Հայաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ Նոր Նորք վարչական շրջանի 3 մանկապարտեզներին քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեղավոր անձանց շրջանակը «պարզվում է»:
Անհատ ձեռներեց Էդվարդ Մխիթարյանը փչացած հավի միս էր մատակարարել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի թիվ 101, 116 և 118 մանկապարտեզներին: Ըստ քննչական կոմիտեի՝ քիմիական նյութերով մշակված հավի միս մատակարարելու դեպքի առթիվ քննություն է ընթանում` հավի մսի ձեռքբերման աղբյուրը, նախնական որակը, քիմիական նյութերով մշակված ապրանքի իրական ծավալները, մանկապարտեզներին հավի միս մատակարարելու համար Երևանի քաղաքապետարանի մրցույթի և դրա արդյունքներով Էդվարդ Մխիթարյանին հաղթող ճանաչելու հանգամանքները պարզելու համար։
«Ստուգվում է օգտագործման համար ոչ պիտանի թռչնամիսն այլ հաստատություններ, սննդի օբյեկտներ, խանութներ առաքելու, ինչպես նաև, հարկային պարտավորություններից խուսափելու հավանականությունը: Քրեական գործի շրջանակներում նշանակվում են համալիր ստուգումներ և փորձաքննություններ»,- նշված է հաղորդագրությունում։
Հայկաստանի հատուկ քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, որ վարույթն իրականացնող մարմինը մշակել է աշխատանքային վարկածներ՝ քննության բազմակողմանիությունն ու ամբողջականությունն ապահովելու համար. միջոցներ են ձեռնարկվում` մեղավոր անձանց շրջանակը պարզելու և նրանց գործողություններին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Հիշեցնենք՝ օրեր առաջ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են հավի մսի խմբաքանակը, որի պիտակի վրա նշված է եղել «Ալավերդու թռչնաֆաբրիկա», իսկ ամսաթվերն ու մնացած տվյալները կասկածելի են եղել:
Թիվ 101 մանկապարտեզի տնօրենն ավելի վաղ «Ազատությանը» փոխանցել էր, որ մատակարարի հետ իրենք աշխատում են առաջին անգամ, և որ ոստիկանությունը առգրավել է մսամթերքը, հենց որ այն մտել է մանկապարտեզ: Միսն ընդունողի համար կասկածելի է թվացել ապրանքի փաթեթավորումը:
Մանկապարտեզներին տրամադրվող սնունդի մրցույթը հայտարարելու և դրա նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտավորությունը Երևանի քաղաքապետարանինն է:
Մրցույթները թափանցիկ չեն արվում, բաց չեն արվում։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանն ու հավելեց, որ մանկապարտեզներ սնունդ մատակարարողների ցանկը գոյանում է խնամի, ծանոթ-բարեկամների շնորհիվ։
«Ակնհայտ է՝ մրցույթին մասնակցում են այն կազմակերպությունները, ովքեր ունեն հովանի, ովքեր ասում են՝ դու աշխատի, մենք քեզ տեր ենք։ Կոռուպցիա էլ կա։ Սա անբարեխղճություն է, ինչ ասեմ, հանցագործության վերին աստիճան է. մանկապարտեզի երեխային այդպիսի քիմիական մշակումով միս տալը, ես չգիտեմ էդ ինչ մարդ է արել, էդ նույն մանկապարտեզում կարող էր լինել իր երեխան, իր քրոջ երեխան, կամ իր հարազատի երեխան», - ասաց Բախշյանը։
Անահիտ Բախշյանը դժվարանում է գնահատել մանկապարտեզ գնացող երեխա ունեցող պաշտոնյաներին
«Բարև Երևան» խմբակցության ղեկավարն ասաց՝ վերջին ամիսներին հետևել է մանկապարտեզներին սնունդ տրամադրելու կարգին և դրա նկատմամբ Երևանի քաղաքապետարանի վերահսկողությանը. հունվարին քաղաքապետարանը տասնյակ մանկապարտեզներում խախտումներ էր հայտնաբերել, մանկապարտեզ առաքված սնունդի վերադարձի 38 դեպք է արձանագրվել, բայց ընդամենը 4 կազմակերպություն է զրկվել սնունդ մատակարարելու իրավունքից։
«Մանկապարտեզի վարիչը նայած ով է, ում բարեկամն է, նայած էդ մատակարարը վերևներում ով ունի, ով է տերը, ով է իրենց տանիքը: Եթե բարեկամությունը շարունակվում է, ուրեմն լավ է, եթե հանկարծ բարեկամության մեջ մի սեպ խրվեց, ուրեմն գործերը հաստատ թարս է գնալու։ Անձամբ, քաղաքապետին ասել եմ՝ հինգ զավակ էլ դուք ունեք, դուք էլ եք ձեր զավակներին մանկապարտեզ ուղարկում», - ասաց Բախշյանը։
Հարցին, թե ինչպես կբնորոշի մանկապարտեզ հաճախող երեխա ունեցող պաշտոնյաների գործունեությունը մեկ բառով, Բախշանը պատասխանեց. - «Շատ վատ բառ կլինի, շատ վատ բառ կասեմ, չեմ ուզում ասել ուղղակի»։