Ոչ իշխանական ուժերի հանրահավաքը՝ հոկտեմբերի 10-ին. Քառյակը կդառնա եռյակ

Your browser doesn’t support HTML5

Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում ոչ իշխանական ուժերի հանրահավաքին քառյակը կդառնա եռյակ։ Չի մասնակցի Դաշնակցությունը, քառյակի ներկայացուցիչների՝ մոտ 2 ժամ տևած դռնփակ հանդիպումից հետո հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Դաշնակցության մեր հարգարժան գործընկերները չեն մասնակցի միասնական հանրահավաքին այն հիմնավորմամբ, որ կան էական տարակարծություններ այնպիսի լրջագույն խնդրի վերաբերյալ, ինչպիսին սահմանադրական փոփոխություններն են։ Լինենք անկեղծ, դժվար է պատկերացնել, որ այսօր թիվ մեկ օրակարգային խնդրի՝ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրահավաքում խոսք չլիներ, չլիներ վերաբերմունք, դիրքորոշման, տեսակետի հայտնում»,- հայտնեց Զոհրաբյանը։

Դաշնակցությունը չի մասնակցի նաև հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ մարզերում ծրագրված ոչ իշխանական ուժերի հանդիպումներին։

Նաիրա Զոհրաբյանը հորդորեց որևէ ինտրիգ իրենց շարքերի նոսրացման մեջ չփնտրել.- «Դաշնակցությունը չի լքել քառյակը, հոկտեմբերի 10-ին եռյակը քառյակի՝ նաև Դաշնակցության անունից կամփոփի իշխանությանը ներկայացրած 12 կետերի կատարման ընթացքը»։ Լիդերների մասնակցության մասին դեռ ոչ մի խոսք։

Անդրադառնալով հանրահավաքի օրակարգին՝ Զոհրաբյանը նշեց.- «Ներառելու է հիմնականում երկու օրակարգային խնդիր, դա 12 կետերի կատարմանը տրվելիք մեր գնահատականն է լինելու, և բնականաբար, երեք քաղաքական ուժերի վերաբերմունքը Սահմանադրական փոփոխությունների նկատմամբ»։

Իր վերջնական «այո»-ն Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին Դաշնակցությունը կասի հոկտեմբերի 15-ից հետո, երբ կհրապարակվի փոփոխությունների վերջնական հայեցակարգը։

Իշխանություններին դեմ լինելով՝ Դաշնակցությունը կողմ է սահմանադրական բարեփոխումներին։ Ոչ իշխանական ուժի համար սկզբունքային է կառավարման խորհրդարանական համակարգի անցումը։

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն ասաց՝ իրենց փաթեթ են ներկայացնելու, որն ընդունելու դեպքում իշխանության գերկենտրոնացումը կթուլանա։ Այն ընդունելու դեպքում միայն Դաշնակցությունը ողջունի իշխանությունների նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները։ Եթե՝ ոչ կվերադառնա քառյակ, անգամ կպայքարի իշխանության նախաձեռնության դեմ։

«Կարելի էր հոկտեմբերի 15-ից հետո անել [հանրահավաքը], և մենք խնդիր չունեինք այդ հանրահավաքին միանալու»,- ասաց Արմեն Ռուստամյանը.- «Բայց իրենք նախընտրեցին, որ ինչքան հնարավոր է շուտ անեն, որովհետև ծրագիր կա, մարզային հանդիպումներ ունեն, հանրահավաքից հետո էլի քայլեր են նախատեսում։ Եթե սահմանադրական բարեփոխումների հետ կապված մեր հարցերը փակուղի մտնեն, մեզ բացարձակապես ոչինչ չի խանգարում շարունակել համագործակցությունը քառյակի մեջ»։

Սահմանադրական բարեփոխումների շուրջ իշխանության հետ համագործակցությունը կարո՞ղ է Հանրապետական հետ կոալիցիա կազմելու առիթ դառնալ.- «Բացարձակապես»,- ասաց Ռուստամյանը։

Քառյակի կազմաքանդման մասին լուրերը հերքելով՝ Ռուստամյանը հասցրեց բողոքել գործընկերներից.- «Հիմա որ իրենք ասում են՝ հանրաքվեն վերածենք իշխանափոխության, մենք հենց դա էլ անում ենք։ Հանրաքվեով մենք իսկապես արմատապես փոխում ենք համակարգը, որը իշխանափոխության առաջին կարևոր քայլն է։ Իշխանափոխությունը մենակ մարդ փոխելո՞վ է»։

Թե Զոհրաբյանը, թե Ռուստամյանը համոզված են՝ իշխանություններին չի հաջողվել ոչ իշխանական քառյակը։