Նույնիսկ մասնավոր հատվածի աշխատողների համար պարտադիր վճարներից հրաժարվելը բարդ է

Հարկային մարմինները աշխատավարձերից սոցիալական վճարներ չգանձելու դիմումները միշտ չէ, որ պատրաստակամությամբ են ընդունում:

«Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքի ընդունումից հետո անգամ, մասնավոր հատվածի որոշ աշխատողներ պնդում են, թե չեն կարողանում հեշտորեն հրաժարվել պարտադիր գանձումներից՝ շարունակական ճնշումների ու սպառնալիքների պատճառով:

Հիշեցնենք, որ օրենքում կատարված փոփոխություններից հետո պարտադիրը գործում է միայն պետական հատվածի աշխատողների համար, մինչդեռ մասնավոր հատվածի վրա օրենքը կտարածվի 2017թ-ի հուլիսի 1-ից հետո միայն:

Չնայած դրան, «Դ!եմ եմ» շարժման անդամ իրավաբան Սրբուհի Ղազարյանի խոսքով՝ բողոքներ կան, որ այսօր էլ հարկային մարմինները միշտ չէ, որ ընդունում են աշխատավարձերից սոցիալական վճարներ չհաշվարկելու և չգանձելու՝ մասնավոր հատվածից ստացված դիմումները։

«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի ընկերություններից մեկի հաշվապահը ներկայացրել էր հարկային մարմիններ և զանգահարել էին ճշտելու համար, թե այդ դիմումների հետ իրենք ի՞նչ պետք է անեն: Բավականին հետաքրքիր արձագանք էր, տեղյակ չէին... Եվ հաշվապահը նկատառում էր արել, որ նոր օրենքով է նախատեսված: Արձագանքը էնպիսին էր, որ իրենք օրենքը չեն ընթերցել: Անցած շաբաթ կրկին մեկ արձագանք եղավ բանկային հատվածից, որտեղ հորդորներով, համոզելով և սպառնալիքներով փորձում են համոզել աշխատակիցներին դիմումներ չներկայացնել», - նշեց Սրբուհի Ղազարյանը:

Ոչ աշխատանքային օրվա պատճառով, Ֆինանսների նախարարությունից և Կենտրոնական բանկից պարզաբանումներ ստանալ չհաջողվեց:

Այս նոր օրենքի հետ կապված մեկ այլ խնդիր էլ է առաջ եկել. նոր օրենքի ընդունումից հետո, պետական հատվածից աշխատողները փորձելու են մասնավորի անցնել՝ պարտադիր վճարումները գոնե երեք տարով հետաձգելու համար:

Սրբուհի Ղազարյանը նրանցից մեկն է։ Ժամանակին աշխատել է քաղաքապետարանին կից կառույցում, որտեղ նրա աշխատավարձից պարտադիր պահումներ են արվել՝ հակառակ իր կամքի: Հիմա իրավաբանը դատական հայց է ներկայարցրել ընդդեմ քաղքապետարանի և պահանջում է հետ վերադարձնել աշխատավարձից արված պահումները:

Հիշեցնենք, որ համաձայն նոր օրենքի՝ գումարների հետ վերադարձի համար քաղաքացիները սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ժամանակահատվածում դիմում պետք է ներկայացնեն Կենտրոնական դեպոզիտարիա, իսկ պահված աշխատավարձը հնարավոր կլինի հետ ստանալ միայն 2015 թվականին:

Իրավաբանը, սակայն, վստահ է, որ դատական կարգով գումարների ետ վերադարձը շատ ավելի արդյունավետ տարբերակ է:

«Որևիցե մեխանիզմ նշված չէ՝ եթե անձը ինչ-ինչ պատճառներով մինչև 2014 թվականի դեկտեմբերը դիմում չներկայացնի դեպոզիտարիա, ի՞նչ մեխանիզմներով այդ գումարները հետ կստանան, այդ իսկ պատճառով, իմ խորին համոզմամբ, դատական կարգով գումարների վերադարձը շատ ավելի արդյունավետ կլինի»,- ասաց Ղազարյանը։

«Դ!եմ եմ»շարժումը, ըստ Ղազարյանի, չի համակերպվելու ստեղծված իրավիճակին․ ժամանակավոր դադար է վերցրել իրավիճակը գնահատելու և աշնանը նոր թափով պայքարի դուրս գալու համար:

Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարան դիմելու հնարավորությանը, այս պահի դրությամբ, «Դ!եմ եմ»-ը այս հարցի շուրջ դեռևս պաշտոնական դիրքորոշումով չի շտապում հանդես գալ։

«Կարծում եմ, մի վտանգ կլինի այդտեղ, որ հերթական ծուղակը կարող է լինել իշխանությունների կողմից՝ այդ գործընթացը կրկին ՍԴ տանելու և կրկին 6 ամիս իրավական ակտերի փոփոխություն... թե դա ինչին կհանգեցնի, մենք խնդիր ունենք այդտեղ հասկանալու», - ասաց Ղազարյանը:

Ավելի վաղ Դաշնակցության պատգամավորները նշել էին, թե չի բացառվում, որ խորհրդարանի ոչ իշխանական քառյակն այս հարցով կրկին դիմի ՍԴ, և որ այժմ այդ խնդրի շուրջ քննարկումներ են ընթանում: Այսօր, սակայն, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մեզ փոխանցեց, որ քառյակը դեռևս չի քննարկել բարձր դատարան կրկին դիմելու հարցը: