Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը տեղեկացնում է, որ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ իրականացվող գործողությունը:
Your browser doesn’t support HTML5
Արդյունքում հայկական ուժերի կողմից խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են, տեղեկացնում է ղարաբաղյան կողմը՝ չմանրամասնելով, թե քանի նոր դիվերսանտ է սպանվել կամ գերեվարվել:
Սակայն հայաստանյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ այսօր կեսօրին հայկական ուժերը վնասազերծել են ադրբեջանցի երրորդ դիվերսանտին:
Հիշեցնենք՝ անցած ուրբաթ օրը դիվերսիոն խմբի մեկ այլ անդամ Քարվաճառի (Քելբաջար) հատվածում հարձակվել էր ճանապարհով ընթացող «Նիվա» մակնիշի քաղաքացիական համարանիշներով ավտոմեքենայի վրա, սպանել մեքենայում գտնվող 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին և վիրավորել մեկ այլ զինծառայողի կնոջ՝ 37-ամյա Կարինե Դավթյանին։ Ավելի ուշ ադրբեջանցի դիվերսանտը սպանվել է հայկական ուժերի կողմից:
Կարինե Դավթյանը, ով Քարվաճառ էր մեկնել այնտեղ ծառայող ամուսնուն տեսնելու նպատակով, այժմ գտնվում է ծանր կայուն վիճակում:
Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Հայաստանի պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, Կարինե Դավթյանը հրազենային վիրավորում է ստացել ձախ քունքային հատվածում, գնդակը դուրս է եկել ճակատային հատվածից: Կնոջ աչքը վնասվել է, նա ժամանակ առ ժամանակ գիտակցության է գալիս:
Նշենք, որ Ղարաբաղի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ սպանված դիվերսանտը Քարվաճառ ներթափանցած ադրբեջանական հետախուզական խմբի անդամներից է: Նրա մասին մանրամասներ չեն հրապարակվում:
Խմբի անդամներից մյուսին՝ Շահբազ Գուլիևին դեռևս անցած հինգշաբթի էր հաջողվել ձերբակալել:
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակը վստահեցնում է, որ ադրբեջանական դիվերսիոն խմբի բոլոր անդամները գերեվարված կամ ոչնչացված են:
Ի դեպ Yerkir.am կայքը այսօր հրապարակել է ադրբեջանցի դիվերսանտների կողմից նկարահանված մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները Քարվաճառի ճանապարհի մոտ խորոված անում: Նրանք ցուցադրում են խորովածի միսը, «Ջերմուկի» շիշը, ապա կադրում ցույց են տալիս Քարվաճառ տանող ճանապարհի ցուցանակը, մոտակայքում գտնվող մի տուն: Հայաստանի պաշտպանության նախարարի խոսնակը հաստատել է, որ այդ տեսանյութը արվել է դիվերսանտների կողմից՝ խոստանալով առաջիկայում ավելի որակյալ տեսանյութ հրապարակել: Թե կոնկրետ ինչ նպատակ է ունեցել խումբը՝ առայժմ մանրամասներ չեն հաղորդվում:
Գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, ով նոր է վերադարձել Ղարաբաղից, «Ազատության» հետ զրույցում նշեց, որ այժմ քննություն է ընթանում, որի արդյունքում էլ պարզ կդառնա դիվերսիոն խմբի նպատակը: