Մատչելիության հղումներ

Հայաստանի եզդիները կոչ են անում Իրաքի եզդիներին փրկել բնաջնջումից


Քաշքշուկ ոստիկանների եւ եզդիների միջեւ. ուժի կիրառմամբ փողոցը բացվեց
please wait

No media source currently available

0:00 0:04:32 0:00

Հայաստանի կառավարությունը հանձնարարություն է տվել արտգործնախարարությանը` զբաղվել այդ հարցով:

Եզդիները Հայաստանի կառավարությունից պահանջում են իրենց ձայնը լսելի դարձնել միջազգային ատյաններում, և այդպիսով օգնել Իրաքի հյուսիսում ծանր վիճակում հայտնված եզդիներին ու փրկել նրանց բնաջնջումից։

Մի քանի տասնյակ եզդիներ այսօր հավաքվել էին Կառավարության շենքի առջև ու պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։

«Դժբախտաբար մեր Հայաստանի կառավարությունը լիարժեք չի արձագանքում եզդիների ցեղասպանությանը: Դրա համար մենք Կառավարության առջև հավաքվել ենք, որպեսզի խնդրենք կառավարությանը, որպեսզի մեզ` հայաստանաբնակ եզդիներին, ինչպես նաև եզդի ժողովրդին ներկայացնի Միավորված ազգերի կազմակերպությունում, այս հարցը դնի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը` եզդիների ցեղասպանության մասին է խոսքը, Եվրախորհրդում, Եվրամիությունում և ամենուր` բոլոր միջազգային կազմակերպություններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Միդիա Շանգալ» եզդիների ազգային միավորման խորհրդի նախագահ Ամո Շարոյանը: - «Բոլոր քաղաքական կուսակցությունները, հասարակական կազմակերպությունները պարտավոր են իրենց ձայնը բարձրացնել և կանխել եզդիների ցեղասպանությունը, ինչպես նաև ցուցաբերել նյութական օգնություն: Կարևոր չէ նյութական օգնության չափը, այլ վերաբերմունքը», - հավելեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել 50 հազար դոլարի չափով պարենային օգնություն տալ Իրաքի եզդիներին։

Չնայած Կառավարության առջև հավաքված եզդիների պահանջին` վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցուցարարների հետ այդպես էլ չհանդիպեց, ինչն ավելի զայրացրեց նրանց։

«Հազարավոր ժողովուրդն է կանգնել, ինչո՞ւ չի գալիս: Եղեռնի օրը հազարավոր եզդի է գալիս... ինչո՞ւ չի գալիս այս հարցին լուծում տա: Մենք զոհվել ենք Ղարաբաղի համար: Մենք ապրել ենք այս հողի վրա, ու դրա համար մենք պարտականություն ունենք, բայց թող վարչապետն էլ ելնի` մեր եզդի ազգին ուղղություն ցույց տա, հարցի լուծում տա», - ասում էին նրանք:

Մի պահ ցուցարարները փակեցին Հանրապետության հրապարակից դեպի Տիգրան Մեծի պողոտա տանող ճանապարհի երթևեկելի մի հատվածը, սակայն ոստիկանությունը ուժի գործադրմամբ բացեց այն:

Ի վերջո, վարչապետի հանձնարարությամբ, ցուցարարներին հանդիպեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի տեղակալ Գուրգեն Դումանյանը։

«Կառավարությունը հանձնարարություն է տվել Արտաքին գործերի նախարարությանը, նախարարությունը զբաղվում է: Հիմա ՄԱԿ-ի միջոցով այդ օգնության հնարավորության միջոցները քննարկվում են: 50,000 դոլարի չափով օգնություն տրամադրվելու է Կառավարության կողմից: Բոլոր դիվանագիտական կառույցներին հանձնարարություն է տրված, որ այդ հարցով իրենց տեղերում աշխատեն, ու ամենայն ուշադրության կենտրոնում է Հայաստանի Հանրապետության իշխանությունների», - ասաց Դումանյանը:

Պաշտոնյայից նման պատասխաններ ստանալուց հետո եզդիները երթով շարժվեցին դեպի Ֆրանսիայի դեսպանատուն, որտեղ դեսպանության գործերի կառավարիչ Իզաբել Գինելին հանձնեցին նամակ, որում արտահայտել էին իրենց մտահոգություններն ու Ֆրանսիայի կառավարությունից օգնություն խնդրել Իրաքի եզդիների համար։

«Մենք տեսնում ու հետևում ենք ձեր գործողություններին, ու այդ ամենի մասին տեղեկացնում Ֆրանսիայի իշխանություններին», - ցուցարարներին հավաստիացրեց դեսպանատան ներկայացուցիչը։

Իզաբել Գինելը տեղեկացրեց նաև, որ Հայաստանի կառավարությանն ուղղված եզդիների նամակը թարգմանվել է ֆրանսերեն և ուղարկվել Ֆրանսիայի կառավարություն։

Ի տարբերություն Ֆրանսիայի դեսպանատան, Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչներից ոչ ոք ցուցարարների հետ չհանդիպեց։

Եզդիները հայտարարեցին, որ շարունակելու են իրենց բողոքի ակցիաները՝ սատարելու համար Իրաքում ծանր վիճակում հայտնված իրենց ազգակիցներին։

XS
SM
MD
LG