Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ քննարկել է Հայաստանի կողմից Իրաքի հյուսիսում եզդի բնակչությանը տրամադրվող մարդասիրական օգնության՝ նախապես ծրագրված ծավալներն ավելացնելու հարցը, «ինչին Հայաստանի կառավարությունը լուծում կտա առաջիկա օրերի ընթացքում»: Այս մասին այսօր հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Իրաքի հյուսիսում եզդի բնակչության հանդեպ շարունակվող զանգվածային բռնությունների փաստով, իրենց մտահոգություն են հայտնել նաև քաղաքական ոչ իշխանական ուժերը. օրերս տարարած հայտարարությամբ «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջել էր գործուն քայլեր ձեռնարկել և եզդիների ու քրդերի ցեղասպանությունը կանխելու, նրանց անվտանգությունն ապահովելու նպատակով, խնդիրը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը վեհաժողովի սեպտեմբերյան նստաշրջանում կբարձրաձայնի Իրաքի հյուսիսում եզդիների հետ տեղի ունեցող ողբերգական իրադարձությունների մասին:
«Ազատության» հետ զրույցում Զոհրաբյանն ասաց, որ արդեն հանդիպումներ է ունեցել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչների հետ ու քննարկել մի շարք հարցեր։ Նա նաև տեղեկացրեց, որ իրեն նյութեր են փոխանցվել, որոնք ինքն առաջիկայում կներկայացնի ՄԱԿ-ում Հայաստանի ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանին:
«Միանշանակ է, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Իրաքի հյուսիսում, դա ցեղասպանություն է, և միջազգային հանրությունը պետք է հստակ, ադեկվատ արձագանքի, հստակ գործողություններ անի եզդի ժողովրդի ցեղասպանությունը կանխելու համար, ավելին, ես կարծում եմ, ՄԱԿ-ի ասամբլեայում խնդիրը պետի է քննարկվի, և իսլամիստական պետության ծայրահեղական ահաբեկչական միավորման բոլոր հովանավոր երկրները, ովքեր հովանավորում են այդ ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությանը, պետք է պատասխանատվություն կրեն. ուղղակի անթույլատրելի է՝ այսօր՝ 21-րդ դարում, քաղաքակիրթ ողջ աշխարհի աչքի առջև, այն, ինչ տեղի է ունենում Իրաքի հյուսիսում», - ասաց Զոհրաբյանը։
«Սինջար» եզդիրների ազգային միավորման խորհրդի ղեկավար Բորիս Մուրազին էլ «Ազատության» հետ զրույցում հույս հայտնեց, որ Հայաստանը, որպես եզդի ժողովրդի բարեկամ երկիր, միջազգային կառուցներում որպես խոսափող հանդես կգա ու կահազանգի Իրաքի հյուսիսում եզդիների կոտորածի մասին:
Թեպետ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգություն էր հայտնել այս հարցով, այդուհանդերձ, եզդի համայնքի ներկայացուցիչը կարծում է, որ դատապարտելուց բացի պետք է հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկել այսօր Իրաքի հյուսիսում եզդիների ցեղասպանությունը կանխելու համար: Մուրազին հավելեց, որ միայն վերջին երկու օրերին 300 տղամարդ է այստեղ գնդահակարվել:
«Առևանգվել են երեք հազար եզդի կանայք և ստրկավաճառության են տարվել», - ասաց Մուրազին։
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար Դավիթ Սանասարյանի կարծիքով՝ յուրաքանչյուրը պետք է քննադատի հակամարդկային այս գործողությունները։
«Ճիշտ է, գիտենք, որ Հայաստանը լավագույն վիճակում չի գտնվում, սակայն հումանիտար այս աջակցությունը անհրաժեշտություն է», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Սանասարյանը։
Թեպետ Հայաստանն այսօր Իրաքի հյուսիսում սպանվող եզդիներին օգնելու շատ մեծ հնարավորություններ չունի, այդուհանդերձ, Սանասարյանի կարծիքով, այսօր Հայաստանը, հետևելով հարևան Վրաստանի օրինակին, պետք է ապաստան տրամադրի Իրաքի փախստական եզդիներին: «Սինջար» եզդիների ազգային միավորման ղեկավար Բորիս Մուրազին փոխանցեց, որ այս հարցը քննարկել են Հայաստանի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ:
«Իրենք պարտադիր գրավոր են ուզում, որ դիմում լինի, բայց մենք անգամ ԱԳՆ-ում ասել ենք, որ կացարանների խնդիր չի լինի, մարդիկ սննդի խնդիր չեն ունենա, անհրաժեշտ է, որ դուք ուղղակի ընդունեք մարդկանց»,- ասաց Մուրազին։
2015 թվականին կլրանա Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը. փաստորեն, մեկ դար անց նույնիսկ 21-րդ դարի սերունդը ականատես է լինում պատմության ողբերգական դրվագների կրկնությանը:
«Մեծ պետությունների քաղաքական, տնտեսական շահերի հետևանքով տուժում է պատմությունը,- «Ազատության» հետ զրույցում արձանագրում են քաղաքական ուժերի ներկայացուցիչները:
«Եթե հենց պատմությունը ընդունելը և գնահատելը քաղաքական գործոն է, ապա, այո՛, ցանկացած չգնահատված, ճշգրիտ գնահատական չտրված իրողությանը, ողբերգության փաստին ոչ ադեկվատ արձագանքը, պիտի թույլ տար, որպեսզի այսօր տեղի ունենար այն, ինչ տեղի է ունենում Իրաքի հյուսիսում», - ասաց Նաիրա Զոհրաբյանը։
«Երբ որ հայերը բարձրացնում են Ցեղասպանության հարցը՝ զուտ պատմության արդարություն վերականգնելու խնդիր չի, սա նաև անվտանգության խնդիր է, ու եթե չի դատապարտվում, սա բերում է նոր նմանատիպ խնդիրների», - հավելեց Դավիթ Սանասարյանը։
Եզդիներն այսօր հանդիպումներ են ունենում քաղաքական ուժերի հետ՝ հասկանալու, թե ինչ միջոցներ կարելի է, ի վերջո, կիրառել աշխարհի ուշադրությունը Իրաքի հյուսիսում տեղի ունեցող իրադարձություններին հրավիրելու համար:
«Մեծ սպասելիքներ, այդուհանդերձ, չունենք. աշխարհը քաղաքական, տնտեսական շահեր ունի», - ասաց Մուրազին: