Մատչելիության հղումներ

Արամ Սարգսյան․ Սահմանադրական փոփոխությունները Արևմուտքի «աչքը շոյելու համար են»


Սահմանադրական փոփոխությունները Արևմուտքի «աչքը շոյելու համար են»․ Արամ Սարգսյան
please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00

Սահմանադրական փոփոխությունները Արևմուտքի «աչքը շոյելու համար են»․ Արամ Սարգսյան

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համար ակնառու է, որ քառյակի կուսակցությունները վերածվել են ԲՀԿ-ի կցորդի:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի համոզմամբ՝ Գագիկ Ծառուկյանը երբեք չի պահանջի Սերժ Սարգսյանի հրաժարականը, իսկ ոչ իշխանական քառյակի քայլերը չեն կարող բերել համակարգային իշխանափոխության:

Հայտնի է, որ քառյակը մինչև սեպտեմբերի 30-ը վերջնաժամկետ է ներկայացրել իշխանությանը՝ առաջ քաշված 12 կետերը կատարելու համար: Ընդդիմադիրները չեն բացառում «թեժ աշնան» տարբերակը, եթե իշխանությունը հրաժարվի կատարել իրենց պահանջները, իսկ անցած շաբաթ ԲՀԿ-ն հայտարարեց, որ պատրաստ է ցանկացած ֆորսմաժորային զարգացման:

«Գագիկ Ծառուկյանը երբեք չի ասել, որ ինքը գնում է իշխանափոխության, ինքը երբեք չի ասել, որ ինքը ընդդիմադիր է, ինքը երբեք չի պահանջել նախագահի հրաժարականը, ինքը չի ասել, որ ինքը արտահերթ ընտրությունների կողմնակից է: Ես համոզված եմ, որ նման բան չի ասելու, որովհետև տեսնում եմ, որ էդ կուսակցությունները անկախ չեն ու մի մարդու որոշելով չեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց Արամ Սարգսյանը՝ հավելելով, թե իրականում, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը շատ քիչ է տարբերվում Հանրապետականից:

«Նույն Բարգավաճն էլ, Հանրապետականն էլ ընտրությունների ժամանակ փող են բաժանում: Քաղաքականությունը տեսնում են նյութական միջոցներով և տնտեսական հնարավորություններով և ամենակարևորը՝ գաղափարական առումով երկուսն էլ Եվրասիական տնտեսական մոդելի կողմնակից են: Եվ երբ որ իրենք խոսում են համակարգային փոփոխությունից, ինձ համար ծիծաղելի է: Ի՞նչ համակարգային փոփոխություն, եթե գնում ես Պուտին - Լուկաշենկո - Նազարբաև օրինակին, որը ոչ միայն հետ է, այլև ծիծաղելի է առաջադեմ աշխարհի համար», - ընդգծեց Սարգսյանը:

ԲՀԿ-ի օրոք լինելու է «նույն օլիգարխիկ համակարգը»

Ըստ Սարգսյանի, անգամ եթե ԲՀԿ-ն ու իր դաշնակիցները գան իշխանության, խոշոր հաշվով, Հայաստանում ոչինչ չի փոխվի, ու կմնա նույն օլիգարխիկ համակարգը․ - «Եթե Հայաստանը պիտի զարգանա Եվրասիական մոդելով, էական չի, թե իշխանության ով է գալու: Բացի այդ՝ ես «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը երբեք էլ չեմ համարել կուսակցություն՝ քաղաքական առումով: Դա Ռոբերտ Քոչարյանի ստեղծած կառույցն էր, որտեղ մարդիկ համախմբվել են Գագիկ Ծառուկյանի նյութական ու ֆինանսական միջոցների շուրջ, ով էլ, իր հերթին, իր նյութական ու ֆինանսական միջոցները պաշտպանելու համար քաղաքական ուժ է ձևավորել»:

«Քառյակի կուսակցությունները դարձել են ԲՀԿ կցորդը»

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդի գնահատմամբ՝ ոչ իշխանական քառյակի կուսակցությունները այսօր դարձել են ԲՀԿ-ի կցորդը, ինչը հիասթափություն է առաջացրել հասարակությունում․ - «Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին խնդիրը բերվեց նրան, որ եթե ընդդիմություն ես, չպիտի ունենաս աշխատելու, Հայաստանում գործունեություն ծավալելու հնարավորություն, որովհետև պետությունը չի կարող թողնել, որ դու տնտեսական միջոցներ ունենաս, որ կիրառես պետության դեմ: Դա ուղիղ էր ասվում: Դրանով իսկ կազմակերպված պետություն ձևավորելու էդ գաղափարի շուրջ Քոչարյանը փորձեց ձևավորել նաև կազմակերպված կուսակցություններ, և էդ կոնտեքստում հիմնական բաղադրիչը դրեց փողը»:

«Իսկ մնացած կուսակցությունները, դժբախտաբար, ընդունեցին խաղի էդ կանոնները, որ քաղաքականության մեջ փող է պետք, և ասեցին, որ եթե փողով է, մենք էլ կճարենք փող ունեցող համապատասխան մարդու, և գնացին էդ մոտեցման հետևից՝ վերածվելով ԲՀԿ-ի կցորդի՝ նրա ասածները հիմնավորելու, նրան չհակադրվելու, ինչը հասարակությունից դուրս է, և հիասթափություն առաջացրեց քաղաքականության ու քաղաքական գործիչների հանդեպ, ինչն էլ բերեց էսօրվա էս վիճակին», - նշեց ընդդիմադիր գործիչը:

Հարցին, թե իր կարծիքով Դաշնակցություն, Հայ ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունները արդյոք ԲՀԿ կցորդներ են դարձել, Սարգսյանն արձագանքեց, որ պարզապես տեսնում է դա:

Սահմադրական փոփոխություններով Սերժ Սարգսյանը ձգտում է դիվիդենտներ քաղել Արևմուտքից

«Առանց սահմանադրական փոփոխությունների էլ Սերժ Սարգսյանը կարող է վերարտադրվել», - անդրադառնալով իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին՝ ասաց Արամ Սարգսյանը:

«Իմ կարծիքով Սերժ Սարգսյանը ինքը այդքան էլ հակված չէ Եվրասիական մոդելին Հայաստանի միանալուն: Դրա օրինակներ կան բազմաթիվ, որ ինքը հասկանում է, որ էնտեղ գնալով՝ իր մանևրելու հնարավորությունները փոքրանում են, որ նաև Արևմտյան երկրների հետ աշխատելու հնարավորություններն են պակասում: Այս կոնտեքստում Արևմուտքը համարում է, որ խորհրդարանական համակարգը ավելի դեմոկրատական համակարգ է, և Սերժ Սարգսյանը ուզում է նրանց աչքը շոյելու համար ցույց տալ՝ տեսեք, ես ինչ դեմոկրատ եմ, գնում եմ համակարգային փոփոխությունների, իսկ էն ընդդիմությունը, որը պետք է առաջադեմը լինի, փոփոխություն ուզի, նա դեմ է դրան: Էս կոնտեքստում եվրոպական դաշտում Սերժ Սարգսյանը դիվիդենտներ է հավաքում», - եզրափակեց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG