ԲՀԿ-ն ամեն ինչ անում է ընդդիմության առանցքը դառնալու համար. քաղաքագետ

Ոչ իշխանական եռյակի ներկայացուցիչները՝ Լևոն Զուրաբյանը (ՀԱԿ), Արմեն Մարտիրոսյանը («Ժառանգություն»), Վարդան Օսկանյանը (ԲՀԿ), Ռուբիկ Հակոբյանը («Ժառանգություն») հանրահավաքի ժամանակ Հրազդանում, 26-ը սեպտեմբերի, 2014թ․

Թեժ աշուն խոստացած քաղաքական ուժերը հանրահավաքների միջոցով են փորձում հանրությանը զգոն պահել, նշում են փորձագետները։

«Բարգավաճ Հայաստանն» ամեն ինչ անում է ընդդիմության առանցքը դառնալու համար, «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանի հանդիպումը:

Կողմերը քննարկել են երկրի հետագա զարգացման հարցերը: Հրավիրող կողմը՝ ԲՀԿ առաջնորդը, առաջարկել է միմյանց վրա ցեխ նետելու և հայհոյելու փոխարեն համախմբել ուժերը:

Հիշեցնենք, որ վերջերս ԲՀԿ առաջնորդի հրավերով տեղի ունեցավ նաև Գագիկ Ծառուկյան - Լևոն Տեր-Պետրոսյան հանդիպումը:

Կարելի՞ է ենթադրել, որ քաղաքական ուժերի առաջնորդների հետ հանդիպումներով և ուժերի կենտրոնացման մասին ակնարկելով՝ ԲՀԿ առաջնորդը փորձում է իր շուրջ համախմբել իշխանության ընդդիմախոսներին՝ այդպիսով դառնալով ընդդիմության առաջնորդը, այս հարցին Սաֆարյանն արձագանքեց. - «Կարծում եմ, տեսանելի է, որ «Բարգավաճ Հայաստանն» ամեն ինչ անում է առանցք հանդիսանալու համար, և դա նոր մարտավարություն չէ»:

«Նույն փորձն արվեց 2012 թվականին», - ասաց Սաֆարյանը՝ շարունակելով. - «Թե կոնկրետ ինչ լիդերի տեսլական ունի ինքը առաջիկա զարգացումների՝ այդ թվում և 2017-18 թվականների համար, այս պահին կարող ենք միայն դատողություններ անել, բայց դատելով Ռոբերտ Քոչարյանի և այդ կուսակցության առնչությունից, ինչպես նաև Ռոբերտ Քոչարյանի ակտիվացումից՝ հատկապես վերջին հարցազրույցից, երբ, ըստ էության, ինքը հայտարարեց, որ եթե հանգամանքները թույլ տան, ապա ինքը կվերադառնա, կարելի է ենթադրել, որ այդ առաջնորդներից մեկը Ռոբերտ Քոչարյանը կարող է լինել»:

Քաղաքագետ Արմեն Բադալյանն այնքան էլ չի կարևորում քաղաքական մակարդակով այս հանդիպումները և չի ցանկանում այս համատեքստում հնարավոր լիդերներ փնտրել ընդդիմադիր ճամբարում: Նրա խոսքով՝ լիդեր կդառնա նա, ով կկարողանա, գնահատելով իր ներուժը, ճիշտ կազմակերպել ամբողջ գործընթացը:

Ծառուկյան-Դեմիրճյան երեկվա հանդիպման ժամանակ ԲՀԿ առաջնորդն ասել է, թե աշխարհում չլուծվող հարց չկա, սակայն լուծելու համար պետք է համախմբել ուժերը: ՀԺԿ նախագահ Դեմիրճյանն իր հերթին ավելացրել է, որ նախևառաջ պետք է ուժերը համախմբել պետության նկատմամբ հավատը վերականգնելու համար:

Քաղաքագետ Սաֆարյանն, այդուհանդերձ, մինչև օրս չի տեսել, թե որն է այն հարցը, որը պետք է համախմբի բոլոր ուժերին. ի՞նչ են անելու, ո՞ւր են գնալու հնարավոր համախմբման դեպքում, երբ քաղաքական դաշտում գերիշխող համարվող ԲՀԿ-ը հրապարակավ գոնե իշխանափոխության հարց դեռևս չի դրել:

«Ինձ հայտնի չի դեռևս, թե ինչ են ուզում անել, եթե անգամ բոլոր քաղաքական ուժերը միասին հավաքվեն, որովհետև նույն ԲՀԿ-ը, որը դոմինանտ դերակատարություն ունի այս քառյակ-եռյակ շարժման մեջ, երբևիցե չի դրել իշխանափոխության խնդիր», - նշեց Սաֆարյանը:

Մինչդեռ քաղաքագետ Արմեն Բադալյանի կարծիքով, եթե նույնիսկ քաղաքական բոլորը ուժերը համախմբվեն, առավելագույնը կկարողանան 12 կետանոց պահանջներից մի քանիսի լուծումը գտնել:

Բադալյանի պնդմամբ՝ քանի դեռ հասարակությունը թույլ կարգավիճակում է և չի կարող որևէ բան փոխել, անհեռանկար և անիմաստ է հույսը քաղաքական ուժերի համախմբման վրա դնելը՝ մոռանալով արտաքին ազդեցության մասին:

«Մեծ հաշվով, եթե այդ ուժերը ցանկանում են իշխանափոխություն անել, ապա այդ իշխանափոխությունը, բնական է, հաշվի առնելով Հայաստանի քաղաքական կարգավիճակը Ռուսաստանի նկատմամբ՝ հնարավոր է անել միայն Ռուսաստանի «դաբրոյով», - ընդգծեց Բադալյանը:

Փորձագետների գնահատականներով՝ թեժ աշուն խոստացած քաղաքական ուժերն այսօր հանրահավաքների միջոցով են փորձում հանրությանը զգոն պահել և հավաստիացնել, որ երկիրը զարգացնելու միակ ճանապարհը միասնական պայքարն է: Քաղաքական ուժերի օրակարգում այսօր թիվ մեկ խնդիրը բազմամարդ հավաք կազմակերպելն է, մինչդեռ, ըստ փորձագետների, մեկ-երկու հավաքից հետո հստակ նպատակներ չդնելու դեպքում մարդկանց մոտ առհասարակ կվերանա վստահությունը:

«Հաջողության կարող է հասնել ընդդիմադիր ուժը ոչ թե նրա համար, որ լավ կամ վատ հանրահավաք է անում, այլ՝ նա ունի՞ հասարակության աջակցությունը և այդ հասարակությունը պոտենցիալ ունի՞ հաջողության հասնելու: Այսօրվա Հայաստանի հասարակությունը այդ պոտենցիալը չունի» , - ասաց քաղաքագետ Արմեն Բադալյանը:

«Քանի որ օրակարգը հստակ չէ, հետևաբար՝ անորոշության կողմը մարդիկ չեն գնում», - նշեց Ստեփան Սաֆարյանը: