Հայաստանի եզդիների համար լույսը բացվում է Իրաքի եզդիների փրկության համար աղոթքով

Your browser doesn’t support HTML5

Զովունիի եզդի ընտանիքներից յուրաքանչյուրը 20 հազար դրամ է հատկացրել իրենց հայրենակիցներին օգնելու համար։

Ազգությամբ եզդի Կամո Ավդալյանը ծնվել և ապրում է Հայաստանում: 34 տարեկան է, չորս երեխաների հայր: Ինչպես հայաստանաբնակ եզդիների ճնշող մեծամասնությունը, Ավդալյանի ընտանիքը ևս անասնապահությամբ է զբաղվում: Հայաստանն իր հողն ու ջուրը համարող Ավդալյանն ասում է, որ ծառայել է Հայոց բանակում և հպարտությամբ բանակ կճանապարհի նաև իր որդիներին:

«Լավ կլիներ, եթե Իրաքի եզդիներն էլ այստեղ ապրեին՝ խաղաղ ու համերաշխ։ Չեմ կարողանում հասկանալ, թե ո՞ր մեղքի համար են Իրաքում մասսայաբար սպանում մեր ժողովրդին։ Մենք՝ եզդիներս, խաղաղ ու աշխատասեր ժողովուրդ ենք, ոչ ոքի չենք նեղացնում, ի՞նչ են ուզում մեզանից», - «Ազատության» հետ զրույցում սրտնեղում է Կամո Ավդալյանն ու հավելում. - «Մի խաղ խաղում են էս ժողովրդի գլխին, բայց չգիտենք ինչ են ուզում էդ ժողովրդից. ոչ էդ ժողովուրդը հող է ուզել իրանցից, ոչ տեղ է ուզել, իրենց համար խախանդ, մի անկյունի վրա ապրում են։ Այսօր ոնց որ մենք՝ Հայաստանի եզդիներս, ի՞նչ պետք է անենք Հայաստանին. եթե բանակ ա՝ ծառայում ենք, Ղարաբաղի պատերազմի ժամանակ էլի զոհեր ենք ունեցել, ու տենց, մենք էս հող ու ջրի վրա ապրում ենք, կռվում ենք, էս հող ու ջրի համար ծառայում ենք, որովհետև սա արդեն ոնց որ մեր հող ու ջուրն ա, նույն էլ նրանք, բայց այսօր Իրաքում կոտորում են այդ անմեղ ժողովրդին»։

ՄԱԿ-ի տվյալներով՝ վերջին մեկ ամսվա ընթացքում Իրաքում շուրջ 850 հազար մարդ դարձել է փախստական կամ ներքին տեղահանված: Իրաքի հյուսիսում ՝ Սինջար լեռան վրա, շրջափակման մեջ գտնվող մի քանի հազար եզդիներ այս պահին սննդի և խմելու ջրի սուր կարիք ունեն:

Կամո Ավդալյանի մոր՝ 52-ամյա Շարե Ավդալյանի համար լույսը բացվում է Իրաքում գտնվող եզդիների փրկության համար աղոթքով. Շարեն Բարձրյալից օգնություն է խնդրում իր ցեղակիցների համար, և աղոթում, որպեսզի այլևս ոչ մի մարդ չսպանվի:

Երևանին կից գտնվող Զովունի գյուղում, որտեղ քիչ չեն նաև եզդի ընտանիքները, տագնապով քննարկում են Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ գործադրվող բռնությունները: Հեռուստացույցով ու համակարգչով իրենց ցեղակիցների ճակատագրին հետևող հայաստանաբնակ եզդիները գրեթե ամեն օր արտասվելով են պառկում քնելու:

«Մեր ժողովուրդը լրիվ էլ սգի մեջ ա։ Ամենահուզիչ կադրը՝ որ էդ պուճուր երեխեքին մորթում են։ Փրկեք մեր ժողովրդին, որ չսպանեն, մեղք են, ուզում են ապրել, ուրիշ ոչ մի բան չեն արել», - ասացին «Ազատության» զրուցակիցները։

Նրանք միաբերան պնդում են, որ անգամ կյանքի գնով, չեն հրաժարվի իրենց կրոնից։

«Եզդի ժողովուրդը եզդի է իր կրոնով, եթե հրաժարվենք, էլ ի՞նչ եզդի», - ասում են նրանք ու մեկը մյուսին հարցնում, թե ինչպե՞ս կարելի է կրոնի պատճառով զանգվածային կոտորած անել:

«Ընտանիքս զոհվի ավելի լավ է, քան թե կրոնափոխ լինեմ», - ասաց Շարե Ավդալյանը, իսկ նրա որդին հավելեց, որ իր կրոնից չի հրաժարվի, եթե նույնիսկ աչքի առաջ մորն ու կնոջը սպանեն։

Զովունիում բնակվող եզդի ընտանիքներից յուրաքանչյուրը 20 հազար դրամ է հատկացրել Իրաքի իրենց հայրենակիցներին օգնություն ցուցաբերելու համար: Իսկ Հայաստանի ղեկավարությունից նրանք խնդրում են հումանիտար օգնություն ցուցաբերել Իրաքի եզդիներին, ինչպես նաև հնարավորության սահմանում, Հայաստանում բնակեցնել իրենց ազգակից եղբայրների մի մասին: