Հայաստանի պաշտպանության նախարարարությունն ու Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտարարում են, որ չնայած լարվածությանը, վերահսկում են սահմանային իրավիճակը։
Հայաստանի պաշտպանության նախարարություն մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատությանը» փոխանցեց, որ բանակը կատարում է իր առջեւ դրված խնդիրները։
«Հայկական բանակը լիովին վերահսկում է իրավիճակը։ Պետք չէ որևէ ադրբեջանական հայտարարություն պարտադիր փորձել մեկնաբանել, ամեն մի նորահայտ լուրը ստուգել։ Ամեն ինչ վերահսկողության տակ է, բանակը իր խնդիրը կատարում է, և զինվորականները օր ու գիշեր ծառայություն են իրականացնում»,- ասաց Հովհաննիսյանը։
Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժնի պետ Սենոր Հասրաթյանն էլ ընդգծեց, որ սահմանը ապահով ձեռքերում է եւ հավելեց, որ Ղարաբաղի օդային տարածքը որևէ երկրի կողմից անցած օրերին չի խախտվել։
«Միայն կարող եմ ասել, որ Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վերահսկում են իրենց պահպանության ներսում գտնվող ողջ սահմանային գոտին»,- ասաց Հասրաթյանը։
Այս գիշեր հառակորդը գնդակոծել է ինչպես հայ-ադրբեջանական, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիս-արևելյան ուղղությամբ։ Ղարաբաղի պաշտպանության նախարարության վերջին հաղորդագրության համաձան, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտի) ուղղությամբ հակառակորդը հերթական անգամ ձեռնարկել է հետախուզադիվերսիոն գործողություն։ Մասնավորապես, Մարտակերտի ուղղությամբ հակառակորդը տվել է 6 զոհ և 7 վիրավոր, իսկ Մարտունու ուղղությամբ՝ 3 զոհ և 4 վիրավոր։ Փաստորեն անցած գիշերվա ընթացքում ադրբեջանական կողմի զոհերի թիվը հասնում է 9-ի, վիրավորներինը՝ 11-ի։
Հայկական կողմը մեկ զոհ ունի, 3 վիրավոր։ «Լեռնային Ղարաբաղի ռազմական գերատեսչությունը ցավով է նշում, որ թեժ դիմակայության ընթացքում կորուստ է ունեցել նաև հայկական կողմը: Հայրենիքի պաշտպանության ժամանակ արիաբար մարտիրոսվել է Պաշտպանության բանակի զինծառայող 1989 թվականին ծնված Զորիկ Ժիրայրի Գևորգյանը»,- փոխանցում է Պաշտպանության բանակը։
Ըստ Պաշտպանության բանակի, ադրբեջանական կողմը նաև մարտադաշտում թողել է հատուկ նշանակության զենքեր և այլ տեխնիկական միջոցներ:
Հայ-ադրբեջանական սահմանագծում օգոստոսի 2-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում` ադրբեջանական Քեմեռլի բնակավայրի ուղղությամբ տեղակայված դիրքերից հակառակորդը խոշոր տրամաչափի հրազենից գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը:
«Հակառակորդի կրակակետերը լռեցնելու նպատակով պատասխան կրակ է բացվել ադրբեջանական դիրքերի և Քեմեռլի բնակավայրում տեղակայված ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանմանումների ուղղությամբ: Ըստ նախնական տվյալների` ադրբեջանական կողմը կրել է զգալի կորուստներ: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան: ՀՀ զինված ուժերը շարունակում են վերահսկել իրավիճակը շփման գծում»,- ասված է պաշտպանության նախարարության հաղորդագրությունում:
Հայաստանի պաշտպանության գերատեսչությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից և ջանքեր գործադրել ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում իրավիճակը կայունացնելու ուղղությամբ:
Նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերը չեն դադարեցնում հայկական ուժերի դիրքերը ներթափանցելու և դիվերսիոն գործողություններ իրականացնելու փորձերը:
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարոււմ է, որ Ադրբեջանի ԶՈՒ նման գործելակերպը ամբողջովին հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների ոգուն ու տրամաբանությանը և հղի է ծավալուն ռազմական գործողությունների վերաճելու իրական վտանգով:
«Առկա լարվածությունը սաստկացնելուն ուղղված ադրբեջանական կողմի գործողությունների շարունակման դեպքում Հայկական զինուժը ստիպված կլինի էլ ավելի խստացնելու Ադրբեջանի պաշտպանության նախարարության ղեկավարության` ռազմական տրամաբանությունից զուրկ և անմիտ վրեժխնդրության դրսևորումների նկատմամբ պատժամիջոցները»,- հայտարարում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:
Հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին օրերին տեղի ունեցող միջադեպերի վերաբերյալ իրենց մտահոգությունն են հայտնել Ռուսաստանը և Միացյալ Նահանգները։
ԱՄՆ պետքարտուղարությունը կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հնարավորինս շուտ հանդիպել՝ կարևորագույն խնդիրների շուրջ բանակցությունները վերսկսելու համար։ Իսկ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել հակամարտության կողմերին զսպվածություն հանդես բերել, հրաժարվել ուժի կիրառումից և անհապաղ քայլեր ձեռնարկել իրավիճակի կայունացման նպատակով։