Շանթի ընկերների մարտական պատվոգրերը՝ քրեական գործում

Your browser doesn’t support HTML5

Ըստ պաշտպան Ինեսա Պետրոսյանի՝ իր պաշտպանյալների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով անցնող մյուս քաղաքացիների դատավարության այսօրվա նիստի ժամանակ իրենց պատվոգրերը ներկայացրին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը մասնակցած անձինք:

Պահեստազորի փոխգնդապետ, ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հրապարակեց Վարդան Վարդանյանի պատվոգրերը. առաջին պատվոգիրը նա ստացել է գերազանց առաջադիմության համար 1994 թվականին՝ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի հրամանով:

Վարդան Վարդանյանի տասնյակ պատվոգրերից վերջինը տրվել է 2013 թվականի սեպտեմբերին՝ նոյեմբերի 5-ի դեպքերից երկու ամիս առաջ. Վարդան Վարդանյանը զորացրվել է 2013-ի օգոստոսին, ապա պատվոգրեր է ստացել օրինակելի ծառայության համար: Նա, ի դեպ, իր պատվոգրերի հրապարակման ժամանակ կատակեց՝ իրեն բնութագրելով որպես վաստակավոր խուլիգան:

Դատարանին իր պատվոգրերն ու դրական բնութագրերը ներկայացրեց նաև ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Լիպարիտ Պետրոսյանը:

Ըստ մեղադրող կողմի, հոգեմետ նյութ պահելու, իսկ պաշտպանական կողմի պնդմամբ` 1990-ական թվականներից ի վեր տանը շան համար նախատեսված ժամկետանց դեղն ընտանեկան դեղատուփի մեջ պահելու համար մեղադրվող Հայկ Հարությունյանի պաշտպանը հայտարարեց, որ Հայկ Հարությունյանը նույնպես մասնակցել է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանությանը:

Վարդան Վարդանյանը վկայեց, որ Հայկ Հարությունյանն իր հետ է անցել մարտական ուղին:

«Այստեղ պատվեր են իրականացնում»

Պահեստազորի մայոր, հայկական բանակում 20 տարի ծառայած, ոստիկանի նկատմամբ բռնության գործադրմամբ խուլիգանության մեջ մեղադրվող Արմեն Հովհաննիսյանի պաշտպան Արա Զաքարյանը միջնորդեց վերացնել Արմեն Հովհաննիսյանի կալանքը: Նա հայտարարեց, որ, Արմեն Հովհաննիսյանի մեղադրանքը հաստատելու նպատակով դատարանում ցուցմունքներ տված ոստիկանության պարեկապահակային ծառայության հրեշտակների գումարտակի հրամանատար Գեղամ Խաչատրյանի պնդումները հակասում են գործով իրեղեն ապացույց ճանաչված տեսագրություներին: Բացի այդ, ըստ փաստաբանի, հակասում են ոստիկան Գեղամ Խաչատրյանի և մյուս տուժող ոստիկաններից Արա Մարտիրոսյանի ցուցմունքները:

Արմեն Հովհաննիսյանը մեղադրվում է Արա Մարտիրոսյանին հրելու մեջ, սակայն Արա Մարտիրոսյանը դատարանում ասել էր, թե չի հիշում, որ իրեն հրել է պահեստազորի մայորը:

«Ոչ մի ապացույցով չի հիմնավորվում նաև տուժողի այն պնդումը, թե իբր Արմեն Հովհաննիսյանը նաև հրել է իրեն»,- ասաց Արա Զաքարյանը։

Փաստաբանը նաև հայտնեց, որ Արմեն Հովհաննիսյանի հարազատները պատրաստ են 500 հազար դրամ գրավ մուծել՝ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու նպատակով: Մեղադրող Գևորգ Գևորգյանն առարկեց միջնորդության դեմ։

Փաստաբան Արա Զաքարյանը միջնորդեց նաև վերացնել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելով խուլիգանության մեջ մեղադրվող Տիգրան Պետրոսյանի խափանման միջոցը՝ այս դեպքում նույնպես վկայակոչելով տուժող ոստիկանների ցուցմունքներն անթույլատրելի ապացույց ճանաչելու հանգամանքը:

Նախքան դատավոր Մնացական Մարտիրոսյանի՝ խորհրդակցական սենյակ անցնելը, Շանթ և Շահեն Հարությունյանների, ինչպես նաև Վարդան Վարդանյանի պաշտպան Ինեսա Պետրոսյանը հայտարարեց, որ խափանման միջոցը չփոխելու հանգամանքը վկայում է այն մասին, որ հիմա ամբաստանյալի աթոռին նստած քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, այլապես, ըստ փաստաբանի, դատարանը չէր կարող միջին ծանրությամբ մեղադրանքները չընդունող քաղաքացիների նկատմամբ ընտրել ամենախիստ խափանման միջոցը՝ կալանքը։

«Այդ սանկցիաներն են տուգանքի ձևով նախատեսված, իսկ այս դեպքում, մարդկանց այսպես անազատության մեջ պահելն, ուղղակի գտնում եմ, որ իրականում մեր պաշտպանյալները ճիշտ են և այստեղ պատվեր են իրականացնում»,- հայտարարեց Պետրոսյանը։

Սակայն, դատավորն այս հայտարարությունից հետո էլ մերժեց Տիգրան Պետրոսյանին կալանքից ազատելու միջնորդությունը:

Ընդմիջումից հետո դատավորն ասաց, որ Ինեսա Պետրոսյանը չի ներկայացել, նիստն անմիջապես հետաձգեց՝ նոյեմբերի 5-ի գործով մեղադրվող քաղաքացիներին զրկելով հայտարարություններ անելու հնարավորությունից:

Հիշեցնենք՝ անցած դատական նիստին, երբ Շանթ Հարությունյանը հայտարարել էր, որ դատավճռի հրապարակման օրը դատարանից էլ կարող է հեղափոխություն սկսեն, դատավորն այդ խոսքերը որակել էր անկարգությունների կոչ ու ընդհատել նիստը՝ զգուշացնելով, որ հաջորդ նիստին հայտարարությունների հնարավորություն չի ընձեռի։ Այսօր Շանթն ու ընկերները այսպիսով չունեցան հայտարարությունների հնարավորություն:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա 2 օրից: