Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը զգուշացնում է ադրբեջանցիներին՝ «Հայոց աշխարհում գտնելու եք ձեր վախճանը»


Սերժ Սարգսյանի ելույթը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի հանդիսավոր արարողությանը
Սերժ Սարգսյանի ելույթը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի հանդիսավոր արարողությանը

«Այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ»,- այսօր հայտարարել է Հայաստանի նախագահը:

«Այլևս անցել են այն ժամանակները, երբ հայ մարդուն վնասելը մնում էր անպատիժ»,- այսօր հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ելույթ ունենալով Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի հիմնադրման 20-րդ տարեդարձի հանդիսավոր արարողությանը:

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի ունեցած միջոցառմանը, դիմելով ռազմաուսումնական հաստատությունների այս տարվա շրջանավարտներին, Սերժ Սարգսյանը հորդորել է վնասազերծել հակառակորդի ոտնձգությունները: Այդուհանդերձ, նախագահը ուղղակիորեն չի անդրադարձել ո՛չ վերջին շրջանում սահմանին հնչող կրակոցներին, ո՛չ էլ մարդկային զոհերով ավարտված դիվերսիոն երկու փորձերին:

«Դիպուկահար զենքով մեզ թիրախավորող, մեր թիկունքում դավադիր ոտնձգություններ իրականացնել ցանկացող և մեր դեմ լայնածավալ ռազմական գործողություններ պլանավորող հակառակորդին ասում ենք. «Զգու՛յշ եղեք, սա Հայոց աշխարհն է, որտեղ գտնելու եք ձեր վախճանը»: Եվ ես շնորհակալ եմ ձեզնից, որ ընտրելով սպայի մասնագիտությունը՝ գիտակցաբար ու անմնացորդ նվիրումով դարձել եք այս պատվիրանների հետևորդները ու դրանք գործով իրականացնողները: Սակայն ես հրամայում եմ ձեզ, խնդրում եմ, տղանե՛ր, անել ամեն ինչ, հերոսանալու ոչ թե սեփական կյանքը կորցնելու, այլ մեր աշխարհի անդորրը խաթարող ելուզակներին վնասազերծելու միջոցով: Դուք հայրենիքին շատ եք պետք», - մասնավորապես, ասել է Սերժ Սարգսյանը:

Դիվերսիան կրկնելու փորձի և սահմանամերձ գյուղերի երեկվա գնդակոծությանը բավական կոշտ է արձագանքում պաշտոնական Ստեփանակերտը: Ինչպես «Ազատության» հետ զրույցում շեշտում էր Լեռնային Ղարաբաղի նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանը, Ադրբեջանն ինքը դիվերսիոն պետություն է և պետք չէ զարմանալ այս գործելաոճից:

«Երբ կա մոլագար, կամ մանյակ՝ նրա մտածելակերպը ուրիշ է, չէ՞: Նույնը մենք ունենք այս իրավիճակում: Այսինքն, Ադրբեջանի պետականաշինության հիմքում ընկած է հենց ահաբեկչությունը, որը դրսևորվում է թե՛ հարևանների հետ հարաբերությունների ժամանակ, թե՛ ցանկացած ոլորտում, նույնիսկ իրենց ներքին կյանքում: Գիտեք ինչպիսի հետապնդումների են նրանք ենթարկում մարդու իրավունքների պաշտպաններին՝ Լեյլա Յունուսին, մնացածներին, ինչպիսի սպառնալիքներ․․․ սա այդ պետության էությունն է», - ասում է նա:

Բակո Սահակյանի խոսնակի համոզմամբ, ագրեսիայի պարբերական դրսևորումներով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փորձում է ճնշում բանեցնել միջազգային հանրության վրա, շանտաժի ենթարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Միաժամանակ Դավիթ Բաբայանը չի շտապում սա կապել Կրեմլի նախաձեռնած Եվրասիական միությանը Հայաստանի մոտալուտ անդամակցության հետ:

Դավիթ Բաբայան
Դավիթ Բաբայան

«Նույն Սաֆարովի հերոսացման ժամանակ որևէ Եվրասիական միությանը անդամակցելու խնդիր չկար, ուղղակի այդ պետությունը ահաբեկչական է, սա իրենց էությունն է: Ինչպես, ասենք, խենթ մարդիկ՝ պարբերաբար իրենց մոտ ինչ-որ նոպաներ է սկսվում, նույնը իրենց մոտ է», - ասում է նա:

Այդուհանդերձ Ղարաբաղի իշխանությունները դեմ չեն, որ իրականություն դառնա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նախաձեռնությունը և Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը նորից բանակցությունների սեղանի շուրջ նստեն:

«Ուղղակի ճար չկա, պիտի նման հանդիպումներ լինեն, որովհետև խաղաղությունը, ինչքան էլ, որ այն հարաբերական չլինի, շատ ավելի գերադասելի է: Դա չի նշանակում, որ մենք պատրաստ չենք կամ վախենում ենք: Ոչ, ամենևին: Ընդհակառակը, մենք ոչ միայն պատրաստ ենք, այլև այս անգամ, իհարկե՝ իրավիճակը լրիվ ուրիշ է լինելու, բայց ցանկացած նորմալ մարդ, նորմալ պետություն, ժողովուրդ, նամանավանդ ով անցել է այս պատերազմի միջով, երբեք չի ուզի դրա կրկնությունը», - մեկնաբանում է Բաբայանը:

Մեկնաբանելով Սերժ Սարգսյանի նախօրեին արված հայտարարությունը, թե ճիշտ չի համարում սահմանամերձ գյուղերի բնակիչներին զինելը, ինչի անհրաժեշտության մասին խոսում են ռազմական փորձագետներն ու նախկին զինվորականները, Դավիթ Բաբայանն ասաց, թե դրա կարիքը չկա, քանի որ բանակը կատարում է իր առջև դրված խնդիրը:

«Կա բանակ, Զինված ուժեր՝ նրանք էլ ապահովում են անվտանգությունը: Կա ոստիկանություն, այլ մարմիններ: Հո պարտիզանական կռիվ չէ՞ սա, չէ՞», - հարցնում է նա:

XS
SM
MD
LG