Ռուստամյան. «Նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում»

Your browser doesn’t support HTML5

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Հայ հեղափոխական դաշնակցությունը համարում է նրա «ամենահաջողված ելույթը՝ դիպուկ և ճիշտ շեշտադրումներով»։

Սերժ Սարգսյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի կողմից ստորագրված ցյուրիխյան արձանագրությունները տարիներ շարունակ դարակներում են՝ սպասելով Թուրքիայի խորհրդարանի վավերացմանը, բավական խիստ արտահայտվեց Ղարաբաղի հարցը որպես նախապայման առաջ քաշելու՝ Անկարայի դիրքորոշման վերաբերյալ։ Նա մեջբերեց ժողովրդական խոսքը՝ «գրողի ծոցը վավերացնեք» և հայտարարեց, որ «այսօր պաշտոնական Երևանը լրջորեն քննարկում է հայ - թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը»։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, որ վաղուց պետք է դա արվեր. - «Ես կարծում եմ, որ նախագահի ամենահաջողված ելույթն էր ՄԱԿ-ում։ Շեշտադրումները շատ դիպուկ և ճիշտ էին։ Հիմնական խնդիրները, որ այսօր իրականում Հայաստանի համար կարևոր են, այդ հարցերից չխուսափվեց, և ամենայն անկեղծությամբ ներկայացրեց այն բոլոր պրոբլեմները, որ գոյություն ունեն երկու հիմնական ուղղություններով՝ հայ - թուրքական հարաբերություններ, Ցեղասպանության խնդիր և Ղարաբաղի կարգավորում, և որ շատ ավելի կարևոր է, կարծում եմ, որ նաև խոսվեց այս արձանագրությունների ճակատագրի մասին։ Ուղղությունը, որ նշվում է, շատ ճիշտ է, մեր կարծիքով՝ դա վաղուց էր պետք անել, ոչ միայն հետ վերցնել Ազգային Ժողովից, այլ նաև հետ կանչել ընդհանրապես ստորագրությունը»։

Նա ընդգծեց, որ վերջին քայլերը և հայտարարությունները, որ կատարում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «ուղղակի տեղ չի թողնում նորմալ հարաբերություններ հաստատել այդ երկրի հետ»։

«Հստակ նշվում է, որ նա չի հրաժարվում իր հիմնական նախապայմանից. այն է՝ հանձնել Արցախը Ադրբեջանին։ Դիպուկ է նաև այն որոշումը, որ մենք բացարձակապես էդպես չպետք է վառվենք այն ցանկությամբ, որ անպայման էդ արձանագրությունները պետք է վավերացվեն. թող չվավերացվեն, և պիտի Թուրքիան իմանա, որ եթե փակ պահի այդ սահմանները, դրանով Հայաստանին ծնկի չի կարող բերել»,- ասաց Ռուստամյանը։

Հարցին, թե արդյոք հակասություն չկա՞ Էրդողանին Հայաստան հրավիրելու և ՄԱԿ-ի ամբիոնից նման շեշտադրումներ հնչեցնելու միջև, Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց. - «Չէ, ես կարծում եմ, որ Հայաստանը ցույց է տալիս, որ ինքը հակված է հարաբերությունները կարգավորել, բայց կարգավորել առանց նախապայմանների, և, իհարկե, նաև պետք է նշվի, որ դա մեծագույն զիջում է, որ Հայաստանը նախապայման չի դնում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, և սա առավելագույն է, ինչ որ Հայաստանից կարելի է ակնկալել»։

Ընդդիմադիր «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի կարծիքով, ՄԱԿ-ի ասամբլեայում Սերժ Սարգսյանի ելույթին թերևս նախորդել են կուլիսային բանակցություններ։

«Եթե խոսքը վերաբերում է այն եզրույթին, որ գրողի ծոց պետք է ուղարկել, դա կարող է նորություն լինել ՄԱԿ-ի դահլիճում նստած մարդկանց համար։ Մեր ժողովուրդը վաղուց է այդ արձանագրությունները գրողի ծոցն ուղարկել և մի բան էլ երևի ավելին։ Չգիտեմ ինչքանով էր հարիր այդ բառամթերքը այդ ամբիոնին, բայց կարծում եմ՝ պետք է որ դրան նախորդած լինի որոշակի կուլիսային բանակցություններ, պետք է որ համոզիչ դառնան՝ ինչու ենք այդպես մերժողական վերաբերվում այդ արձանագրություններին։ Կարծում եմ, որ դրա մասին շատ վաղուց պետք է ասեր»,- ասաց Հակոբյանը։

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը մինչդեռ համոզված է, որ որևէ տրամաբանություն չկա Սերժ Սարգսյանի գործողություններում։ Կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանի համոզմամբ՝ Սարգսյանն ու որոշ քաղաքական ուժեր ընդամենը փորձում են ցեղասպանության 100-ամյա տարելիցից քաղաքական դիվիդենտներ շահել, ինչն ընդդիմադիր գործիչը բնորոշում է որպես «քաղաքական ձեռնարկատիրություն»։

«Սերժ Սարգսյանը իրեն փորձում է պահել Խրուշչովի պես, որը ժամանակին նույն ամբիոնից կոշիկով էր խփում ամբիոնին և սպառնում։ Սերժ Սարգսյանն էլ այսօր գրողի ծոցն է ուղարկում երկրներին»,- «Ազատության» հետ զրույցում նշեց նա.- «Բայց այս ամենի, այս հռետորաբանության, այս ազգայնական բրավադայի ետևում թաքնված է ձախողված քաղաքական գործիչ»։

Զուրաբյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանը հանդես է եկել երկու նախաձեռնությամբ, երկուսն էլ ձախողվել են. մեկը հայ-թուրքական գործընթացն էր, մյուսը Հայաստանի եվրաինտեգրման շուրջ բանակցությունները.- «Այսինքն մենք գործ ունենք պետական գործչի հետ, որը լավ չի հաշվարկում գործընթացները և դուրս է գալիս պարտվողի կարգավիճակում»։

«Որևէ տրամաբանություն չկա գործողություններում. ի՞նչ է նշանակում հոխորտալ, որ այդ արձանագրությունները չի ստորագրել։ Քո նախաձեռնությունն էր, դու ամեն ինչ արեցիր դա անելու համար և չստացվեց։ Հիմա սպառնում ես հետ քաշելով, դա էլ դեռ պարզ չի՝ արդյոք ինքը կկարողանա այդ սպառնալիքը իրագործել։ Իրականում սա խաղ է, հիմա ինքը փորձում է մինչև Ցեղասպանության 100-ամյա տարելիցը ինչ-որ քայլեր կորզել Միացյալ Նահանգների, Թուրքիայի կողմից նման «սպառնալիքներով»։ Բայց նորից հարց է՝ արդյոք ինքը կարո՞ղ է թույլ տալ իրեն իրականացնել այդ սպառնալիքը։ Մի կողմ ենք դնում, որ այդ սպառնալիքները անիմաստ սպառնալիքներ են, որ ամբողջ գործընթացը անիմաստ էր, Հայաստանի համար ժամանակի կորուստ էր՝ ոչինչ չտվող, բայց հիմա նաև ինչ-որ սպառնալիք, որի տակից պարզ չէ՝ ինքը կարող է դուրս գալ, թե՝ չէ»։

Ինչ վերաբերում է իշխող Հանրապետականին, կուսակցությունը Սերժ Սարգսյանի ելույթը համարում է «ազգային պետական գործչի՝ հստակ ազդակներ պարունակող հայեցակարգային ելույթ»։