«Ես սկսում եմ հեղափոխություն» կարգախոսով անցյալ տարվա նոյեմբերի 5-ի բողոքի ակցիայից հետո խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի պաշտպանն այսօր ճառով դիմեց ոչ թե դատավոր Մնացական Մարտիրոսյանին, այլ՝ Սերժ Սարգսյանին:
Փաստաբան Արա Զաքարյանի որակմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանը Շանթի Հարությունյանի և ընկերների գործով «քավորն» է․ - «Մեր երկրի նախագահի կողմից սույն գործի վերաբերյալ ուսանողների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությունից, այն է՝ մեր պաշտպանյալների գործողություններին իրավական գնահատական տալու և նրանց հանցագործ համարելուց հետո դիրքորոշումս չէի կարող չփոխել»:
Արա Զաքարյանի կարծիքով՝ գործի ղեկին կանգնած պաշտոնյան ապատեղեկացրել է Սերժ Սարգսյանին. - «Միաժամանակ ամենևին էլ չէի ցանկանա ռուս ժողովրդի պես հայտնվել բարեխիղճ մոլորության մեջ՝ մտածելով, որ ցարը լավն է, սակայն պարզվի, որ սույն գործով ինչ որ արվում է, արվում է նրա գիտությամբ և համաձայնությամբ: Եթե ոմանց հաջողվել է Ձեզ ապակողմնորոշել այն աստիճան, որ Դուք այլևս հետ չեք կանգնի մեր պաշտպանյալների գործողություններին տրված գնահատականներից, այն չեք փոխի, այդ դեպքում ինչ էլ ասեմ, անիմաստ է լինելու, քանզի Հայաստանի հանրապետությունում դժվար է, եթե ոչ անհնար՝ գտնել մի պաշտոնյայի, այդ թվում՝ դատավորի, ով կհամարձակվի Ձեր կամքին հակառակ գնալ»:
Այս գործով դատավճռից առաջ Կոլումբիայի համալսարանում Սերժ Սարգսյանի պնդումները պատճառ են հանդիսացել, որ Արա Զաքարյանն իր ճառում ընդգծի Շանթ Հարությունյանին հանցագործ որակումը տալու փաստը, նաև գնահատի այս պայմաններում սահմանադրական կամ օրենսդրական փոփոխությունների արդյունավետությունը․ - «Հավաստիացնում եմ ձեզ, որ ոչ մի Սահմանադրության կամ օրենսդրության փոփոխություն չի կարող դատական համակարգը դարձնել անկախ ու անկողմնակալ, եթե չդադարեն վերևից դատավորի վրա ճնշումները, իսկ դրան հասնելու համար առաջին հերթին պետք է երկրի առաջին դեմքի կամքն ու ցանկությունը: Ուստի հուսով եմ, որ սույն գործի հանգամանքներին մանրակրկիտ տեղեկանալուց հետո Ձեր հայտնած տեսակետը կփոխեք՝ դրանով իսկ հնարավորություն տալով դատարաններին գոնե այս գործով իրականացնել արդարադատություն, եթե իհարկե սույն գործը չեք համարում քաղաքական»:
Արա Զաքարյանը Սերժ Սարգսյանից պահանջեց, որ արդարացման դատավճիռ կայացվի Շանթի գործով մեղադրվող քաղաքացիների նկատմամբ:
«Թույլ մի տվեք, որպեսզի պաշտպանյալներս նախ մեղավոր ճանաչվեն և դատապարտվեն, իսկ այնուհետև պատիժ կրեն այնպիսի գործողությունների համար, որպիսիք իրավունքի և օրենքի համաձայն՝ հանցագործություն չեն համարվում: Ռեպրեսիվ միջոցները երբեք արդյունավետ չեն եղել, հակառակը, դրանք մարդկանց միայն համախմբել են: Կրկին խնդրում եմ Ձեզ հնարավորություն տվեք երրորդ իշխանությանը կայանալու և իրականում արդարադատություն իրականացնելու, քանզի առանց արդարադատության համակարգի մեր պետությունը երբեք չի դառնա ժողովրդավարական և իրավական»,- հայտարարեց պաշտպանը:
Այսօր իր դատապաշտպանից հրաժարվելու փորձ արեց Ալեք Պողոսյանը: Նա բացատրեց, որ փաստաբանը մտադիր է պաշտպանական ճառը կառուցել իրավական հիմնավորումներով, մինչդեռ, ըստ Պողոսյանի, այս գործով դրա անհրաժեշտությունը բնավ չկա:
«Ես հասկացա, որ ինքը ուզում է իրավական դաշտում պաշտպանի, բայց քանի որ քաղաքական հետապնդում է այստեղ իրականացվում, ես ուզում եմ հրաժարվել իր ծառայություններից», - ասաց Պողոսյանը:
Դատավորը պատճառաբանեց, որ Ալեք Պողոսյանին առաջադրված է ծանր մեղադրանք, ուստի անհրաժեշտ է, որ նա պաշտպան ունենա:
Այսօր պաշտպանական ճառով հանդես եկավ նաև Հայկ Հարությունյանի պաշտպանը: Հայկ Հարությունյանը, բացի խուլիգանության մեջ մեղադրվելուց, իր քաղաքական պայքարին զուգահեռ անհիմն է որակում նաև երկրորդ մեղադրանքը՝ զգալի չափով ապօրինի հոգեմետ նյութ պահելը:
Հայկ Հարությունյանի պաշտպանն իր ճառում հիշեցրեց, որ մեղադրանքի առիթ հանդիսացած շան դեղը հայտնաբերվել է քաղաքական պայքարի դուրս եկած Հարությունյանների բնակարանում՝ դեղատուփում, և դա եղել է շան դեղը՝ մնացած դեռ 1990-ական թվականներից:
«Հայկ Հարությունյանին առաջադրված մեղադրանքը ոչնչով չի առնչվում գործում առկա փաստական տվյալներին», - ասաց փաստաբանը՝ միջնորդելով Հայկ Հարությունյանին արդարացնել:
Արդարացման դատավճիռ պահանջեց նաև Սևակ Մնացականյանի և Ավետիս Ավետիսյանի պաշտպան Կարեն Քալանթարյանը:
Դատարանի բակում Շանթ Հարությունյանի աջակիցները այս գործին հետևում էին ինտերնետով: Նրանք Հարությունյանին և ընկերներին ճանապարհեցին «հերոսներ» վանկարկումներով:
Դատավարությունը կշարունակվի հոկտեմբերի 15-ին։