Ժիրայր Սեֆիլյան. Զինադադարի պայմանագիրը պետք է վերափոխվի

Your browser doesn’t support HTML5

Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, «Նախախորհրդարան» ազգային-քաղաքական կազմակերպության քարտուղարության համակարգող Ժիրայր Սեֆիլյանը կարծում է, որ սխալ է մի քանի դիվերսիայի պատճառով եզրակացնել, թե հայկական բանակը թույլ է:

«Ոչ ոք թող չկարծի, որ կան սահմաններ, որոնք բացարձակ անձեռնմխելի են: Այդպիսի բան չկա», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա` այդուհանդերձ համոզմունք հայտնելով, թե զինադադարի պայմանագիրը պետք է վերափոխվի. մասնավորապես, պետք է հստակեցվեն ձեռք բերված պայմանավորվածությունների խախտման համար նախատեսված պատասխանատվության ձևերը:

Սեֆիլյանը հիշեցրեց, որ հրադադարի համաձայնագիրը կնքվել է հակառակորդի խնդրանքով:

Սահմանին կատարվող իրադարձությունների պատասխանատուն, նրա խոսքով, Հայաստանի այսօրվա քաղաքական իշխանությունն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ. - «Զինադադարը ծնել է մի անհեթեթ փաստաթուղթ, որի արդյունքում, եթե հակառակորդը ընթացքում խախտումներ է կատարում, այդ պայմանագրում չկան համապատասխան կետեր, որոնց միջոցով քաղաքականապես դու կարողանալու ես նրանց ճնշել և պարտադրել տվյալ պայմանագրի կետը: Որ պետք է [հրադադարի համաձայնագիրը] վերափոխվի, վերանայվի` անպայման: Սակայն այս քաղաքական ղեկավարությունից սպասել այդպիսի բան` իմաստ չունի»:

Ղարաբաղյան պատերազմում ինքնապաշտպանական և ազատագրական մարտերում մեծ փորձ ունեցող Սեֆիլյանի կարծիքով, Հայաստանը սահմանի պաշտպանական համակարգը վերանայելու խնդիր ունի. այսօր մեր դիրքերը պաշտպանվում են այնպես, ինչպես պատերազմի ժամանակ, իսկ Սեֆիլյանն այս քաղաքականությունը որակում է «ուժերի ջլատում»:

Նա առաջարկում է նվազեցնել սահմանապահների թիվը, օգտագործել մեր գիտնականների հայտնաբերած գերզգայուն գործիքները. - «Սահմանը պետք է հսկվի, հսկողության մեխանիզմի տրամաբանությունը պետք է լինի, այլ ոչ թե, այսպես ասած, մարտական իրավիճակի հսկողություն ամենօրյա… Եթե այդպես է, ապա հասնում ենք այստեղ և մեզ միայն դրանով մաշում ենք»:

Սեֆիլյանը անհրաժեշտ է համարում, որ պաշտպանական համակարգում ներգրավվի բնակչությունը. - «Ինչպես որ շվեյցարական բանակն է: Մոբիլիզացիան շատ արագ լինելու, առհասարակ զենքի նկատմամբ վերաբերմունքի դրսևորումը պիտի փոխվի: Զենք հասկացողությունը խորքի մեջ սուրբ հասկացողություն է. դա մի միջոց է, որի միջոցով դու կյանք ես փրկում, կյանք ես պահում: Մեր պաշտպանական համակարգի տրամաբանությունը այլ պիտի լիներ: Բանակ - պետություն, ազգ - պետություն, ազգաբնակչություն, պաշտպանություն, պաշտպանական բանակ. այս ամբողջը մի միավոր պիտի լիներ: Սակայն, քանի որ ունենք այնպիսի ռեժիմ, որ խնդիր ունի ոչ թե երկիրը հզորացնելու, զարգացնելու, այլ նրա նպատակը միշտ եղել է իր իշխանությունը պահելը, այդ պատճառով այսօր ունենք զինաթափված ժողովուրդ: Այսօր ոչ միայն Քարվաճառն է վտանգված: Արարատյան դաշտն է, Գյումրին է վտանգված, ամբողջ Սյունիքն է վտանգված»:

Հայաստանի հարավ-արևմտյան սահմանի միջադեպերը, ըստ Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատարի, հրահրում է Ռուսաստանը. ճնշում է թե' Հայաստանին, թե' Ադրբեջանին. - «Նախիջևանյան ճակատի ակտիվացումը, իմ համոզմամբ, տեղի է ունեցել երրորդ կողմի թելադրանքով: Քանի որ մենք գտնվում ենք մի պրոցեսում, որտեղ Ռուսաստանը փորձում է ոչ միայն համոզել Ադրբեջանին օր առաջ դեպի Եվրասիական տնտեսական միության ներգրավումը, նաև փորձում է ճնշել: Ճնշման միջոցներից մեկը նաև հայերն են: Այսինքն նա [Ռուսաստանը], կուլ տված լինելով Հայաստանը, փորձում է հասկացնել Ադրբեջանին, որ երբ ուզեմ, ես կարող եմ օգտագործել հայերին քեզ ճնշելու: Զորօրինակ, Նախիջևանում ինչ տեղի ունեցավ: Այնտեղ բոլորս տեղյակ ենք, որ բավականին մեծ տարածք հայկական կողմը դիրքերը առաջ է տարել: Հետաքրքիր է ինչո՞ւ տարիներ առաջ տեղի չէր ունենում այդ ամբողջը, այն դեպքում, որ իմ տեղեկություններով, այն հատվածները, որ մենք առաջ ենք գնացել, հիմնականում չեզոք տարածներ են... Ինչո՞ւ այսօր տեղի ունեցավ դա: Ես դա վերագրում եմ երրորդ կողմի կողմից հրահրված հրահանգ: Ես կարող եմ ասել, որ Բաղրամյան 26-ը դրանից տեղյակ էլ չէ»:

Ժիրայր Սեֆիլյանը քիչ հավանական է համարում պատերազմի վերսկսումը, սակայն չի բացառում ռուսների հրահրած «կարճաժամկետ գործողությունների» հավանականությունը: Նա ասաց, որ պատերազմի դեպքում լինելու է առաջին գծում. - «Կարող են այնքան սրել իրավիճակը` ապացուցելու համար այն հանգամանքը, որ ազերիներն ու հայերը իրենք իրենց ուժերով այլևս հնարավոր չէ խաղաղություն պահպանել, և այս անգամ ոչ թե ռուսական օկուպացիոն զորքը մտնում է Ղրիմ, այս անգամ ռուսական «ազատարար» զորքը գալիս է Արցախ: Ինչը, ես կարծում եմ, ամեն գնով հայերի կողմից պետք է կանխվի»: