ՌԴ նախկին դեսպանը ղարաբաղյան կարգավորումը կապել է տնտեսական ինտեգրացիայի հետ

Վյաչեսլավ Կովալենկոն Գյումրիում

Եվրասիական միություն ստեղծելու և այդ միություն Հայաստանին ու Ադրբեջանին հրավիրելու ֆոնին՝ ռուս դիվանագետները սկսել են հայտարարել, թե ղարաբաղյան հարցը ևս կարող է լուծվել տնտեսական ինտեգրացիայի և ընդհանուր շուկա ստեղծելու շնորհիվ:

«Կարգավորումը հնարավոր կլինի, երբ տնտեսական կապերն այնքան միահյուսված կլինեն, որ մարդիկ առաջին հերթին դրանցով կառաջնորդվեն և կսկսեն արդեն քարոզչություն տանել, որը ժամանակի հետ թշնամության փոխարեն մեկ մեկու հանդեպ վստահության կհանգեցնի»,- այսօր «Վեստնիկ Կավկազա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն:

Ոչ ծավալուն հարցազրույցում Կովալենկոն ընդգծել է, որ Ղարաբաղում հակամարտությունը հնարավոր եղավ դադարեցնել ու սառեցնել բացառապես Ռուսաստանի օգնության շնորհիվ, որ Մոսկվան միշտ է ցանկացել այն կարգավորել, մինչդեռ Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը փորձում են այժմ թեժ կետերով, այդ թվում՝ ղարաբաղյան հարցով, Ռուսաստանին հարվածներ հասցնել:

«Ինչի՞ է ձգտում Միացյալ Նահանգները Եվրամիության հետ... որպեսզի թեժ կետերը հավելյալ խնդիրներ առաջ բերեն Ռուսաստանի զարգացման, տնտեսական աճի, բարգավաճման համար, խոչընդոտեն, որ Ռուսաստանը հզոր համաշխարհային պետություն դառնա: Սրանք ուշադրությունը շեղելու միջոցներ են, որոնք հսկայական ջանքեր են պահանջում, պահանջում են զիջումների գնալ այս տարածաշրջանում ազդեցություն ունեցող ինչ-ինչ երկրների հետ»,- ասել է նախկին դեսպանը՝ առանց մանրամասնելու, թե որ հարցերում է Ռուսաստանը զիջումների գնում և ում հետ:

Կովալենկոն փոխարենը անուղղակի մեղադրել է Արևմուտքին՝ ղարաբաղյան հարցը ևս տաք պահելու և դրանով Ռուսաստանին խանգարելու համար:

«Սա գլոբալ խնդիր է, որտեղ ղարաբաղյան հակամարտությունը իր նշանակությունն ունի և խաղում է Ռուսաստանի համար հավելյալ դժվարությունների, իրավիճակը որոշակի ապակայունացնող գործոնի դեր: Անշուշտ, Ռուսաստանը շատ շահագրգռված է կարգավորմամբ և մեծ ջանքեր է գործադրում այդ ուղղությամբ, կարգավորումը, սակայն, դեռ չի երևում»,- ասել է Կովալենկոն:

Ի դեպ, սա Ռուսաստանի նախկին դեսպանի միակ հոռետեսական արտահայտությունը չէ կարգավորման հեռանկարի վերաբերյալ: Մեկ այլ հարցին ի պատասխան՝ Մինսկի խմբում միջնորդ երկրի դիվանագետը նշել է.- «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մոդելը դժվար է պատկերացնել, քանի որ կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակասում են միմյանց, և այս տարիների ընթացքում մերձեցում չի արձանագրվում, փոխզիջման տարբերակ չի դիտարկվում»:

Այս դեպքում, ըստ դեսպանի, պատերազմը զսպելու ամենաարդյունավետ տարբերակը ռազմական հավասարակշռության պահպանումն է կողմերի միջև:

«Ներկայում ռազմական ներուժը գրեթե հավասար է, չնայած Բաքուն ավելի ու ավելի շատ զենք է գնում, և միգուցե քանակական առումով հայերը զիջում են, սակայն որակական հարաբերակցությամբ այդ հավասարակշռությունը պահում է նրանց խաղաղության, և ոչ պատերազմի մեջ»,- ասել է Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպանը՝ որևէ կերպ չմեկնաբանելով այդ փխրուն իրավիճակում Ադրբեջանին շարունակաբար զենք վաճառելու՝ Ռուսաստանի քայլերը:

Ուշագրավ է, որ լրագրողի հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը, ելնելով ծանր տնտեսական իրավիճակից ու բնակչության կենսամակարդակից, ի վերջո շրջվի դեպի Թուրքիա կամ Արևմուտք, եթե վերջիններս համագործակցության առավել շահավետ պայմաններ առաջակեն, Ռուսաստանի նախկին դեսպանը արձագանքել է.- «Հայաստանի քաղաքականությունը ավանդաբար եղել է կոմպլեմենտար և այդ կոմպլեմենտարությունն է կողմնորոշել Հայաստանին դեկլարատիվ հայտարարություններ անել Եվրամիություն մտնելու վերաբերյալ: Տևական ժամանակ արևմտյան փորձագետների աջակցությամբ Հայաստանը փաստաթղթեր էր պատրաստում Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիր ստորագրելու համար, սակայն վերջին պահին՝ սեպտեմբերի 3-ին, նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Մաքսային միություն մտնելու մասին: Սա երկու էլիտաների միջև շատ կոշտ պայքարի արդյունք էր, և Հայաստանը իր ընտրությունն արեց հօգուտ Ռուսաստանի»։

«Վեստնիկ Կավկազա» պարբերականի հետ զրույցում Հայաստանում 2009-2013 թվականներին Ռուսաստանի դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն նաև ընդգծել է՝ վերջին շրջանում Արևմուտքի կողմից ֆինանսական աջակցությունը, բարեգործությունները Հայաստանին գնալով նվազում են:

«Ինձ համար դժվար է բացատրել՝ ինչու, գուցե հիասթափությունն է պատճառը՝ Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությունից, գուցե արտաքին ուժերն են ազդում Ֆրանսիայի և Ամերիկայի հայկական համայնքների վրա, կամ գուցե երկու գործոնն էլ միասին»,- ասել է Կովալենկոն։