«Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցները Հայաստանում կզգացվեն գալիք տարվանից»

Your browser doesn’t support HTML5

Տնտեսագետների կարծիքով՝ ռուսական ընկերություններն ու բանկերը ստիպված կլինեն կրճատել իրենց հայաստանյան ներդրումները։

Ռուսաստանի նկատմամբ Միացյալ Նահանգների ու Եվրամիության սահմանած պատժամիջոցները բացասական ազդեցություն կունենան Հայաստանի վրա, քանի որ այստեղ ուղղակիորեն և անուղղակի գործող ռուսական ընկերությունները ստիպված են լինելու սահմանափակել կամ սառեցնել իրենց գործունեությունը Հայաստանում:

«Ազատության» հետ զրույցում այսպիսի նախազգուշացմամբ հանդես եկան միջազգային որակավորում ունեցող տնտեսագետները՝ ընդգծելով, որ Մոսկվայի նկատմամբ սահմանած պատժամիջոցները կսկսեն իրենց զգացնել տալ արդեն գալիք տարվանից:

Հարվարդի շրջանավարտ, Arrow Global ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի հետ սերտ տնտեսական կապեր ունեցող Հայաստանին պատժամիջոցները կարող են հարվածել երկու ճանապարհով՝ կկրճատվեն դրամական փոխանցումներն ու ներդրումները լճացում ապրող ռուսաստանյան տնտեսությունից: Մյուս կողմից, ռուսական ընկերություններն ու բանկերը ստիպված կլինեն կրճատել, եթե ոչ ընդհանրապես սառեցնել իրենց հայաստանյան ներդրումները, բիզնես ծրագրերը՝ միջոցները խնայելով պատժամիջոցների հետևանքների դեմ պայքարելու համար:

Ավետյանը բերեց «Նաիրիտ»-ի օրինակը: Եվրասիական միություն շտապող Հայաստանի իշխանությունները տարվա սկզբին հայտարարեցին, թե «Ռոսնեֆտ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել 400 միլիոն դոլար ներդնել՝ գործարանը վերակենդանացնելու համար:

Կես տարի է անցել, գործարքն այդպես էլ չկայացավ, իսկ այժմ «Ռոսնեֆտը» հայտնվել է պատժամիջոցների ներքո:

Այն, որ Ռուսաստանի նկատմամբ սահմանած պատժամիջոցները բացասաբար կազդեն Հայաստանի վրա, օրեր առաջ ընդունեց նաև էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

«Կարծում եմ որոշակի ազդեցություն կարող է ունենալ», - «Ազատության» հարցին ի պատասխան ասել էր Ճշմարիտյանը:

Հնարավոր է, որ պատժամիջոցների բացասական ազդեցությունը զգացվի նաև հայաստանյան բանկային ոլորտում:

««Ռոսնեֆտ»-ն էլ այս պահին որոշ չափով ներդրումային կապիտալ ունի ու արտարժույթով էլ բավականին կապիտալ ունի, բայց ներկա պահին կարծում եմ իրենք մտածում են, թե ոնց են դա պահելու և ավելի արդյունավետ օգտագործելու Ռուսաստանում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Սամսոն Ավետյանը:

Եվրամիության ու Միացյալ Նահանգների սահմանած նոր՝ ավելի խիստ պատժամիջոցների են ենթարկվել ռուսաստանյան պետական կապիտալ ունեցող մի շարք բանկեր, որոնցից «Գազպրոմբանկ»-ն ու «ՎՏԲ»-ն ներգրավված են Հայաստանում:

«Առէքսիմբանկ»-ի գլխավոր տնօրենի լրատվության գծով խորհրդական Ելենա Մարկովան այսօր «Ազատությանը» փոխանցեց, որ չնայած իրենց բանկի 100 տոկոսանոց սեփականատերը «Գազպրոմբանկն» է, բայց «Առէքսիմբանկ»-ը առանձին իրավաբանական անձ է, միջազգային ասպարեզում գործում է որպես առանձին սուբյեկտ, և պատժամիջոցները որևէ ազդեցություն չեն ունենա իրենց վրա:

«Կիրառված պատժամիջոցները ոչ մի կերպ չեն անդրադառնա «ՎՏԲ-Հայաստան բանկի» հաճախորդների վրա. բանկը շարունակելու է տրամադրել ծառայությունների ողջ տեսականին և կատարել պարտավորությունները ողջ ծավալով»,- ասված է «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ի տարածած հաղորդագրությունում:

Բանկը, սակայն, չի մանրամասնում, թե պատժամիջոցները ինչո՞ւ չեն անդրադառնա իր վրա:

Չնայած այս հավաստիացումներին, Եվրամիության հանձնաժողովի ծրագրերում ներգրավված, միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ «Առէկսիմբանկ»-ն ու «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, այնուամենայնիվ, չեն կարող չզգալ իրենց «մայր-կառույցների» ֆինանսական վիճակի վատացումը, քանի որ կարող են սահմանափակվել կամ սառեցվել «Գազպրոմբանկ»-ի ու «ՎՏԲ»-ի ծրագրերը՝ համապատասխանաբար, կապված «Առէկսիմբանկ»-ի ու «ՎՏԲ-Հայաստան բանկի»-ի հետ:

«Կա նաև, այսպես ասած, հասարակական կարծիք, որը բանկերի վրա շատ է ազդում: Եթե, օրինակ, ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, թեկուզ ավանդատու, լսում են, որ սանկցիաներ են սկսվել ռուսական բանկերի հանդեպ, և գիտեն, որ այս բանկերը կապված են Ռուսաստանի հետ, Ձեր կարծիքով ավանդատուն ո՞ր բանկը կգնա: Այստեղ է, որ Հայաստանի կառավարությունը պետք է մտածի, որովհետև այս երկու բանկերի վիճակը, դա միայն ավանդատուների կամ սեփականատերերի վիճակը չէ, բանկերը այսօր զգալի մաս են կազմում Հայաստանի բանկային համակարգում», - ասաց Իգիթյանը: