Հայաստանը ձեռք կբերի ավելի հեռահար սպառազինություն. Նախարար

Your browser doesn’t support HTML5

Մոտ ապագայում Հայաստանն ունենալու է ավելի հեռահար սպառազինություն, քան այն, ինչ այսօր առկա է հայկական բանակի զինանոցում:

Ուրբաթ օրը այսպիսի հայտարարություն արեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ունեցած ելույթի ժամանակ:

«Մենք ՀՀ Զինված ուժերը տարեցտարի համալրում ենք ժամանակից սպառազինություններով և ռազմական տեխնիկայով՝ ոչ միայն զրահատանկային, հրետանու, հակաօդային և այլ միջոցներով, այլ նաև վերջին տարիներին մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ համալրման այդ գործընթացը ավելի արագ իրականացնենք և ավելի գերճշգրիտ, հեռահար միջոցներով։ Այս խոսքերը հենց այնպես չեն հնչում, մենք վերջին տարիներին ձեռք ենք բերել S-300 համակարգերը և այլն։ Մոտ ժամանակներս կունենանք ավելի հեռահար միջոցներ»,- հայտարարեց նախարարը։

Թեև պաշտոնական որևէ տեղեկություն չկա, սակայն որոշ փորձագետներ կարծում են, որ խոսքը «Իսկանդեր» տեսակի հրթիռային համալիրների մասին է, որոնք կարող են ճշգրիտ հարվածներ հասցնել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա:

Ելույթից հետո պաշտպանության նախարարին խնդրեցինք մանրամասնել.- «Մենք օրըստօրե ռազմատեխնիկական համագործակցությունը ընդլայնում ենք, մանավանդ մեր ռազմավարական գործընկերների հետ Ռուսաստանի Դաշնության հետ։ Պայմանավորվածություններ մշտապես ձեռք են բերվում, որպեսզի մենք մեր ունեցած ժամանակակից սպառազինությունը և թարմացնենք, և համալրենք»,- ասաց նախարարը։

Այն, որ հայկական զինված ուժերն ունեն հեռահար և ճշգրիտ հարվածային միջոցներ, պաշտոնական Երևանը հրապարակավ հայտարարում է։ Այս օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ռազմական գործողություններից հետո, որոնք հանդարտվեցին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ընթացքում հայտարարեց.- «Ադրբեջանի ղեկավարությունը շատ լավ գիտի, թե ինչ կարողություններ ու հնարավորություններ ունեն հայկական զինված ուժերը: Նրանք շատ լավ գիտեն, որ մենք ունենք բալիստիկ հրթիռներ, որոնց գործողության շառավիղը 300 կիլոմետրից ավելի է, և որոնք շատ կարճ ժամանակում ցանկացած ծաղկուն բնակավայր կարող են վերածել այնպիսի ավերակների, ինչպիսին հիմա Աղդամի ավերակներն են»։

Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը վերջերս «Ազատությանը» փոխանցեց, որ հայկական զինանոցում առկա հրթիռները ոչ միայն կարող են ցանկացած կետ ոչնչացնել Ադրբեջանում, այլև Բաքվում գիտակցում են, որ նման հարվածներից ադրբեջանական ուժերը պաշտպանվելու միջոց չունեն: Ըստ Հարությունյանի, այս առումով իրավիճակը չի փոխվել անգամ վերջին շրջանում Ադրբեջանի կողմից զինտեխնիկայի լայնածավալ ձեռքբերումներից հետո:

«Եթե այլ ազդող խնդիրներ չլինեն ՀԱՊԿ-ը պարտավոր է աջակցել Հայաստանին»

Այսօր ՀՊՏՀ-ում նախարար Օհանյանը խոսեց նաև ՀԱՊԿ դերակատարության մասին՝ ուշագրավ հայտարարություն անելով՝ ՀԱՊԿ-ը պարտավոր է աջակցել Հայաստանին, եթե իրականության մեջ այլ ազդող խնդիրներ չլինեն:

«ՀԱՊԿ-ի օրենսդրության մեջ նշված է, որ ցանկացած երկրի դիմելու դեպքում պայմանագրի կազմակերպության երկրները պարտավոր են գալ աջակցելու։ Այդ օրենսդրությունը այսօր գործում է, եթե իրականության մեջ այլ ազդող խնդիրներ չլինեն, նրանք պարտավոր են այդ ամենը իրականացնել»,- ասաց Օհանյանը։

«Հայաստանին հնարավորության է ընձեռված լինել ՀԱՊԿ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանին, և այդ սահմանային իրավիճակը մենք լիարժեք օգտագործում ենք»

Ըստ նախարարի՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության նպատակը հայկական զինված ուժերի արդիականացումն է, սակայն էլ ավելի ուշագրավ էր Օհանյանի հետևյալ հայտարարությունը.- «Մեզ հնարավորություն է ընձեռնված, որ համագործակցելով ՀԱՊԿ-ի հետ՝ լինենք այդ երկու կազմակերպություններ սահմանում։ Եվ այդ սահմանային իրավիճակը մենք լիարժեք օգտագործում ենք, որպեսզի փորձի փոխանակում լինի մի կազմակերպությունից դեպի մյուսը... երկու կողմն էլ այդ խնդիրների առումով մեր նկատմամբ ըմբռնումով են մոտենում»։

Անդրադառնալով սեպտեմբերի 8-ին մահացած ժամկետային զինծառայող Սամվել Հարությունյանի դեպքին՝ նախարարն ասաց.- «Պատժվելու են շատ մարդիկ, ովքեր պատասխանատվություն են կրում»։ Նախարարի խոսքով՝ նման դեպքերի պատճառներից մեկը «պարապ մնալն է»:

Նախարարի տեղեկություններով, վերջերս ադրբեջանական գերությունից երրորդ երկիր տեղափոխված Հակոբ Ինջիղուլյանը ցանկանում է վերադառնալ հայրենիք:

Օհանյանը անդրադարձավ նաև հայ-ադրբեջանական սահմանին այսօր տիրող իրավիճակին՝ տեղեկացնելով, որ օրական կրակոցների քանակը հասել է «գրեթե մինիմումի»: