Մեծ եղեռնի 100-րդ տարելիցին ընդառաջ սպասվում է, որ նոր երկրներ կքրեականացնեն Հայոց ցեղասպանության փաստի ժխտումը: «Ազատության» հետ զրույցում այս մասին ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Պետո Դեմիրճյանը:
Մոտ երկու շաբաթ առաջ Հունաստանը դարձավ երրորդ երկիրն աշխարհում՝ Շվեյցարիայից ու Սլովակիայից հետո, որը քրեականացրեց Հայոց ցեղասպանության հրապարակային հերքումը:
«Այն երկրները, որոնք ընդունել են Ցեղասպանության իրողությունը, կարելի է, որ ընդունեն նաև Ցեղասպանության ժխտման օրենք, ինչպես վերջերս եղավ Հունաստանում, իսկ այն երկրները, որոնք չեն ճանաչել Ցեղասպանությանը փաստը խորհրդարանի մակարդակով, պետք է ճանաչեն այն», - ասաց Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչը:
Սեպտեմբերի 19-ին Երևանում մեկնարկած Հայաստան-Սփյուռք համահայկական համաժողովում Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ առաջինը հայտարարեց, որ 2015 թվականին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հայց է ներկայացնելու Թուրքիայի Սահմանադրական դատարան՝ «պահանջելով իր պատմական կենտրոնի՝ Սիսի կաթողիկոսարանի վերադարձը»:
Հայցի ձախողման դեպքում, ինչպես խոստացավ Արամ առաջինը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը կդիմի Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Անդրադառնալով Արամ առաջին հայրապետի այս խոսքերին՝ Պետո Դեմիրճյանն ասաց, որ Սփյուռքի կառույցների կողմից որոշում է կայացվել Հայոց ցեղասպանության փաստի միջազգային ճանաչումից աստիճանաբար անցում կատարել հատուցմանը:
«Մենք միշտ շեշտել ենք ճանաչման կարևորությունը, բայց ճանաչումը մեզ բարոյապես է գոհացնում: Ճանաչումը լավ է, ընդամենը, բայց մենք պետք է է՛լ ավելի շատ սկսենք խոսել հատուցման մասին», - շեշտեց Դեմիրճյանը:
Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ
Եվրոպայի Հայ դատի գրասենյակի ներկայացուցչի խոսքով՝ վերջին տարիներին և հատկապես Շոտլանդիայում տեղի ունեցած անկախության հանրաքվեից հետո Եվրոպայում ավելի ընկալունակ են դարձել ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ․ - «Ինքնորոշման միջոցով անկախացումն է, որին ձգտում են այս ժողովուրդները, այդ հասկացողությունը կամաց-կամաց ավելի հզոր է դառնում»:
Դեմիրճյանն «Ազատությանը» փոխանցեց, որ Հայաստանի նախագահի 2013-ի սեպտեմբերի 3-ի որոշումից մեկ տարի անց Բրյուսելում սկսել են ավելի լավ հասկանալ Հայաստանի նման որոշման դրդապատճառները: Նրա խոսքով՝ դրան նպաստեցին նաև Ուկրաինայում տեղի ունեցած վերջին զարգացումները:
Անցած տարվա սեպտեմբերի 3-ի Մոսկվայում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը:
Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը, փաստորեն, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցությունների արդյունքներից, որոնց նպատակը Բրյուսելի ու Երևանի միջև Ասոցացման համաձայնագրի կնքումն էր:
«Շատ հետաքրքիր է, որ այդ հայտարարությունից մեկ տարի հետո նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Ուելսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին: Կարծում եմ, որ դա ճիշտ քայլ էր, որը ցույց տվեց, որ այո, մենք ինչ-որ ձևով հրաժարվեցինք Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրից, բայց չենք ուզում մեր կապերն Արևմուտքի հետ ընդհանրապես խզել: Եվրոպայում այդ քայլն այդպես ընկալվեց, որովհետև շատ հեշտ էր ընդհանրապես չգնալ», - ասաց Պետո Դեմիրճյանը:
Սեպտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Եվրահանձնաժողովը Հայաստանին 140-170 միլիոն եվրոյի օժանդակություն կտրամադրի 2014-2017 թվականների ընթացքում բարեփոխումներ իրականացնելու նպատակով: