Հայաստանի ոչ իշխանական ուժերի ներկայացմամբ, հայկական զինված ուժերի գործողությունները հարկադրեցին Իլհամ Ալիևին Սոչիում խոսել խաղաղ կարգավորումից:
Օգոստոսի 10-ին, Սոչիում տեղի ունեցած եռակողմ հանդիպմանը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները կարևորեցին ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:
«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն այսօր «Ազատությանը» փոխանցեց՝ խաղաղ կարգավորման մասին Սոչիում Իլհամ Ալիևի խոսքերը նշանակում են, որ վերջին տարիներին Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականությունը ձախողվել է:
«Որևէ հարց բարձրացնել Իլհամ Ալիևի և Ադրբեջանի ղեկավարության առջև ու ակնկալել, որ ունակ են ժողովրդավարական գործիքներով առաջնորդվել, լուրջ չի լինի: Ժամանակն է, որ ավելի կտրուկ հարցեր բարձրացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի առջև», - ընդգծեց Զոհրաբյանը՝ շարունակելով․ - «Երբ որ Ալիևը իր երկրի դիվանագիտական կորպուսի և բանակի հետ հանդիպման ժամանակ իրեն թույլ է տալիս ֆաշիստական հայտարարություններ՝ ասելով, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է և եթե Հայաստանը շարունակի այդպես, իրենք հողին կհավասարեցնեն, կոչնչացնեն Հայաստանը, և դրան չի հետևում բանակցային մանդատ ունեցող եռանախագահների հստակ, կոնկրետ հայտարարությունը, ապա դա ինձ թույլ է տալիս մտածելու, որ եռանախագահողների նման պահվածքն է շատ դեպքերում հենց ազատ արձակում Ալիևի և նրա կլանի ձեռքերը»:
ԲՀԿ խմբակցության քարտուղարի խոսքով՝ կարճատև ժամանակահատավածում լարվածությունը սահմանին կարող է նվազել, բայց «խնդիրը այլևս հասել է մի սահմանագծի, ուր շատ ավելի կոնկրետ քալեր են պետք»․- «Ես հույսեր չէի կապի Ալիևի որևէ հայտարարության հետ, որովհետև չի եղել որևէ դեպք, որ Ալիևը չխոսի խնդրի խաղաղ կարգավորման մասին և դրանից առաջ կամ դրանից հետո անմիջապես չհետևեն ադրբեջանական կողմի դիվերսիաները: Ես կրկնում եմ՝ մենք Ալիևի հետ պիտի հույսեր չկապենք: Մեր հիմնական գործընկերը պիտի լինեն միջազգային հանրությունը և բանակցային մանդատ ունեցող եռանախագահողները: Եվ մեր հարցադրումները եռանախագահողներին շատ ավելի կոնկրետ և, այո, այլևս շատ ավելի կոշտ պիտի լինեն»:
Ազգային ժողովում Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ Սոչիի հանդիպման արդյունքում ոչ մի հայտարարված պայմանավորվածություն չեղավ, սակայն նրա կարծիքով պետք է սպասել, որ լարվածությունը սահմանին կնվազի:
«Լարվածության անկման պատճառը ոչ թե Սոչիի բանակացություններն են, այլ հայկական զինված ուժերի գործողությունները», - «Ազատությանը» փոխանցեց Զուրաբյանը՝ հավելելով, որ այդ գործողությունները հարկադրեցին Ալիև-կրտսերին Սոչիում խոսել խաղաղ բանակցություններից:
Նրա խոսքով, նախորդ շրջանում Հայաստանը որդեգրել էր սահմանին ադրբեջանական կողմի ագրեսիվ պահվածքին չպատասխանելու ռազմավարությունը, որպեսզի պատերազմ չհրարի․ - «Սակայն այս քաղաքական որոշումը խոհեմ չէր: Եվ կար խուլ դժգոհություն բանակում, որ կա Սերժ Սարգսյանի քաղաքական որոշումը՝ չպատասխանել թշնամու հարձակումներին, Ադրբեջանի այդ բոլոր սադրանքներին և դիվերսիաներին կամ ռմբակոծումներին: Կամ եթե պատասխանում էինք, պատասխանում էինք շատ խղճուկ ձևով: Այդ ֆոնի վրա էր, որ արդեն դա իսկապես տանելի չէր, և այդ քաղաքականության հետևանքներն արդեն երևում էին, այդ ժամանակ էր, որ Տեր-Պետրոսյանը հրապարակային քննադատեց Հայաստանի կողմից այդ հարձակումներին, այդ գնդակոծումներին այդ սադրանքներին չպատասխանելու՝ Սերժ Սարգսյանի քաղաքականությունը: Ընդ որում՝ ընդգծելով, որ սա բանակի մեղքը չէ»:
«Եվ ահա սա էր, որ դրեց Սերժ֊ Սարգսյանին բավականին անհարմար վիճակի մեջ և ինքը վերջապես ստիպված էր անսալ և՛ բանակի ճնշմանը, և՛ ընդդիմության հրապարակային ճնշմանը, հրաժարվել չպատասխանելու այդ անիմաստ քաղաքականությունից ու վերջապես եղավ լուրջ պատասխան», - եզրափակեց Զուրաբյանը:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ Սոչիի հանդիպումը, իհարկե, «միտված չէր լիակատար խաղաղության հաստատմանը, բայց սահմանին դիտվող լարվածությունը կնվազի»:
«Երևի թե Ադրբեջանը ուզում էր փորձել հայկական ուժերի մարտունակությունը, բայց հանդիպելով հայ զինվորների ուղղակի քաջարի գործողություններին՝ Ալիևը հասկացավ, որ Հայաստանը ոչ թե մեր իշխանություններն, այլ հայ ժողովուրդն է ու բանակը», - շարունակեց Մարտիրոսյանը: - «Որովհետև բանակը իսկապես մեր ժողովրդինն է: Որևէ օլիգարխի, մեծահարուստի տղա չեմ տեսել այսքան ժամանակ զոհված կամ վտանգավոր տեղերում ծառայելիս: Բացառապես մեր ժողովրդի զավակն է բանակը, ուստիև մեր փայփայած բանակն է, և մեր բանակի զինվորներն են, որ այդ հերոսությունները կատարեցին: Բնականաբար այդ հերոսությունները ախորժակն Ալիևի որոշակիորեն զսպեցին»: