Անցած մեկ տարվա ընթացքում Հայաստանը ոչինչ չստացավ եվրասիական ուղղությունից, փոխարենը կորցրեց Արևմուտքի համար վստահելի գործընկեր լինելու հնարավորությունը: «Ազատության» հետ զրույցում այսպիսի գնահատական տվեց նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը՝ անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի՝ ճիշտ մեկ տարի առաջ Մոսկվայում հնչեցրած հայտարարությանը և դրան հաջորդած զարգացումներին:
2013-ի սեպտեմբերի 3-ի Մոսկվայում Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո նախագահ Սարգսյանը շատերի համար անակնկալ հայտարարեց, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային, իսկ հետո նաև՝ Եվրասիական միությանը:
Այդ հայտարարությամբ Հայաստանի ղեկավարը, փաստորեն, հրաժարվեց Եվրամիության հետ ավելի քան երեք տարի տևած բանակցությունների արդյունքներից, որոնց նպատակը Բրյուսելի ու Երևանի միջև ասոցացման համաձայնագրի կնքումն էր:
«Կորցրեց Եվրամիության աջակցությունը ռեֆորմների ավելի արագ իրականացման, կորցրեց Եվրամիության հետ շատ ավելի խորացված տնտեսական, քաղաքական հարաբերություններ ստեղծելու հարցերում, այսինքն դադար վերցրեց այն բոլոր ուղղություններով, որոնցում այսօր շռնդալից քայլում է Վրաստանը կամ Մոլդովան»,- ասաց Արզումանյանը։
Անցած տարվա իրադարձությունները վկայեցին մեկ բան՝ Հայաստանը դարձավ սեպտեմբերի 3-ի հայտարարության քաղաքական պատանդը, համոզված է հրապարակախոս Հակոբ Բադալյանը:
«Դրա մասին վկայեցին այդ մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած իրադարձություններից, օրինակ, դեկտեմբերի 2-ին Պուտինի այցը Հայաստան և «Գազպրոմ»-ի հետ գրեթե նվաստացուցիչ պայմանագրի ստորագրումը։ Նաև մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած վեհաժողովը՝ Ալիևի նամակը և պահանջները Արցախի մասով»,- ասաց Բադալյանը՝ շարունակելով.- «Եվ ընդհանրապես նաև Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների սրման պարագայում երևաց, որ Հայաստանը հայտնվել է մեկուսացման օղակի մեջ»,- ասաց Բադալյանը։
Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կարծիքով, այլևս ակնհայտ է՝ թեև Եվրասիական միությունը տնտեսական կառույց է, բայց դաշինքի ձևավորման հիմքում երկրների տնտեսական շահը չէ, որ գերակա է:
«Նորություն ասած չեմ լինի՝ լուրջ կասկած կար, որ Նազարբաևը մտել է Եվրասիական միություն, որպեսզի հանկարծ Ռուսաստանը Ղազախստանը շուրջ կեսը՝ հյուսիսային մարզերը չվերցնի»,- ասաց Բագրատյանը։
«Մեր պետական շահը պահանջում էր [Եվրասիական միությանը անդամակցելու] որոշումը»,- այսօր էլ համոզված է Ազգային ժողովի հանրապետական փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը.- «ԵՏՄ-ին և ՄՄ-ին անդամակցելը մեր պետության, տնտեսության համար լրացուցիչ զարգացման խթան կարող է հանդիսանալ, և ամենակարևորը՝ լայն, շուրջ 200 միլիոնանոց շուկա է մեր ապրանքների արտահանման համար»։
Սակայն տնտեսությանը ուշի ուշով հետևողները առայժմ չեն տեսնում այն առավելությունները, որոնք, ինչպես հավաստիացնում էին հայաստանյան ու ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաները, Եվրասիական միությունը պետք է ընձեռեր Հայաստանի տնտեսությանը:
«Հայկական ժամանակ» պարբերականի տնտեսական մեկնաբան Հայկ Գևորգյանը հիշեցրեց Մոսկվայից հնչած խոստումները, որոնք այդպես էլ չիրականացան:
««Ռոսնեֆտ» ռուսական գերհսկա ընկերությունը Հայաստանում ներդրում կանի և կվերագործարկի «Նաիրիտ»-ը։ Ռուսական երկաթուղիները հայտարարեց, որ հսկայական ներդրում կանի Հայաստանի երկաթգծային ենթակառուցվածքում... Մեկ տարի անց կարող ենք ամփոփել, որ երկու ներդրումներն էլ չեն եղել։ Դատելով ներքաղաքական վիճակից, որ կա այսօր Ռուսաստանում, այդ ներդրումները գոնե առաջիկայում, տեսանելի ապագայում չեն լինի»,- ասաց տնտեսական մեկնաբանը։
Հրանտ Բագրատյանն ասում է՝ «Հայաստանի վիճակը այսօր նախաձելի չէ».- «Ինչ-որ տեղ մենք ինքներս մեզ դրեցինք այս վիճակի մեջ։ Պետք չէր ոչ մի տեղ գնալ այս խառը շրջանում։ Հիմա Հայաստանի ղեկավարությունը պարզապես սպասում է՝ ինչ կորոշեն, և չեմ կարծում, որ ավելի լավ քայլ ունի անելու։ Անում է այն, ինչ թերևս ամեն մի ռացիոնալ մարդ այս պահին կաներ, որովհետև չի կարելի մոտենալ և բորբոքել այդ կրակը»։
Նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի խոսքով, պետք է հասկանանք, որ այսօր իրավիճակ է փոխվել և Հայաստանում մեկ անգամ ևս պետք է մտածեն՝ հարկավո՞ր է արդյոք շարժվել Եվրասիական միության ուղղությամբ:
«Այն դժգոհությունը, որ առաջացրել է Ռուսաստանը իր գործընկերների շրջանում, շատ լուրջ հետևանքներ է ունենալու։ Չեմ կարծում, որ միջազգային հանրությունը կսահմանափակվի միմիայն սանկցիաների խստացման սպառնալիքով, այլ ռեալ, սեկտորային սանկցիաներ կկիրառի, ինչը Ռուսաստանին ցույց է տալու իր տեղը և դերը ժամանակակից աշխարհում»։
Հակոբ Բադալյանի համոզմամբ, Սերժ Սարգսյանի որոշումից մեկ տարի անց այսօր Հայաստանն ունի մեկ բան՝ ինքնիշխանության խնդիր.- «Գլխավորը այսօր ինքնիշխանության վերականգնումն է այսօր, որպեսզի Հայաստանը կարողանա ինքնուրույն կայացնել որոշումներ, և կայացնել պետության, ոչ թե իշխանության առանձին դեմքերի շահերից ելնելով»։