Մատչելիության հղումներ

«Էյր Արմենիան» կիրականացնի առաջին չվերթը


«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր կիրականացնի իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ։ Վաղվա՝ Երևան-Բրյուսել-Երևան չվերթը նույնպես չարտերային է:

«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով, սկզբում թռիչքներ կիրականացնեն Boing 737-500 օդանավով, մինչև տարեվերջ ընկերությունը կվարձի նաև երկու Airbus A320 օդանավեր։ Կանոնավոր թռիչքները կմեկնարկեն այս շաբաթվա վերջից, առայժմ՝ միայն դեպի Ռուսաստան։

«Երևան-Մոսկվա թռիչքի թույլտվությունը արդեն կա, սկսում ենք հոկտեմբերի 27-ից: Մյուս ուղղությունները՝ Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա ուղղությունները սկսում ենք շահագործել նոյեմբերի 15-ից», - մանրամասնեց Ավետիսյանը:

«Էյր Արմենիան» մասնավոր ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 10 տարի առաջ։ Ընկերության 50 տոկոսը պատկանում է Արսեն Ավետիսյանին, մյուս կեսը՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին։ Ամիսներ առաջ կառավարությունը հենց այս ընկերությանը տվեց ժամանակավոր թռիչքներ իրականացնելու իրավունք, այն բանից հետո, երբ ազգային ավիափոխադրողը՝ «Արմավիան», սնանկացավ, իշխանություններն էլ հայտարարեցին ոլորտը մասամբ ազատականացնելու մասին։

Հունիսին կառավարությունը որոշեց, որ այսուհետ Հայաստանում ավիափոխադրողները ընտրվելու են մրցույթով, ընդ որում, հայտարարվում էր, որ մրցույթները կլինեն սեպտեմբերին։ Մինչ օրս դրանք չեն անցկացվել: Քաղավիացիայի գլխավոր վարչությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրին, որ մրցույթները կլինեն «հավանաբար» առաջիկա օրերին։ Առայժմ, փաստորեն, միայն «էյր Արմենիան» է ստացել թռիչքներ իրականացնելու իրավունք՝ առանց մրցույթի և ժամանակավորապես։

Հայաստանցիներին առավել հետաքրքրող հարցն այն է, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան տոմսերի գների վրա: Վրաստանում, օրինակ, բաց երկնքի քաղաքականությունը սկսվել է մի քանի տարի առաջ՝ նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ։ Արդյունքում այս պահին Վրաստանում ուղևորափոխադրումների գները զգալիորեն ավելի ցածր են Հայաստանի համեմատ: Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով պատճառը այն է, որ Հայաստանում խոչընդոտվում է այսպես կոչված Low Cost ընկերությունների մուտքը, որոնք ցածր գներով են աշխատում։ Խնդիր է նաև «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների սակագինը, որը կարելի է համեմատել օրինակ Փարիզի կամ Լոնդոնի հետ։ Պետրոսյանի կարծիքով այսօր Հայաստանում ավիացիայի ոլորտը բարձիթողի վիճակում է, կառավարությունը անընդհատ ձգձգում է և չի հայտարարում, թե ինչ է սպասվում ապագայում, մինչդեռ ավիացիան երկրի համար կենսական նշանակություն ունի։

«Մենք էլ օգտվենք այդ բաց երկնքի քաղաքականությունից: Բայց մինչև բացելը մենք պետք է դեռ մեր շուկան կարգավորենք, ներքին խնդիրները լուծենք», - ասում է նա:

Շահեն Պետրոսյանի կարծիքով «Էյր Արմենիա» ընկերության կողմից չվերթեր սկսելը արդեն իսկ դրական երևույթ է, սակայն որքանով այն կդիմանա ռուսական խոշոր ավիաընկերությունների հետ մրցակցությանը՝ այս պահին դժվար է ասել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG