Եռյակն այսօր նիստ է հրավիրել

Եռյակի հանրահավաքը Գյումրիում, 8-ը հոկտեմբերի, 2014թ.

Ակնկալվում է հստակեցում՝ կմասնակցե՞ն վաղվա հանրահավաքին կուսակցության առաջնորդները։

Գյումրիի մարդաշատ հանրահավաքով ոչ իշխանական եռյակը երեկ ավարտեց մարզային այցելությունները: Վերջին երկու՝ թվով 7-րդ և 8-րդ հանրահավաքներին «Բարգավաճ Հայաստանը» կուսակցությունը (ԲՀԿ) միացավ գործընկերներ «Ժառանգության» և Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) սուր կոչերին՝ բաց տեքստով հայտարարելով՝ հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակ են գնալու իշխանափոխության պահանջով:

ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը երեկ գյումրեցիներին դիմելով ասաց, թե իշխանությունները պատասխան են տալու։

«Որ ասում են՝ էս իշխանափոխություն ե՞ք ուզում, բա ձեզ ասում էինք՝ ականջալուր եղեք, ձեզ ասում էինք՝ 40 տոկոսի հասավ աղքատությունը, ձեզ ասում էինք՝ արտագաղթը ճգնաժամային է, ձեզ ասում էինք՝ այլևս գալու է վերջնակետի ժամանակը։ Այսօր զարմացած են, այո՛, պահանջելու ենք. սկսել է վերջնահաշվարկ դեպի կառավարող կուսակցության ղեկավարի ու կառավարող կուսակցության իրենց պաշտոններում մնալը», - Գյումրիի հանրահավաքի ժամանակ հայտարարեց Ուրիխանյանը։

«Ժառանգություն»-ից Ռուբիկ Հակոբյանը Գյումրիի ամբիոնից անդրադարձավ իշխանափոխության հնարավոր սցենարներին, ասում էր՝ միայն Կառավարության հրաժարականը բավարար չէ, բոլորը պետք է հեռանան՝ քաղաքապետերից մինչև նախագահ։

«Եկել ենք պայմանավորվենք, որ միասին, ոչ թե ինչ-որ հայհոյանքներ տանք տարբեր պետություններին, այլ ասենք՝ մենք չունենք նորմալ ղեկավարություն։ Ամենատարբեր շահարկումներ են եղել, թե տարբեր քաղաքական ուժեր տարբեր ձև են խոսում իշխանափոխության մասին, բայց կարծեմ հիմա համոզվեցին բոլորը՝ այդ թվում նաև նրանք, ովքեր շահարկում են, որ այս երեք քաղաքական ուժերին միավորել է մեկ քաղաքական օրակարգ՝ ամբողջական իշխանափոխություն։ Եվ դա լինելու է», - ասաց Հակոբյանը։

Այսօր կեսօրին եռյակը նիստ է հրավիրել խորհրդարանում, ակնկալվում է, որ հստակ պատասխան կտրվի՝ մասնակցելո՞ւ են արդյոք վաղվա հանրահավաքին երեք կուսակցությունների առաջնորդները՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Գագիկ Ծառուկյանը և Լևոն Տեր-Պետրոսյանը: