«Հակառակորդի կողմից դիվերսիոն հետախուզական խմբերի ներթափանցման փորձերն ու բացարձակ հարձակումը այս տարի բավականին աճել են։ Դրանց հետևանքով ունեցել ենք կորուստներ»,- այսօր Վանաձորում պատասխանելով «Ազատության» հարցին ասաց Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը։
Նախարարը Վանաձոր էր եկել շնորհակալություն հայտնելու Պաշտպանության բանակի 104 աչքի ընկած լոռեցի զինծառայողների ծնողներին, միաժամանակ հուշամեդալներով ու պատվոգրերով պարգևատրեց ղարաբաղյան պատերազմի մի շարք ազատամարտիկների։
Անդրադառնալով շփման գծում տեղի ունեցող դեպքերին՝ Հակոբյանն ընդգծեց՝ «չնայած հակառակորդի ակտիվությանը սահմանում զոհերի թիվը տարեցտարի նվազում է, իսկ հակառակորդը ստանում է արժանի պատասխանը»։
«Ցավոք, այդպիսի դեպքեր մենք ունենում ենք, բայց բանակը ստեղծված է հայրենիքը պաշտպանելու համար։ Հայ զինվորը սահմանին շատ պինդ ու վստահ է կանգնած։ Ցանկացած այդպիսի ոտնձգություն համարժեք խիստ պատասխան է ստանում մեր զինվորի կողմից։ Վստահ եղեք, որ հակառակորդը ցանկացած այդպիսի գործողությունից հետո մեծ ափսոսանք է ապրում»,- ասաց Ղարաբաղի պաշտպանության նախարարը։
Թե ինչով է պայմանավորված շփման գծում հակառակորդի ակտիվություն, Հակոբյանն այսպես մեկնաբանեց.- «Մի քանի գործոններ կան։ Առաջինը՝ Ադրբեջանը ամեն կերպ փորձում է վնաս պատճառել հայ զինվորին և հայ ընտանիքին։ Երկրորդը՝ փորձում շանտաժի ենթարկել միջնորդ երկրներին, որոնք զբաղվում են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ։ Եվ երրորդ՝ վարժում է իր զորքը, փորձում է բարձրացնել իր զորքի մարտունակությունը և նաև որոշակի ներքաղաքական խնդիրներ է լուծում»։
Անդրադառնալով խաղաղ պայմաններում մահվան դեպքերին՝ նախարարը միայն մի դեպք հիշեց, որը կապված էր զենքի հետ անզգույշ վարվելու հետ։ Մնացած բոլոր դեպքերում զոհերը հակառակորդի գործողությունների հետևանք են եղել։
Հակոբյանը խուսափեց պատասխան «Ազատության» հարցին, թե արդյոք իրեն չի մտահոգո՞ւմ այն հանգամանքը, որ Ռուսաստանը Ադրբեջանին մեծ քանակությամբ սպառազինություն է վաճառում։ Ասաց՝ ինքը միայն զբաղվում է բանակի խնդիրներով։