Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի խոսքով՝ մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել:
Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման հույս հայտնելով՝ Հեֆերնը նաև փոխանցեց, որ Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերրին վերստին հանձնարարել է ամերիկյան դիվանագիտության ներկայացուցիչներին խաղաղ կարգավորում գտնել ղարաբաղյան հակամարտության համար:
Միացյալ Նահանգների դեսպանը, սակայն, չմանրամասնեց՝ արդյոք այդ նոր հանձնարարությունը նշանակում է հանդես գալ նո՛ր նախաձեռնությամբ, կարգավորման նո՛ր նախագծով:
Այս առումով ուշագրավ էր Լեռնային Ղարաբաղի վարչապետ Արա Հարությունյանի օրերս արված հայտարարությունը, որ Մադրիդյան սկզբունքները անընդունելի են Ստեփանակերտի համար:
«Ինչպես գիտեք, Միացյալ Նահանգները ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից է և [ղարաբաղյան] հակամարտության կարգավորման գործում հանդես է գալիս որպես միջնորդ: Համանախագահները կանոնավոր հանդիպումներ են ունենում կողմերի հետ՝ հետագա քայլերը քննարկելու համար: Հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահների միջև հանդիպում տեղի կունենա: Սակայն համանախագահների ուղերձը շատ հստակ է ու հետևողական՝ այս հակամարտության լուծման համար կա միայն մեկ ճանապարհ՝ բանակցված, խաղաղ լուծում: Նրանք խստորեն քննադատում են ռազմական հռետորաբանությունը, դատապարտում են հրադադարի խախտումները և իրենց վշտակցությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր տուժում են սահմանային միջադեպերի հետևանքով: Պետքարտուղար Քերրին վերստին հանձնարարել է մեզ՝ խաղաղ կարգավորում գտնել այս հակամարտության համար»,- ասաց դեսպանը։
Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկայում սպասվող հանդիպման մասին՝ դեսպան Ջոն Հեֆերնը հավելեց.- «Մենք շարունակելու ենք կողմերին հորդորել, որպեսզի հնարավորինս հաճախ հանդիպումներ ունենան, հարցերը միասին քննության առնեն: Մենք հույս ունենք, որ ոչ հեռու ապագայում նախագահները կհանդիպեն: Չեմ կանխատեսում, որ այդ հանդիպման ընթացքում «ճեղքում» կգրանցվի, սակայն հանդիպումները կարևոր են, երկխոսությունը էական է՝ այս հակամարտությանը խաղաղ կարգավորում գտնելու համար»:
Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում լարվածության աննախադեպ աճին զուգահեռ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները այլևս հազվադեպ են հանդիպում: Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի վերջին բանակցությունները անցած նոյեմբերին էին՝ Վիեննայում, իսկ մինչ այդ երկու երկրների ղեկավարները չէին հանդիպել շուրջ երկու տարի:
Բանակցային գործընթացում այս իրավիճակն առաջացավ հատկապես այն բանից հետո, երբ 2012 թ. օգոստոսին Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց մարդասպան Ռամիլ Սաֆարովին, ով ժամեր անց Բաքվում Ադրբեջանի նախագահի կողմից ներում ստացավ:
Փորձագետները խոսում են բանակցային գործընթացում ի հայտ եկած փակուղու մասին:
Այս հուլիսի 11-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնում առաջադրել է այժմ Բեյրութում ԱՄՆ փոխդեսպան Ռիչարդ Միլսի թեկնածությունը։
Եվ ահա այսօր խոսելով նոր դեսպանի առաքելության առաջնահերթությունների մասին՝ Հեֆերնն ասաց.- «Ինձ համար, վստահ եմ նաև ինձ փոխարինող դեսպանի համար կշարունակի գերակայություն մնալ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և հայաստանցիների համար աշխատատեղերի, տնտեսական հնարավորությունների ստեղծումը»:
Լրագրողներից մեկի հարցին՝ արդյո՞ք նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը լավագույն անձն էր՝ Հայաստանը ԱՄՆ-ում ներկայացնելու համար, եթե հաշվի առնենք օֆշորային սկանդալը, Ջոն Հեֆերնը արձագանքեց.- «Յուրաքանչյուր երկիր ինքն է ընտրում իր դեսպաններին, ովքեր պետք է իրենց պետությունը ներկայացնեն օտար երկրներում: Տարիներ շարունակ աշխատել ենք Տիգրան Սարգսյանի հետ, երբ նա վարչապետ էր, և վստահ եմ՝ կշարունակենք նրա հետ աշխատել՝ որպես Վաշինգտոնում Հայաստանի դեսպան»: