունի այստեղ, բայց մինչ այժմ չի օգտագործել այդ հնարավորությունը»:

Հարցին էլ, թե ինչպես է Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ընկալում Եվրոպական միությունը, Կոլին պատասխանեց. - «Նրանք ինչ-որ բան են ակնկալում Եվրոպայից, և եթե մենք նրանց երկար ժամանակ առանց ակնկալիքների իրականացման թողնենք, նրանք կարող են հիասթափվել: Այ դա կլինի Եվրոպայի իրական ձախողումը»:

«Մեր հիմնարար սկզբունքների համաձայն՝ մենք չենք կարող հիասթափեցնել մարդկանց, ովքեր ժողովրդավարության, մարդու իրավունքների, ազատության և հավասարության են ձգտում: Նրանք մեզնից սպասումներ ունեն, մենք պետք է օգնենք իրականացնել այդ սպասումները», - հայտարարեց բելգիացի պրոֆեսորը: