Ադրբեջանի պաշպանության նախարարարությունը ուրբաթ օրը պաշտոնական հայտարարություն է տարածել` Հայաստանի նկատմամբ սպառնալիքների հերթական չափաբաժնով:
«Մեր բանակը, որի հրթիռները ուղղված են Հայաստանի վրա, պատրաստ է հրամանի դեպքում հողին հավասարեցնել անգամ մայրաքաղաք Երևանը», - ասված է Ադրբեջանի ռազմական գերատեսչության հայտարարությունում:
Սպառնալիքները հնչել են` իբրև թե Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի` Մինգեչաուրի ՀԷԿ-ի վերաբերյալ արած հայտարարությանն ի պատասխան: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, իբր Օհանյանը հայտարարել է Մինգեչաուրի ՀԷԿ-ի վրա հնարավոր հարձակման մասին, և սպառնում է, թե հայկական կողմի գործողություններին իրենք ավելի կոշտ կպատասխանեն:
Հիշեցնենք՝ Մինգեչաուրի ջրամբարին երեկ միայն մի հպանցիկ անդրադարձ է եղել Հայաստանի կառավարության նիստի ընթացքում: Երբ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն առաջարկել է քաղպաշտպանության ծառայության չորս հազար հոգանոց խմբով աջակցել սահմանների պաշտպանությանը՝ հիմնավորելով, որ նույն կերպ վարվում է Ադրբեջանը, ահա այս առաջարկին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը արձագանքել է` բացատրելով, որ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղպաշտպանության զորքերը վերջին շրջանում հիմնականում պաշտպանում են Մինգեչաուրի ջրամբարը՝ մտավախություն ունենալով, որ հայկական կողմը կարող է այդտեղ գործողություններ իրականացնել։
Ահա Հայաստանի պաշտպանության նախարարի այս բացատրությանը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր նման ռազմատենչ հայտարարությամբ է արձագանքել:
Երևակայական հայտարարություններին արձագանքելուց բացի, Ադրբեջանի իշխանությունները շարունակում են իրական պայքարը իրենց երկրում այլախոհների դեմ և կոշտ ճնշումները քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ 3 ամսով կալանավորվել է իրավապաշտպան Ինթիգամ Ալիևը: Նրան մեղադրում են հարկերից խուսափելու, ապօրինի գործարարությամբ զբաղվելու և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեջ: Այսօր ավելի վաղ նրան ձերբակալել էին, իսկ տանը խուզարկություն անցկացրել, առգրավել համակարգիչը, տեղեկատվության կրիչներ, երեք հուշանվեր՝ դաշույններ: Ավելի վաղ կալանավորվել են նաև Լեյլա և Արիֆ Յունուսները, Ռասուլ Ջաֆարովը:
Չի բացառվում, որ այսօր կարող է ձերբակալվել նաև «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Հուսեյնովը: Օրեր առաջ նրան արգելել են լքել Ադրբեջանի տարածքը, իսկ այսօր այդ երկրի ոստիկանությունը շրջափակել է այն շենքը, որտեղ տեղակայված է հասարակական կազմակերպությունը:
Հակասական տեղեկություններ են ստացվում «Լրագրողների ազատության և անվտանգության ինստիտուտ» հասարակական կազմակերպության ղեկավար Էմին Հուսեյնովի ձերբակալության վերաբերյալ, առայժմ պարզ չէ, նա ձերբակալվե՞լ է թե՞ ոչ:
Համենայն դեպս օրեր առաջ նրան արգելել են լքել Ադրբեջանի տարածքը և ուղևորվել Ստամբուլ, իսկ այսօր Ադրբեջանի ոստիկանությունը շրջափակել է այն շենքը, որտեղ տեղակայված է հասարակական կազմակերպությունը` փորձելով կոտրել դռները և ներս մտնել տարածք: Միևնույն ժամանակ դատախազությունը խուզարկել է Հուսեյնովի մոր տունը` առգրավելով համակարգիչը:
Ադրբեջանում լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների նկատմամբ հետապնդումների առնչությամբ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցչ Դունյա Միյատովիչը` մասնավորապես անդրադառնալով հենց Էմին Հուսեյնովի նկատմամբ ճնշումներին:
«Էմին Հուսենյովի ընտանիքի ահաբեկումը «Լրագրողների ազատության և անվտանգության գրասենյակը» գրավելու փորձերը և նրա ելքը երկրից արգելելը ևս մեկ անգամ փաստում են Ադրբեջանում լրատվամիջոցների ազատության վիճակի լայնամասշտաբ վատթարացման մասին»,- հայտարարել է Միյատովիչը: