Պատժամիջոցների թիրախը` էներգետիկա, զենք և ֆինանսներ
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման քիչ առաջ հայտնեց, որ Վաշինգտոնը նոր` սեկտորային պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։
«Էներգետիկա, զենք և ֆինանսներ։ Մենք արգելափակում ենք որոշակի արտադրանքի արտահանումը, ընդարձակում ենք պատժամիջոցների ցանկում ընդգրկված բանկերի և ռազմաարդյունաբերական համալիրի ընկերությունների թիվը, պաշտոնապես սառեցնում ենք դեպի Ռուսաստան էքսպորտը խրախուսող վարկերը և արգելափակում ռուսական տնտեսական զարգացմանն ուղղված ծրագրերի ֆինանսավորումը»,- ասել է ԱՄՆ ղեկավարը։
Նա հայտնել է, որ Ամերիկային է միանում Եվրոպական միությունը, որը նոր` խոշոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ։ Օբամայի փոխանցմամբ, եվրոպական պատժամիջոցները վերաբերում են ռուսական ռազմական արդյունաբերությանը, էներգետիկային, տեխնոլոգիաներին և բանկերին, ինչը դժվարություններ կստեղծի ռուսների համար ապագայում նավթարդյունաբերությունը զարգացնելու հարցում։
Ըստ ամերիկյան լրատվամիջոցների, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանում, մասնավորապես, «Մոսկվայի բանկի», «Ռուսաստանի ագրոբանկի» և ՎՏԲ բանկի նկատմամբ։
Բացի այդ, ըստ Օբամայի, Եվրամիությունը արգելափակում է Ռուսաստանի հետ զենքի և զինատեսակների առևտուրը։
Ռուսաստանը շարունակում է աջակցել անջատականներին
Օբաման նշել է, որ այդ նոր պատժամիջոցներն այսօրվա դրությամբ ամենակոշտն են և «դեռ կարող են է'լ ավելի ծանր լինել»։ Նրա խոսքերով, Ռուսաստանը շարունակում է ռազմական օգնություն տրամադրել Ուկրաինայի արևելքի ռուս անջատականներին, հրետակոծում է Ուկրաինայի տարածքը, հզոր ուժեր է կուտակում Ուկրաինայի սահմանի մոտ, խոչընդոտում է մալազիական օդանավի կործանման հանգամանքները բացահայտելու գործընթացը։
Օբաման ասաց, որ ԱՄՆ-ը համակարգում է գործողությունները դաշնակիցների հետ, և հայտնեց, որ ինքը հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Ավստրալիայի վարչապետերի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի քանցլերի հետ։
«Պատժամիջոցները հարված են հասցնում Մոսկվային, և Ռուսաստանի առանց այն էլ թույլ տնտեսությունն է'լ ավելի է թուլանում, օտարերկրացի ներդրողներն արդեն խուսափում են Ռուսաստանից։ Ենթադրվում է, որ այս գործողությունների հետևանքով Ռուսաստանից «դրամագլխի փախուստի» ծավալը կկազմի մոտ հարյուր միլիարդ դոլար, Ռուսաստանի ռազմաարդյունաբերությունը, էներգետիկան և ֆինանսական համակարգը կզգան այդ ցավը»,- ասել է Օբաման։
Օբամայի խոսքերով, այսօր Ռուսաստանն ինքն իրեն է'լ ավելի է մեկուսացնում միջազգային համայնքից, առաջընթացի փոխարեն տասնամյակների նահանջ է գրանցում։
Օբաման ասաց, թե ԱՄՆ-ը և դաշնակիցները համոզված են, որ ուկրաինական ճգնաժամը հնարավոր է կարգավորել միայն դիվանագիտական ճանապարհով։
«Մենք մեր խոսքը գործով ենք հաստատում»
«Եթե Ռուսաստանը շարունակի իր այս գործողությունները, ապա վճարելիք գինն ավելի մեծ կլինի։ Այսօրվա մեր որոշումն ապացուցում է, որ մենք մեր խոսքը գործով ենք հաստատում»,- ընդգծել է Օբաման։
«Սա նոր «սառը պատերազմ» չէ, սա կոնկրետ խնդիր է, որը առնչվում է սեփական ճանապարհով շարժվելու Ուկրաինայի իրավունքը ճանաչելու Ռուսաստանի չկամությանը, այսպես չպետք է լիներ, բայց սա Ռուսաստանի և մասնավորապես [Վլադիմիր] Պուտինի ընտրությունն էր»,- ասել է Օբաման։
«Այս ճգնաժամի խաղաղ լուծումը ենթադրում է Ուկրաինայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և Ուկրաինայի ժողովրդի անկախության ճանաչում»,- հայտարարել է ԱՄՆ-ի ղեկավարը։