«Էյր Արմենիա»-ի տնօրենը միտում է տեսնում ռուսական կողմից հնչող հայտարարություններում

Ռուսական պետական ընկերության հայտարարության պատճառով հնարավոր է, որ «Էյր Արմենիա»-ն ֆինանսական մեծ վնասներ կրի:

Ռուսաստանի «Օդային երթևեկության պետական կորպորացիան» հայտարարություն էր տարածել, թե սեպտեմբերի 21-ից դադարեցնելու է հայաստանյան «Էյր Արմենիա» ավիաընկերության թռիչքների սպասարկումը դեպի Ռուսաստանի Դաշնություն, քանի որ ավիաընկերության ժամկետանց պարտքը կազմում է մոտ 400 հազար դոլար, ընթացիկը՝ ավելի քան 700 հազար դոլար:

Մինչդեռ այսօր «Էյր Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արսեն Ավետիսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պնդեց, թե 400 հազար դոլար պարտքը իրենք չեն կարողացել վճարել, քանի որ ռուսաստանյան այն բանկի դեմ, որի միջոցով գործարքը պետք է կատարվեր, Եվրոպայի և ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցներ են կիրառվել:

Այժմ, նրա խոսքով, խնդիրը լուծված է, և առաջիկա շաբաթվա ընթացքում, ըստ Ավետիսյանի, իրենք կմարեն գոյացած պարտքը, և թռիչքները չեն դադարեցվի:

«Էյր Արմենիայի» գործադիր տնօրենը ռուսաստանյան ընկերության այս հայտարարության մեջ միտում է տեսնում. - «Էսպիսի գրագրություն մեզ մոտ գրեթե ամեն երկու ամիսը մեկ անգամ տեղի է ունենում, բայց այս անգամ, չգիտես ինչու, այդ ընկերությունը կոմերցիոն խնդիրը դրեց հանրության առջև»:

Արսեն Ավետիսյանը նշում է, որ թռիչքների դադարեցման մասին նույնիսկ հայտարարություն է տարածել ռուսական հեռուստաընկերություններից մեկը, ինչը մեծ իրարանցում է ստեղծել: Այս հայտարարության պատճառով հնարավոր է, որ ընկերությունը ֆինանսական մեծ վնասներ կրի, քանի որ շատերը պարզապես վերադարձնում են նախապես գնված ավիատոմսերը:

«Եթե էս ամեն ինչի մեջ եղել է ինչ-որ միտում, ապա այն իրեն արդարացրել է: Այսօրվա օրվա դրությամբ նույնիսկ ծանոթ մարդիկ տոմսերը եետ են տալիս», - ասաց «Էյր Արմենիայի» գործադիր տնօրենը:

Եթե վնասները շատ լինեն, հնարավոր է, որ ընկերությունը դատական կարգով փորձի փոխհատուցում ստանալ:

«Էյր Արմենիայի» տնօրենը կտրականապես հերքեց հավանականությունը, թե ընկերությունը կարող է արժանանալ «Արմավիա»-ի ճակատագրին:

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, սակայն, համոզված է, որ հայկական ընկերությունը չի դիմանա ռուսական ավիաընկերությունների մրցակցությանը և ի վերջո կսնանկանա:

Հայկական ավիացիան, Պետրոսյանի համոզմամբ, իրականում չի կարող դիմակայել բաց երկնքի քաղաքականությանը, քանի որ չունի ռեսուրսներ. նման պայմաններում, այն պարզապես դատապարտված է:

«Ոչ օդանավեր, ոչ սեփական վառելիք ունենք: Նման պայմաններում մրցակցել օտար ընկերությունների հետ անհնար է: Դրա համար մենք պարտվում ենք: Մեզ մի հատ օդանավակայան է մնացել: Եթե հանկարծ էլի ընկնենք շրջափակման մեջ, և օտարերկրյա ընկերությունները հրաժարվեն Հայաստան թռչելուց, ամբողջությամբ ընկնելու ենք ռուսական ազդեցության տակ», - ասաց Պետրոսյանը՝ հավելելով, որ իրավիճակից դուրս գալու համար պետությունը պետք է ստեղծի հայկական ավիաուղիներ ու պետականորեն վերահսկի և վերադառնա միջպետական պայմանագրերին, որոնք այսօր շրջանցված են: