Շանթի գործով իշխանությունները «պատասխան են տալու»

Շանթ Հարությունյանը հերթական դատական նիստի ժամանակ, արխիվ

Անցյալ շաբաթվանից ԵԱՀԿ-ում շրջանառության մեջ դրված Civic Solidarity իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային դաշինքի փաստաթղթի Հայաստանի վերաբերյալ հատվածում տեղ է գտել Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի պնդումը, որ Հայաստանում կա 16 քաղբանտարկյալ:

Ըստ սեպտեմբերի 24-ից շրջանառության մեջ դրված փաստաթղթի` Հայաստանում կառավարությանը քննադատողները կալանավորվել են, և նրանց գործով ընթանում է դատավարություն՝ դատական գործընթացների միջազգային չափանիշների խախտումներով:

ԵԱՀԿ-ում շրջանառվող փաստաթղթի մեջ նշված է, որ Վանաձորի գրասենյակը պնդում է՝ 16 քաղաքացու նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում քաղաքական ենթատեքստով: Նրանցից մեկը Շանթ Հարությունյանն է, որը փաստաթղթում ներկայացված է որպես քաղաքական ընդդիմության առաջնորդ: Անցյալ տարվա հոկտեմբերի 31-ից նա և Ղարաբաղի պատերազմի այլ վետերաններ Երևանի Ազատության հրապարակում մի քանի օր բողոքի ակցիա են իրականացրել՝ հեղափոխության կոչեր հնչեցնելով: Իշխանությունները մեղադրում են, որ խումբը ծրագրել էր ուժով գրավել նախագահի նստավայրը։

Շրջանառվող փաստաթղթի մեջ վկայակոչված է 2013-ի նոյեմբերի 5-ին ոստիկանության և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումը:

«Շանթ Հարությունյանին մեկուսարանում ծեծել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները», - նշված է փաստաթղթում՝ հավելումով, որ այս դեպքի կապակցությամբ քրեական գործ չի հարուցվել:

Փաստաթղթի մեջ նշում կա, որ Շանթ Հարությունյանին, նրա անչափահաս որդուն և «Նոյեմբերի 5»-ի գործով մյուս մեղադրյալներին առաջադրվել է խուլիգանության հոդված, նախաքննության ժամանակ արգելվել է նրանց տեսակցել:

Փաստաթղթում նաև նկարագրված է Շանթ Հարությունյանին Նուբարաշենի հոգեբուժական կլինիկա տեղափոխելու, հոգեբուժական փորձաքննություն նշանակելու պատմությունը. կան պնդումներ, որ հոգեբուժական կլինիկայում 24-օրյա ժամանակահատվածում եղել են պատժիչ միջոցներ և հոգեբանական ճնշումների միջոցով այլակարծությունը լռեցնելու փորձեր։

Civic Solidarity իրավապաշտպան կազմակերպությունների միջազգային դաշինքի փաստաթղթում Շանթի և նրա համախոհների վերաբերյալ պարբերության հեղինակ իրավապաշտպան Արթուր Սաքունցն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Հայաստանի իշխանությունները ստիպված են լինելու պատասխան տալ նկարագրվածին։

«Շանթ Հարությունյանի և իր ընկերների գործը, որպես քաղբանտարկյալ, ևս մեկ մարմնում ամրապնդվեց որպես քաղբանտարկյալ, և Հայաստանի Հանրապետությունը, ուզած թե չուզած, հանձինս իր ներկայացուցիչների, պատասխաններ է տալու։ Պարբերաբար է լինում դա՝ պառլամենտական ասամբլեայի ժամանակ, հիմա շուտով գալու է Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը՝ հոկտեմբերի 5-8-ը, նաև նրանք կներկայացնեն», - ասաց Սաքունցը։

Իրավապաշտպանը դատապարտեց քաղաքական ուժերին, որոնք միջազգային ատյաններում Շանթ Հարությունյանի և նրա համախոհների հարցն անտեսում են։

«Ցավոք սրտի, քաղաքական ուժերը, որոնք պետք է հետամուտ լինեին և Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում այդ հարցը առնվազն երեք նստաշրջաններում բարձրացնել, չեն բարձրացրել, հիմա մենք, իհարկե, այդ հարցը կբարձրացնենք հանձնակատարի միջոցով: Այսինքն՝ եթե երկրում չկա արդարադատության որևիցե հույս, մենք արդարադատություն, ուզած թե չուզած, պետք է փնտրենք այն պետական, այն միջպետական մարմիններում, որի անդամը հանդիսանում է Հայաստանը», - ասաց Արթուր Սաքունցը։