Մատչելիության հղումներ

Վերնիսաժի գործով վիրավորի փաստաբանին զենքով սպառնացել են


«Վերնիսաժ»-ի գործով վիրավորի փաստաբանին զենքով սպառնացել են
please wait

No media source currently available

0:00 0:04:37 0:00

«Վերնիսաժ»-ի գործով ծանր վիրավորված, խուլիգանության մեղադրանքով հուլիսի 4-ից կալանավորված Վալերի Հովհաննիսյանի փաստաբանն ահազանգում է ոստիկանների ապօրինի գործողությունների մասին։

Լևոն Բաղդասարյանը դիմել է Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, Հատուկ քննչական ծառայությանն ու Փաստաբանների պալատին՝ նկարագրելով, թե ինչպես են հուլիսի 4-ին Վալերի Հովհաննիսյանին կիսագիտակից վիճակում դատարան տանելու համար հիվանդանոց եկած իրավապահները խոչընդոտել իր աշխատանքն ու սպառնացել չենթարկվելու դեպքում՝ զենք գործադրել։

Պատգամավոր Կարո Կարապետյանի փեսայի՝ Գոռ Առաքելյանի կրակոցներից որովայնի շրջանում վիրավորված Հովհաննիսյանը ի սկզբանե գործով անցնում էր որպես վկա։ Ինչպես «Ազատության» հետ զրույցում պատմեց փաստաբանը, այդ օրը քննիչը նրան խուլիգանության մեղադրանք է առաջադրել, և հաշվի չառնելով ո'չ իր հորդորները, ո'չ հիվանդանոցի հերթապահ բժշկի գրավոր եզրակացությունը, որ «տվյալ պահին քննչական գործողություններ նպատակահարմար չէ կատարել», Վալերի Հովհաննիսյանին աղիքը կախված դրել են պատգարակի վրա, որպեսզի տանեն դատարան՝ խափանման միջոց ընտրելու։ Փաստաբանի փոխանցմամբ, իրավապահները խիստ վրդովվել են, երբ ինքը փորձել է շտապ օգնության բրիգադից պարզել՝ ո՞վ է պատասխանատվություն կրելու վիրավորի առողջության հետագա վատթարացման համար։

«Դուք պատկերացրեք հետևյալ պատկերը. շտապօգնության բժշկին ես ասում եմ ՝«լավ, հիմա որ դուք պատգարակով տարաք, առողջության հետ կապված կրո՞ւմ եք պատասխանատվություն», ասում է՝«ոչ, մեր նպատակը միայն այն է, որ տանենք էնտեղ և թողնենք հեռանանք», ասում եմ՝ «բայց ո՞նց եք պատկերացնում, մարդը չի կարողանում շարժվի, որ դուք հեռանում եք, պառկած վիճակում գետնի՞ն պետք է պառկի...» Այ, այս կարգի երկխոսություն է եղել ընդամենը։ Այդ պահին լիազոր մարմնի ներկայացուցիչները՝ ոստիկանության աշխատողները շատ կոպիտ ձևով, որով նաև վիրավորվեց իմ անձի արժանապատվությունը, սենյակից գռեհիկ ձևով, մի քանի հոգով պատ կազմելով հրելով հանեցին դուրս։ Եվ հրահանգ իջեցրեցին, որ եթե նորից մտնեմ, ապա կկիրառեն հրազեն»,- պատմեց Լևոն Բաղդասարյանը։

Ընդգծելով, որ տվյալ դեպքում որպես փաստաբան ինքն անձեռնմխելի էր, հիվանդասենյակ ազատ ելումուտի իրավունք ուներ, փաստաբանն արձանագրում է, որ փաստորեն եթե փորձեր համառել իր պարտականությունները կատարելու համար, հետևանքները կարող էին անկանխատեսելի լինել։ Իսկ հիմա Լևոն Բաղդասարյանի փոխանցմամբ, այդ ոստիկանները փորձում են քննչական մարմնին համոզել, որ փաստաբանն է ագրեսիվ վարք ցուցաբերել։

«Ներկայացնում են, որ իբր ագրեսիվ է փաստաբանն իրեն պահել... Բացարձակ նման բան չի եղել, ընդամենը փաստաբանը կատարել է իր պարտականությունը և մասնագիտական գործունեությունն է փորձել այնտեղ իրականացնել»,- նշեց նա։

Վալերի Հովհաննիսյանի մայրը՝ Լիանա Հովհաննիսյանը «Ազատությանը» պատմեց, որ իրենք էլ են ականատես եղել կատարվածին։

««Կկրակենք, զենք կգործադրենք»...Ես ասեցի՝ «ի՞նչ եք մարդուն դեմ տվել պատին», բա՝ «սուս մնացեք, զենք կգործադրենք»։ Ադվոկատին պատին դեմ տվեցին, մեզ պատին դեմ տվեցին ու վայրագ ձևով պատգարակով խայտառակ կերպով բժշկի սպրավկան հաշվի չառան... Երկու սկորի էին հրավիրել, առաջինն ասեց՝ «ես չեմ տանի», երկրորդ սկորին եկավ... դե, իհարկե, իրենց մարդն էր, ինչ էլ լիներ՝ պիտի տեղափոխեին...Ոնց որ պլան դրված լիներ, որ անպայման իմ երեխային պիտի տանեին։ Գողացան ուղղակի, պատգարակով, խայտառակ կերպով, անպարկեշտ ձևով... Դուշմանը նման բան չէր անի»,- պատմեց Լիանա Հովհաննիսյանը՝ հավելելով, որ որդուն կալանավորելու նախորդ օրն էլ՝ հուլիսի 3-ին հիվանդանոցում բռնություն են գործադրել իր ամուսնու նկատմամբ։

Վալերի Հովհաննիսյանին ձերբակալելու արձանագրությունը այդ օրն է կազմված եղել, քրեական հետախուզության աշխատակիցները եկել են, որ բերման ենթարկեն, հերթապահ բժիշկը թույլ չի տվել։ Այդ ընթացքում, ըստ Լիանա Հովհաննիսյանի, իրավապահները հիվանդի հորը գետնին են գցել։

«Ուզում էին էդ արնաքամ վիճակում իմ երեխային հանեին, իջեցնեին, տանեին։ Դրա համար էլ ամուսինս ասեց՝ «հլա սպասի, ինչի՞ համար ես իմ երեխուն քաշքշում , ինչի՞ ես եկել, իմ երեխան վկա է, թուղթ ցույց տուր՝ դու ով ես, ինչի ես եկել, ինչի համար ես»։ Սկսեցին մեզ քաշքշել, շպրտել էս պատից էն պատը, ամուսնուս շպրտեցին գետնին, վրայով անցան, ամուսինս վատացավ, պատգարակով տեղափոխեցին բոքս։ Ուղղակի ես նողկում եմ իրենց կատարածից »,- ասաց վիրավորի մայրը։

Փաստաբան Լևոն Բաղդասարյանը պատրաստվում է Վալերի Հովհաննիսյանին, իր բնորոշմամբ, «անմարդկային պայմաններում» կալանավորելու գործը հասցնել մինչև Եվրադատարան։

XS
SM
MD
LG