Կոտայքում կրկին Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջ է հնչեցվում

Your browser doesn’t support HTML5

Երկրորդ օրն է՝ Կոտայքի մարզում հնչում է Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը, երեկ Աբովյանում՝ Լևոն Զուրաբյանի շուրթերով, այսօր էլ՝ Հրազդանում միացավ «Ժառանգությունից» Արմեն Մարտիրոսյանը:

«Մենք բոլորս միասին իշխանափոխություն ենք անելու», - հայտարարեց նա:

«Ժառանգության» ներկայացուցչի խոսքով, իշխանություններն այսօր փորձում են ցույց տալ թե ընդդիմության շարքերում տարաձայնություններ կան: Սուտ է՝ Հրազդանի ամբիոնից վստահեցրեց ընդդիմադիր գործիչը: Արմեն Մարտիրոսյանն անդրադարձավ Սուրիկ Խաչատրյանի՝ Սյունիքի մարզպետի պաշտոնում վերանշանակմանը, դա որակեց՝ հարված մեր արժանապատվությանը: - «Որովհետև գնդապետին գնդակահարող մարդը իրավունք չունի մարզպետի կոչում ունենալ», - ասաց Մարտիրոսյանը:

Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը շարունակեց՝ Սուրիկ Խաչատրյանին պաշտոն տալով՝ իշխանությունները ուղերձ հղեցին․ - «Դրանց երեսպաշտությունը մի հատ նայեք․ ասում են՝ սահմանադրական փոփոխություն: Տո ի՞նչ սահմանադրական փոփոխություն, եթե քո սահմանադրությունը Լիսկան է: Ուրեմն իմացեք՝ Լիսկայի նշանակումով Սերժ Սարգսյանն էլ, Հովիկ Աբրահամյանն էլ, ամբողջ այս հանրապետական վերնախավը հանդես է գալիս մի կարգախոսի տակ՝ մենք հիմա բոլորս Լիսկա ենք»:

Կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանը միայն փող և իշխանություն է ուզում, դրա համար էլ «մոգոնել է» սահմանադրական փոփոխությունները, որ՝ ցմահ մնա իշխանության գլխին, բայց, ասաց, հիմա նախադեպը չունեցող քաղաքական պատմական պահ է․ - «Եթե մենք անենք այն, ինչ մենք կարող ենք, Սերժ Սարգսյանը պարտված է: Համաժողովրդական այդ բազմությունը Կոնգրեսի, Բարգավաճի և «Ժառանգության» առաջնորդությամբ կսկսի մի պրոցես, որի ավարտը, անկասկած, լինելու է Սերժ Սարգսյանի և նրա հանցագործ վարչախմբի հեռացումը քաղաքական ասպարեզից»:

«Բարգավաճ Հայաստան»-ից Նաիրա Զոհրաբյանը ելույթի առյուծի բաժինը նվիրեց Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին․- «Արդյո՞ք գործող Սահմանադրությունն էր մեղավոր, որ երեկ Ոսկու շուկայում կենդանու նման մի անասուն, անասնակերպի մեկը, ուղղակի քացով իր աշխատողների տաղավարներն էր ջարդում: Մեր երկրի պրոբլեմը այսօր այս իշխանությունն է, որը սահմանադրական փոփոխություններով ուզում է լուծել իր վերարտադրության խնդիրը»:

Եթե ձեզ դուր է գալիս արտագաղթը, պաշտպանեք այս իշխանությունը, հրազդանցիներին դիմեց Նաիրա Զոհրաբյանը՝ կոչ անելով կանգնել իրենց թիկունքին և սկսել փոփոխությունները:

«Բարգավաճ Հայաստանը» ներկայացնող մյուս պատգամավորը՝ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, պատմեց՝ հանրահավաքից առաջ մարդիկ մոտեցել են, հարցրել՝ մինչև վերջ գնալու եք թե չէ:

«Քաղաքական իրավիճակը շատ հստակ է, որևէ անհասկանալի բան չկա: Եկեք խաղեր չփնտրենք: Վիճակը հետևյալն է․ կա իշխանություն, որն հստակ նպատակ է դրել իր առաջ վերարտադրվելու, որպեսզի շարունակի իր կեղեքող աշխատանքը, կա ընդդիմություն, որը կանգնած է ժողովրդի կողքին, պատրաստ է հետապնդել ժողովրդի շահերը», - հայտարարեց նա:

Ի դեպ, ընդդիմադիրներն այսօրվա հանրահավաքին ահազանգում էին ճնշումների մասին: Լևոն Զուրաբյանը հայտարարեց, թե Կոտայքի մարզպետն անձամբ է ղեկավարել ժողովրդին վախեցնելու գործը:

«Հավաքել է բոլոր գյուղապետերին, հրամայել է, որ գնան վախեցնեն իրենց գյուղացիներին, գյուղապետերն էլ եկել են այսօր առավոտվանից այստեղ, բոլորը ման են գալիս, որ ֆիքսեն, թե իրենց գյուղերից ով է եկել, ինչ բնակիչ է եկել, որ հետո կարողանան նրանց պատժել: Երեկվա հանրահավաքից հետո արդեն ռեժիմը նաև սարսափած է, վախեցած է: Նրանք հասկանում են ինչ ալիք է բարձրանում և ինչ կուլմինացիայի է հասնելու հոկտեմբերի 10-ին: Շատ լավ հասկանում են», - ասաց ՀԱԿ ներկայացուցիչը:

Հանրահավաքի առաջին շարքում կանգնած մի քանի կանայք պարբերաբար ընդհատում էին ելույթները, պահանջում հեռանալ Հրազդանից, ասում էին՝ Սերժ Սարգսյանն իրենց ընտրած նախագահն է:

Ընդդիմադիրները բեմից մերթ ընդ մերթ դիմում էին նրանց՝ մե՛կ բարևելով և բարեկամական կոչեր հնչեցնելով, մեկ էլ՝ կոչ անելով գնալ, եթե չեն ուզում լսել: