Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խուսափեց պատասխանել հարցին՝ արդյոք Ռուսաստանը կկատարի՞ իր դաշնակցային պարտավորությունները և կկանգնի՞ Հայաստանի կողքին, եթե հայ-ադրբեջանական ներկայիս բախումները ընդլանվեն և պատերազմ սկսվի:
Այսօր «Ազատության» հարցին ի պատասխան դեսպան Իվան Վոլինկինը միայն ասաց, թե ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով և որ տեղի ունեցածը խորը մտահոգություն է առաջացնում Մոսկվայում:
«Տեղի ունեցածը խորը մտահոգություն է առաջացնում: Խնդիրը չի կարելի լուծել ռազմական ճանապարհով, այլ՝ միայն խաղաղ ճանապարհով: Ուստի, մենք կողմնակից ենք, որպեսզի հնարավորինս արագ զինադադար հաստատվի, կրակը դադարեցվի և կողմերը հետ քաշեն իրենց զորամիավորումները»,- ասաց Վոլինկինը։
Պատասխանելով «Ազատության» այն դիտարկմանը, թե Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է, ի՞նչ կարո՞ղ է ասել այս կապակցությամբ, դեսպանը միայն ասաց․- «Կրկնում եմ, մենք այն դիրքորոշմանն ենք, որ հարցը պետք է լուծվի միայն խաղաղ միջոցներով»:
«Իսկ եթե ծագեն լայնածավալ ռազմական գործողություններ, ինչպե՞ս Ռուսաստանը կարձագանքի»,- հարցրեցինք դեսպանին։
«Գիտեք, կարծում եմ գործը դրան չի հասնի»,- պատասխանեց Վոլինկինը։
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերից շուտ
Ռուսաստանի դեսպանը խոսեց նաև Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին.- «Սա չի էլ կարելի նորություն անվանել, որ ամեն ինչ իր հունով է ընթանում, ամեն ինչ կիրականանա, ամեն ինչ կլինի ինչպես հարկն է, և Հայաստանը կդառնա Եվրասիական միության լիիրավ անդամ»:
«Ազատության» հարցին՝ ե՞րբ կստորագրվի Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության պայմանագիրը, և, որ, օրինակ, Ղազախստանի արտգործնախարարը նշել է հոկտեմբեր ամսվա մասին, Վոլինկինը արձագանքեց.- «Կարծում եմ, հնարավոր է ավելի շուտ ստորագրվի»: