Մատչելիության հղումներ

Ադրբեջանում քաղհալածյալների ցուցակը շարունակում է ընդլայնվել


Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարով, արխիվ
Ադրբեջանցի իրավապաշտպան Ռասուլ Ջաֆարով, արխիվ

Այդ ցանկը համալրում են նորանոր իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ:

Ադրբեջանում քաղաքական հալածանքների զոհերի ցանկը շարունակում է ընդլայնվել: Դատախազությունը հիմա էլ արգելել է երկրից հեռանալ մեկ այլ իրավապաշտպանի՝ Ռասուլ Ջաֆարովին, փոխանցում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը:

Ջաֆարովը հուլիսի 28-ի երեկոյան գնացքով մեկնում էր Թբիլիսի, հուլիսի 29-ին, սակայն, ադրբեջանա - վրացական սահմանին ադրբեջանցի սահմանապահները արգելել են նրան երկրից հեռանալ: Իսկ մինչ այդ էլ Ադրբեջանի դատախազությունը արգելափակել էր իրավապաշտպանի բանկային քարտերը:

«Թուրան»-ի հետ զրույցում Ջաֆարովն ասել է, որ իր համար անհասկանալի են այդ արգելքները, քանի որ ինքը որևէ քրեական գործով ոչ մեղադրյալ է, ոչ էլ վկա: Իր նկատմամբ անօրինական ճնշումների հարցը Ջաֆարովը կփորձի պարզել դատարանում՝ գործ հարուցելով երկրի գլխավոր դատախազության դեմ:

Իրավապաշտպանը ենթադրում է, որ իր դեմ ուղղված պատժամիջոցները իշխանությունների պատասխանն է այն բանից հետո, երբ շուրջ մեկ ամիս առաջ Ստրասբուրգում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանին հաշվետվություն է ներկայացրել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների մասին:

«Թուրան»-ը նշում է, որ Ստրասբուրգից հետո Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները սկսեցին իրավապաշտպանի հեղինակությունը վնասող հրապարակումներով հանդես գալ:

Լրատվամիջոցը ավելացնում է, որ Ջաֆարովը վերջին տարիներին որպես իրավապաշտպան բավականին ակտիվ գործունեություն է ծավալել: Նա ղեկավարում է նաև «Արվեստը հանուն ժողովրդավարության» նախագիծը:

Ջաֆարովից բացի, ադրբեջանա - վրացական սահմանին ադրբեջանցի սահմանապահները արգելել են Վրաստան մեկնել մեկ այլ հասարակական գործչի: Haqqin.az էլեկտրոնային պարբերականի փոխանցմամբ` սահմանապահները ձերբակալել, ապա ավելի քան մեկ ժամ տևած հարցաքննությունից հետո ազատ են արձակել հայտնի հրապարակախոս Սեյմուր Բայջանին: Ադրբեջանում հայտնի գրողը, ի դեպ, հայ - ադրբեջանական նախագծերի ակտիվ մասնակիցներից է:

Սեյմուր Բայջանը (ձախից) «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, արխիվ
Սեյմուր Բայջանը (ձախից) «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի բյուրոյում, արխիվ

«Սահմանապահներն ինձ հետ բավական կոպիտ ձևով շփվեցին: Ես ոչ մի կերպ չկարողացա նրանց հասկացնել, որ իրենք պետական պաշտոնյաներ են և իրավունք չունեն նման կերպ պահել իրենց: Նրանք ստուգեցին ճամպրուկս, մասնավորապես՝ գրքերս, և ինչ-որ տեղեր զանգելուց հետո ինձ ազատ արձակեցին», - Սեյմուր Բայջանի խոսքերն է մեջբերում Haqqin.az-ը:

«Թուրան» գործակալությունը հրապարակել է Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի վերջին ուսումնասիրության արդյունքները, ըստ որոնց՝ մայիս ամսվա տվյալներով Ադրբեջանում քաղաքական հալածանքների զոհերի թիվը կազմել է 130, խղճի դատապարտյալներինը՝ 41, քաղբանտարկյալներինը՝ 89: Այս ցուցակը կազմելիս կազմակերպությունն առաջնորդվել է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության կողմից սահմանված հայտնի չափորոշիչներով, նշում է «Թուրան»-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG