Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ԻՏԱՌ-ՏԱՍՍ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացրել է, որ Սոչիում նախատեսվում են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առանձին հանդիպումները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
«Այս շաբաթավերջին Սոչիում նախատեսված են մեր նախագահի առանձին հանդիպումները նախ՝ Հայաստանի և հետո՝ Ադրբեջանի նախագահների հետ, և երբ նրանք բոլորը միևնույն ժամին միևնույն վայրում հայտնվեն, երևի թե անհնար կլինի շրջանցել Լեռնային Ղարաբաղի մասին խոսակցությունը: Բայց թե ինչպես դա կկազմակերպվի՝ կախված է մեզանից», - հայտնել է նա:
«Իհարկե խոսելու ենք Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ այն մասին, թե ինչպես կարող ենք մեր կողմից` առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից, օգնել վստահության ամրապնդմանն ու բախումների վտանգների նվազեցմանը», - նաև ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Ըստ Լավրովի` ԵԱՀԿ Մինսկի խումբը քիչ ջանքեր չի գործադրում, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը կարգավորման քաղաքական սկզբունքներն ամփոփող մի փաստաթուղթ ընդունեն:
«Իհարկե, մեզ անհանգստացնում է այն, ինչ տեղի է ունենում այսպես կոչված շփման գծում: Կողմերը միմյանց են մեղադրում սադրիչ գործողություններում: Նման բաներ անցյալում էլ են եղել, և ցավոք արդեն երկար տարիներ է՝ մենք ականատես ենք պարբերական դարձած բռնկումներին, սակայն այս անգամ ամեն ինչ ավելի սրված է ընդունվում և մատուցվում: Քիչ մարդ չի զոհվել, և մենք մյուս երկրների, այդ թվում՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ կոչ ենք արել կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել և թույլ չտալ գործողություններ, որոնք կարող են հանգեցնել բռնության հերթական դրսևորմանը», - ասել է Ռուսաստանի արտգործնախարարը:
«Հակամարտությունը շատ զգացմունքային է ընկալվում երկու կողմից էլ», -հայտարարել է Լավրովը,- «Մենք ջանքեր ենք գործադրում մեր ամերիկացի և ֆրանսիացի գործընկերների հետ միասին, որպեսզի օգնենք ի վերջո լուծել այն մի քանի հարցերը, որոնք դեռ խոչընդոտում են փաստաթղթի հաստատմանը, որում նշված կլինեն հակամարտության կարգավորման քաղաքական սկզբունքները: Մենք կփորձենք այդ մի քանի հարցերն ամեն դեպքում հասցնել այնպիսի մի վիճակի, որ կողմերը ձևակերպեն իրենց համար ընդունելի մի փաթեթ»:
Ռուսաստանի արտգործնախարարը շեշտել է, որ քաղաքական հայտարարության ընդունումը, որը կշարադրի այն սկզբունքները, որոնցով պետք է ղեկավարվել հակամարտության լուծման հարցում, անկասկած` կնպաստեր լարվածության թուլացմանը:
«Դա անելը, սակայն, հեշտ չէ, բազմաթիվ փորձեր են ձեռնարկվել, և ամեն անգամ թվում էր, որ մենք կարծես արդեն կարևոր մի սահմանագծի ենք հասել և համաձայնություն կլինի, սակայն միշտ ինչ-որ բան խանգարել է: Այդ պատճառով ես որևէ կանխատեսում չեմ անի»,- հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:
Լավրովը նաև ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ անհրաժեշտ է համառորեն շարունակել օգնել հայերին և ադրբեջանցիներին փնտրել այնպիսի ձևակերպումներ, որոնք հարմար կլինեն երկու կողմերի համար էլ: