«Վերնիսաժ»-ի գործով ծանր վիրավորված, ապա կալանավորված Վալերի Հովհաննիսյանին խցից տեղափոխել են դատապարտյալների հիվանդանոց: Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը «Ազատությանը» տեղեկացրեց, որ Հովհաննիսյանին տեղափոխել են ընթացիկ բուժզննում անցնելու նպատակով՝ հավաստիացնելով, որ նա «բժիշկների հսկողության տակ է, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին»։
Խոսքը «Յուվեցի Կարո» մականունով հայտնի ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի կրակոցներից մայիսի 17-ին որովայնի շրջանում ծանր վիրավորված Վալերի Հովհաննիսյանի մասին է, ում, ըստ փաստաբանի, հուլիսին ազատազրկեցին «անմարդկային պայմաններում»՝ «հիվանդանոցից պատգարակով՝ աղիքը կախված տարան դատարան և կիսագիտակից վիճակում կալանավորման որոշում կայացրեցին»։
Երիտասարդի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը այսօր «Ազատության» հետ զրույցում ահազանգեց, որ որդու վիճակը «ծայրահեղ ծանր է», դրա համար են նրան տեղափոխել դատապարտյալների հիվանդանոց, այլ ոչ թե ընթացիկ բուժզննման:
«Փաստաբանը գնացել է իմ երեխային տեսակցության, չի կարողացել տեսնել, ասել են՝ «ինքը շատ վատ է, չի կարող գա, որ դու տեսնես», հասկանո՞ւմ եք... Ծայրահեղ ծանր վիճակում էր, ծայրահեղ ծանր վիճակում են տեղափոխել, ահավոր պրիստուպներ ուներ, ինչ ցավազրկող անում էին ՝ չէր հանգստանում ոչ մի վայրկյան, վրան չէր ազդում։ Լրիվ արյուն էր միզում։ Ոչ էլ հաց է ուզում, ճաշ էլ չենք տանում, չի ուզում, ասում է՝ «ինչի՞ համար ես բերում, եթե ես ի վիճակի չեմ ուտել», - պատմեց մայրը։
Վալերի Հովհաննիսյանի ընտանիքը պահանջում է, որ երիտասարդին տեղափոխեն քաղաքացիական հիվանդանոց՝ պնդելով, որ դատապարտյալների հիվանդանոցում չկան անհրաժեշտ միջոցները նրա բուժումն իրականացնելու համար։ Լիանա Հովհաննիսյանի խոսքով՝ որդու նկատմամբ «խոշտանգումը շարունակվում է»․ - «Քաղաքացիական հիվանդանոցն է իմ երեխու միակ փրկությունը....Ես չեմ պահել 29 տարի, որ հանկարծ իմ երեխեն Յուվեցի Կարոյի զոհը դառնա, հասկանո՞ւմ եք։ Մի անգամ արեցին սպանության փորձը, երկրորդն ե՞ն կատարում, չեմ հասկանում»։
«Վերնիսաժ»-ի կրակոցների գործով ի սկզբանե միայն Յուվեցի Կարոյի փեսան՝ Գոռ Առաքելյանն էր մեղադրվում սպանության փորձ կատարելու մեջ, սակայն շուտով խուլիգանության մեղադրանքներ առաջադրվեցին նաև վկաներ Վալերի Հովհաննիսյանին ու հրազենից վիրավորված մյուս անձին՝ Ներսես Մելքոնյանին։ Վերջիններիս փաստաբանները սկսեցին կասկածել, որ հավասարության նշան դնելով՝ փորձ է արվում մեղմացնել պատգամավորի փեսայի արարքը։
Օրերս հայտնի դարձավ, որ Գոռ Առաքելյանի պաշտպանը նախաքննական մարմնին միջնորդել է վերացնել սպանության փորձի մեղադրանքը։ Փաստաբան Երեմ Սարգսյանը ի սկզբանե պնդում է, որ հրազենից կրակոցներ արձակելով՝ Գոռ Առաքելյանը Վալերի Հովհաննիսյանին ու Ներսես Մելքոնյանին սպանելու նպատակ չի ունեցել, և կան դա փաստող բոլոր ապացույցները:
«Բացարձակապես խոսք չի կարող գնալ սպանության փորձի մասին: Առաջադրված մեղադրանքը այս հոդվածներով անհիմն է», - «Ազատությանն» ավելի վաղ ասել էր նա։
Նախաքննական մարմինը դեռևս միջնորդության վերաբերյալ որոշում չի կայացրել։
Վալերի Հովհաննիսյանի մայրը մինչդեռ պնդում է, որ Առաքելյանը հենց սպանելու նպատակ էլ ունեցել է՝ մեքենայի դուռը բացելով ու Վալերիի վրա կրակելով։ Իսկ ոստիկանությունը, Լիանա Հովհաննիսյանի համոզմամբ, հետքերը թաքցնելու նպատակով արդեն 4 ամիս է չի գտնում «անխոս վկա դարձած ու անհետացած» իրենց մեքենան:
«Սպանության փորձ է, ինչի՞ մասին է խոսքը... Իմ սեփական տան մեջ ոնց որ գան իմ վրա կրակեն։ Ինչի՞, հինգ հոգու վրա է կրակել, մի հոգու չէ, համայն աշխարհը գիտե, ի՞նչ թաքցնելու մասին է խոսքը», - նշեց վիրավորի մայրը՝ հավելելով․ - «Հա դե ինքը Յուվեցի Կարոյի փեսան է, իր վրայից սպանության փորձը կհանեն, կդնեն ուրիշի վրա, կգնա, իր տեղը պատասխան կտա... Դա մոռանան»։
Պատգամավոր Կարո Կարապետյանը հրաժարվեց փեսային առնչվող միջադեպի ու մեղադրանքների վերաբերյալ որևէ մեկնաբանությունից՝ մեզ խորհուրդ տալով բոլոր հարցերով դիմել փաստաբանին։