Մատչելիության հղումներ

Հայաստանում ու Ղարաբաղում արձագանքում են Ուորլիքի վերջին հայտարարությանը


Հայաստանում ու Ղարաբաղում արձագանքում են Ուորլիքի վերջին հայտարարությանը
please wait

No media source currently available

0:00 0:03:50 0:00

Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի ամերիկացի համանագահի հայտարարությունը տարակերպ արձագանքների է արժանանում Հայաստանում, Ադրբեջանում ու Լեռնային Ղարաբաղում:

Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի համոզմամբ` Մինսկի խումբը պետք է ավելի շատ Ադրբեջանով զբաղվի, որպեսզի Ադրբեջանն ընդունի մշակված առաջարկները:

Արտակ Զաքարյանն իր համոզմունքն արտահայտեց «Ազատության» հետ զրույցում անդրադառնալով Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե ղարաբաղյան ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում:

«Հայաստանի դիրքորոշումներն ու հայտարարությունները միշտ համահունչ են եղել Մինսկի խմբի և միջազգային հանրության դիրքորոշումներին և մոտեցումներին: Հետևաբար ակնհայտ է դառնում, որ ադրբեջանական կողմի մոտեցումները մի նպատակ ունեն` խաթարել գործընթացը, այն խաղաղ հունից տեղափոխել ռազմական հուն», - նշեց պատգամավորը:

Զաքարյանը տարածաշրջանի անվտանգության գլխավոր սպառնալիքը համարում է Ադրբեջանը, իսկ ստատուս քվոն, ըստ նրա, այսօր այն երաշխիքներից մեկն է, որը հնարավորություն է տալիս պահպանել խաղաղությունը. - «Դրա հիմնական պատճառն այն է, որ Մինսկի խումբը չի պարտադրում իր առաջարկները Ադրբեջանին և թույլ է տալիս, որպեսզի Ադրբեջանը պարբերաբար խոչընդոտի, ձեռք բերված պայմանավորվածություններից շեղվի կամ դրանք արհամարհի»:

«Որևէ մեկը Հայաստանին չի էլ մեղադրել ռազմական գործողություններ սադրելու մեջ», - «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը: Նրա խոսքով` թեև Ուորլիքի հայտարարությունը հասցեական չէ, բայց այն Ադրբեջանին է վերաբերում. - «Միացյալ Նահանգները և ընդհանրապես Արևմուտքը, արևմտյան համանախագահները Մինսկի խմբում ունեն լուրջ մտահոգություններ, որ տարածաշրջանում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Պատահական չէ, որ Ուորլիքը խոսում է, որ ներկայիս ստատուս քվոն կարող է ուղղակի վերափոխվել պատերազմի»:

Ադրբեջանն ու Ռուսաստանը, Սաֆարյանի կարծիքով, ԵԱՀԿ-ի դերակատարումն այլ կերպ են տեսնում. Ռուսաստանը ցանկանում է խնդիրը դուրս բերել Մինսկի խմբի շրջանակներից` ունենալով առավելապես իր վերահսկողության ներքո գտնվող հակամարտություն: Վերլուծաբանը ենթադրում է, որ Միացյալ Նահանգներին մտահոգում են հատկապես ռուս-ադրբեջանական այդ ծրագրերը. - «Միացյալ Նահանգներին կամ Եվրոպային, նաև Հայաստանին չի կարող չանհանգստացնել այն, որ Մինսկի խմբի և ԵԱՀԿ-ի նկատմամբ ջախջախիչ քննադատությունը հավասարապես նկատելի է ոչ միայն Ադրբեջանի ղեկավարության, այլ նաև Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ: Այսինքն Ռուսաստանը և Ադրբեջանը չափազանց նույնական դիրքորոշումներ ունեն»:

Մեր դիվանագիտական աղբյուրները փոխանցում են, որ առայժմ հայտնի չեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամկետներ: Նման առաջարկ Ֆրանսիայի նախագահից էր հնչել:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ Մինսկի խմբի համար առաջնային խնդիրն այսօր այդ հանդիպումը կազմակերպելն ու մի փաստաթղթի ստորագրմանը հասցնելն է, որտեղ Երևանն ու Բաքուն կփաստեն իրենց հավատարմությունը նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին, հարցը բանակցային գործընթացով և Մինսկի խմբի համատեքստում լուծելուն:

Սաֆարյանը համոզված է, որ այդ հանդիպմանը խոչընդոտում է Ադրբեջանը. - «Երևանը այդ հանդիպմանը դեմ արտահայտվելու որևէ նշան ցույց չի տվել: Եվ կարելի է ենթադրել, որ այս պահին խնդիրը Բաքվում է, ով փորձում է իր կապրիզներով հասկացնել տալ, որ մինչև Փարիզում չքննարկվի իրեն հաճելի հարց, բնականաբար, ինքը չի շտապում իր համաձայնությունը տալ»:

Ադրբեջանն էլ արձագանքել է

Ուորլիքի վերջին հայտարարությանն այսօր արձագանքել է նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը` մատնանշելով կոնկրետ հարցեր, որոնց լուծման համար ադրբեջանական կողմն ունի նաև հստակ չափանիշներ:

Նրա խոսքով` Ադրբեջանը բանակցությունների ընթացքում առաջարկել է հստակ ժամանակացույց կազմել գրավյալ տարածքների ազատագրման, դրանք Ադրբեջանի վերահսկողությանը հանձնելու, այդտեղից զորքերը դուրս բերելու, տեղական ինքնակառավարման մարմինների վերականգնում սկսելու հարցով, ինչից հետո միայն կարելի է քայլեր կատարել խաղաղ համակեցության ուղղությամբ:

Ղարաբաղցիների արձագանքը կոշտ է

Ղարաբաղցիները Ուորլիքի հայտարարությանը կոշտ են պատասխանում. ԼՂ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանն «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց, թե ամերիկյան կողմը ձգտում է Հայաստանի և Ղարաբաղի ֆիզիկական անվտանգության հաշվին ապահովել Ադրբեջանի ինքնիշխանությունը. - «Խնդիրն այն է, որ այսօրվա առաջարկները նպատակաուղղված չեն հարցի դրական փոփոխություններին և հարցի կարգավորմանը դրական ուղղությամբ: Դրա համար այդ մոտեցումները հայկական կողմի համար անընդունելի են»:

XS
SM
MD
LG