ՄԻԵԴ-ի դատավորի թեկնածուների ցուցակը «չհաստատելու լուրջ հիմքեր կան»

Your browser doesn’t support HTML5

Նախագահ Սերժ Սարգսյանը հաստատեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների երեք հոգանոց ցուցակը:

Նախագահը արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին կարգադրել է ցանկն ուղարկել Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողով, որը երեք թեկնածուներից մեկին կընտրի փակ գաղտնի քվեարկությամբ:

Երևանում հոկտեմբերի 6-ից անցկացված մրցույթի արդյունքներով Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորած մրցութային հանձնաժողովը տասից ավելի թեկնածուներից ընտրեց նախկին օմբուդսմեն Արմեն Հարությունյանին, միջազգային իրավունքի մասնագետ Արայիկ Ղազարյանին և Գլխավոր դատախազության աշխատակից Նելիկ Հարությունյանին: Հանձնաժողովը վստահեցնում է, որ ընտրությունը եղել է արդար և թափանցիկ, մինչդեռ ընտրության ընթացքին հետևած «Իրավունքի Եվրոպա միավորում» կազմակերպությունը, որն ի սկզբանե ահազանգել էր մասնավորապես Արմեն Հարությունյանի օգտին հովանավորչության ռիսկերի մասին, այժմ զեկույց է պատրաստում իրենց արձանագրած խախտումների վերաբերյալ։

Կազմակերպության դիտորդ, Մարդու իրավունքների եվրոպական դատարան բազմաթիվ բողոքներ ներկայացրած իրավաբան Մուշեղ Շուշանյանը «Ազատության» հետ զրույցում կանխատեսելի էր համարում, որ նախագահ Սերժ Սարգսյանը պետք է հաստատեր հանձնաժողովի ընտրած այս երեք թեկնածուներին։

«Երևի զարմանալի է, որ ոմանք զարմանում են»,- նշեց նա։

Դիտորդական կազմակերպությունը ի սկզբանե ահազանգել էր, որ 14 թեկնածուներից 3-ի՝ Արմեն Հարությունյանի, դատավորներ Նորա Կարապետյանի և Արայիկ Մելքումյանի փաստաթղթերը գրանցվել են ժամկետի ավարտից շուրջ կես ժամ անց։ Գլխավոր դատախազից, Արդարադատության նախարարից, օմբուդսմենից և այլ բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված հանձնաժողովը, սակայն, հարցազրույցի մասնակիցների ցանկից հանեց միայն երկու դատավորներին, իսկ նախկին օմբուդսմենը մասնակցեց մրցույթին ու դարձավ հաղթողներից մեկը։

«Երկուսի մասով իրոք չկային ապացույցներ գործում, որ նրանք մինչև ժամը 18.00-ն փաթեթները հանձնել են հանձնաժողովի աշխատակազմին»,- «Ազատության» հետ զրույցում ասաց մրցութային հանձնաժողովի անդամ, փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը.- «Արմեն Հարությունյանի հարցով քննարկման ժամանակ հանձնաժողովի աշխատակազմը ներկայացրեց փաստաթղթեր, որոնցից կարելի էր հետևություն անել, որ Արմեն Հարությունյանը փաթեթը հանձնել է ամսի 23-ին, առավոտյան ժամը 10.00-ին։ Իմ տեսակետն է, որ այդ փաստաթղթերով կարելի է համարել պատշաճ»։

Մուշեղ Շուշանյանը համոզված էր, որ Նորա Կարապետյանին և Արայիկ Մելքումյանին ստիպել են հրաժարվել մրցույթին մասնակցությունից։

«.. որ տպավորություն ստեղծվի, որ իբր հանձնաժողովը արդարացիության պահանջներին համապատասխան է գործել. այս երկու հավակնորդների դեպքում իբր կասկածներ են եղել, իսկ Արմեն Հարությունյանի դեպքում ամեն ինչ եղել է պատշաճ, օրենքին համապատասխան»,- նշեց նա։

Փաստաբանը փոխանցեց, որ իրենք «աղաղակող խախտումներ» են գրանցել նաև հարցազրույցի փուլում, ինչ պատճառով կասկածի տակ են առնում մրցույթում հաղթողների ստացած բարձր միավորները։

«Մենք այդ զեկույցը և առհասարակ այս գործընթացի վերաբերյալ մեր տրամադրության տակ գտնվող բոլոր փաստաթղթերը ցանկանում ենք ուղարկել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, որպեսզի այնտեղ պատգամավորները ծանոթանան, թե ինչպես է այս ողջ գործընթացն անցել և հետևություններ անեն։ Ես կարծում եմ՝ լուրջ հիմքեր կան, որ այդ ցուցակը չի հաստատվի և հետ կուղարկվի»։

Հարցին, կա՞ նման ընթացակարգ, որ ԵԽԽՎ-ն չընտրի որևէ մեկին, Մուշեղ Շուշանյանը պատասխանեց.- «Կարող եմ ասել, որ օրինակ, Սլովակիայից ուղարկված ցուցակից որևէ մեկին ոչ միայն ԵԽԽՎ-ն չի ընտրել, այլև ցուցակում ներառված բոլոր երեք անձանց դիսկվալիֆիկացիայի է ենթարկել. այսինքն նրանք ցմահ զրկվել են այդ պաշտոնին հավակնելու իրավունքից»։

Դատավորի հավակնորդները ի սկզբանե 14-ն էին. բացի հաղթած 3 թեկնածուներից մասնակցում էին նաև փաստաբան Վահե Գրիգորյանը, Սահմանադրական դատարանի խորհրդական Եղիշե Կիրակոսյանը, մարդու իրավունքների պաշտպանության ասպարեզում մասնագիտական գործունեություն ծավալող Դավիթ Խաչատուրյանը, մի քանի դատավորներ, դատախազության աշխատակիցներ ու գիտաշխատողներ։

Այս գործընթացին որևէ մասնակցություն չունեցած փաստաբանները ձեռնպահ էին գնահատել հաղթած թեկնածուների արժանիքները, առհասարակ չէին ցանկանում խոսել այդ մասին։

«Երեք թեկնածուներին էլ ճանաչում եմ, չէի ուզենա հիմիկվանից ոչ չափից ավելի օպտիմիստական, ոչ էլ շատ հոռետեսական կանխատեսումներ անել»,- «Ազատությանը» փոխանցեց փաստաբան Հայկ Ալումյանը.- «Բայց ես կուզեի, որպեսզի նոր ընտրվող դատավորը և առհասարակ Հայաստանից գնացած անձնակազմը ավելի արդյունավետ աշխատեն, քան նախորդները, որովհետև Հայաստանի գործերն այնտեղ պարզապես ձախողվել են։ Այստեղից գնացած ոմանք Եվրոպական դատարանում իրենց զգում էին ինչպես ասենք մի հետախույզ թշնամու թիկունքում, մոտավորապես Շտիրլիցի կարգավիճակով էին իրենց էնտեղ պատկերացնում և գլխավոր առաքելությունը տեսնում էին Հայաստանից գնացած գործերը այնտեղ ձախողելու մեջ։ Այ ես չէի ուզի, որ նոր ընտրվելիք դատավորն էլ այդպիսի մի հետախույզի հոգեբանությամբ այնտեղ հայտնվեր»։